Sunday, April 20, 2008

"ՀԱՄԱՆՈՒՆԸ"

“Համանունը (The Namesake)։
Գրող՝ Ջումփա Լահիրի (Jhumpa Lahiri)։
Թարգմաիչ՝ Զոհռէ Խալիլի։
Ծաւալ՝ 360 էջ։

Այս գիրքը Իրանում երեք անգամ թարգմանուել է երեք տարբեր թարգմանիչների միջոցով, որոնցից մէկի թարգմանութիւնը երեք անգամ վերահրատարակուել է։ Ես կարդացել եմ Խալիլիի թարգմանութիւնը, նախապէս չիմանալով, որ առկայ է երկու այլ թարգմանութիւն եւս։

Հնդիկ գրող Լահիրին “Համանունը” վէպում նկարագրում է մի բենգալցի ընտանիքի Ամերիկայի Միացեալ Նահանգներում հաստատուելն ու ապրումները։

Ընատնիքի հայրը, երիտասարդ տղայ, հայրենի երկրում ունենում է արկած, որից հազիւ մահից փրկուելով, գաղթում է ԱՄՆ եւ կրթութիւն ձեռք բերում ու սկսում դասաւանդել մի համալսարանում։ Ապա նա վերադառնում է հայրենիք՝ պսակուելու մտադրութեամբ (Այս բաժինը ձեզ ոչ մի բան չի յիշեցնու՞մ։ Ձեր շրջապատում քանի քանի հայ էք ճանաչում, որ նոյն ձեւով են առաջնորդուել։ Գաղթել են ու մի քանի տարի յետոյ պսակուելու մտադրութեամբ վերադարձել Իրան, Հայաստան, Լիբանան, Սիրիա, պսակուել ու հարսին իրենց հետ տարել նոր երկիր)։

Տղան պսակւում ու անմիջապէս կնոջ հետ մեկնում է ԱՄՆ։ Բենգալցի զոյգը հետագայ տարիներին ունենում է մէկ տղայ ու մէկ աղջիկ։

Լահիրին վէպում պատկերում է այն, թէ ինչ ապրումներ է ունենում կինը օտար միջավայրում, ինչպէս բենգալցի ընտանիքի երեխաները, որոնք ծնուել են նոր երկրում, նոր միջավայրի ազդեցութեան տակ, արդէն այն չեն, ինչ կը լինէին, եթէ ծնուէին ու մեծանային հայրական քաղաքում։

Լահիրին այս վէպում արծարծում է գաղթականութեան բազմաթիւ հարցերից մի քանիսը։ Նա նկարագրում է մի աշխարհ, որտեղ մարդիկ են ու իրենց մտահոգութիւնները, գաղթականներ, որոնք իրենց սովորութիւններն ու աւանդութիւնները, լեզուն ու մշակոյթը պահպանելու մարտահրաւէրի առջեւ են կանգնած, օտարութեան ու մենութեան ցաւը, սերունդների տարբերութեան խնդիրները եւ ընդհանուր առմամբ մարդու ներաշխարհում առկայ ապրումները։

Ինչպէս տեսնում ենք գաղթականութեան հարցը միայն հայ ազգին յատուկ չէ։ Այս պարագային օրինակ հարց է առաջանում ի՞նչն է մղել հնդիկ գրողին այդպիսի նիւթի մասին գրել, եթէ ոչ հնդիկ գաղթականների մեծ հոսքը դէպի Արեւմտեան երկրներ ու նրանց դիմագրաւող խնդիրները։

Մեր ու օրինակ հնդիկների տարբերութիւնն այն է, որ նրանք թերեւս ուրախ կը լինեն, եթէ իրենց երկրից հարիւր միլիոն հոգի տեղափոխուեն Արեւմուտք, մինչդեռ մենք մեծ ցանկութեան դէպքում էլ այդ թիւը չենք կարող ապահովել, հետեւաբար ինչու՞ հնդիկ գրողը նմանատիպ հարց է տեսնում իր ազգի առջեւ։

Գաղթականների խնդիրները, որոշ տարբերութիւններով հանդերձ, մեծ մասամբ մնում են նոյն բաները, որոնցից ամենագլխաւորը ինքնութեան պահպանման հարցն է։

Վէպն ունեցել է մեծ յաջողութիւն։

Ինձ համար գրքում արծարծած հարցերը, թէեւ նորութիւն չէին, բայց հետաքրքիր էին, որովհետեւ այն արծարծւում էր արդի հասարակութեան մէջ, գեղարուեստական գրականութեան միջոցով, որտեղ չգիտես ինչին ինչը կը յաջորդի, հիմա ինչ կը պատահի եւ այլն։ Սակայն չգիտեմ գրքի ինչը դուրս չեկաւ՝ գրողի ոճը, թէ այն, որ գրողը կարող էր արծարծել այլ հարցեր եւս կամ խորանալ արծարծած որոշ հարցերում։ Յամենայնդէպս կարդալն անօգուտ չէ։

Լահիրին աւելի շատ յայտնի է իր “Ցաւերի թարգմանիչը” գրքով։

Լաւ մնացէք։

No comments: