Երեկ հրաւիրուել էի դասախօսութիւն կարդալու Հայաստանի մեր կառոյցի պատանեկան միութիւնների վարիչների համար։
Նիւթն էր “Կանոնագիրն ու կարգապահութիւնը”։ Հիմնական խօսքս կենտրոնացած էր այն մտքի վրայ, որ կուսակցութիւնը, այս պարագային պատանեկան միութիւնը, մի համակարգ է, հասակարակական համակարգ, որն ինչպէս մնացած բոլոր համակարգերը բաղկացած է տարբեր մասերից եւ կանոնագիրը ճշտում է այդ համակարգի տարբեր մասերի փոխյարաբերութեան ձեւերը, սահմանները, մասերից ամէն մէկի պարտականութիւններն ու իրաւունքները։
Կարգապահութիւն նշանակում է այն, որ այդ մասերից ամէն մէկն աշխատի իր տեղում, աշխատի ճիշտ ու կատարի այն, ինչն իր պարտականութիւնն է, որպէսզի համակարգն աշխատի անխափան, յանուն բոլորի նպատակների իրականացման։
Եւ այն, որ եթէ մասերից որեւէ մէկը չաշխատի պիտի նրան կարգի հրաւիրել կամ հեռացնել, ինչպէս այն տեղի է ունենում օրինակ ինքնաշարժի շարժիչի պարագային, որպէս մեխանիկական համակարգ, այն տարբերութեամբ, որ պատանեկան միութեան մէջ կարգի հրաւիրելը դաստիարակչական նպատակ ունի, իսկ ինքնաշարժի պարագային…յամենայնդէպս ոչ դաստիարակչական։
Իրօք պատասխանատու է վարիչների գործը, որովհետեւ նրանք գործ ունեն պատանի-պարմանուհիների հետ, այսինքն նրանց՝ ում անհատականութիւնն ու նկարագիրը ձեւաւորման ընթացքի մէջ է ու այդ պատճառով էլ վարիչները ոչ միայն պիտի իմանան կուսակցութեան պատմութիւնը, պատանեկան միութեան նպատակներն ու կանոնագիրն ու հազար ու մի ուրիշ բան, այլ պիտի ձեռք բերեն մանկավարժական գիտելիք ու հմտութիւններ։ Սա յոյժ կարեւոր է։
Այդ ամբողջը ձեռք են բերւում ընթերցանութեան, ուսումնասիրութեան ու փորձառութեան հետեւանքով։ Մանկավարժութեան պարագային մի ուրիշ կարեւոր բան էլ կայ, այն, որ դրա որոշ գծերը անպայման մարդու մէջ պիտի լինեն։
Ինչեւէ, յոյսով եմ դասախօսութիւնս օգտակար եղած լինի։
No comments:
Post a Comment