Երբ լսում եմ Իրանի անունը կամ մտածում եմ Իրանի մասին բազմաթիւ բաներ են գալիս մտքիս մէջ՝ մի մասը հաճելի, մի մասն էլ տհաճ։
Հաճելիներից մէկը գրախանութներն են ու գրքերը։
Թէ Թեհրանում, թէ Էսֆահանում կան փողոցներ, որտեղ կողք կողքի գոյութիւն ունեն բազմաթիւ գրախանութներ։
Իրանում տարեկան տպագրւում են բազմաթիւ հեղինակային եւ թարգմանական գրքեր՝ բազմազան նիւթերի վերաբերեալ, էլ բժշկագիտականից սկսած մինչեւ ճշգրիտ գիտութիւններ, մինչեւ մարդկային գիտութիւններ եւ այլն։ Սա կատարւում է պետական գրաքննութեան առկայաութեան պայմաններում։ Թարգմանութիւնները կատարւում են թոյլտւութեամբ ու առանց թոյլտւութեան։
Ցաւօք Հայաստանը տպագրուող գրքերի բազմազանութեամբ համեմատելի չէ Իրանի հետ։
Նախ Երեւանում գրախանութները մատնահաշիւ են, դրանք էլ մի կերպ փորձում են իրենց գոյութիւնը պահպանել։ Ապա եթէ զանց առնենք ազգային բովանդակութիւն ունեցող (հայոց պատմութիւն, հայոց լեզու եւ այլն) եւ հեղինակային գեղարուստական գրականութիւնը (բանաստեղծութիւններ եւ այլն), այլ բնագաւառներում տպագրուող գրքերի թիւը ոչ միայն շատ չէ, այլ շատ քիչ է ու վատ վիճակում։
Օրինակի համար Երեւանում կարող էք այցելել ցանկացած գրախանութ եւ հետաքրքրուել համակարգչային գիտութիւնների մասին գրքերի կապակցութեամբ։ Ձեզ ցոյց կը տան փոքրաթիւ գրքեր՝ 10, 20, 30։ Մինչդեռ Իրանում կան մասնագիտացուած խանութներ, այսինքն գրախանութներ, որոնք միայն համակարգչային գիտութիւններին վերաբերող գրքեր են վաճառւում, կամ միայն բժշկագիտական եւ այլն։ Պարզ է, որ այս պարագային գնորդի (ուսանող, հետազոտող, սովորական ընթերցող եւ այլք) ընտրութեան հնարաւորութիւններն աւելի շատ են։
Հետաքրքիր է իմանալ, որ Երեւանում վաճառուող անգլերէնի ուսուցման, գրականութեան կամ Օքսֆորդի բառարանների մեծ մասը բերուել են Իրանից։
Հայաստանահայերը ցանկութեան դէպքում օգտւում են ռուսերէն գրականութիւնից, որի մի մասը առկայ է Երեւանում, մեծ մասն էլ պիտի պատուիրեն կամ խնդրեն Ռուսաստանից իերնց բարեկամները, ընկերները եւ այլք, ուղարկեն իրենց համար։
Յամենայնդէպս, եւ Իրանում եղածս ժամանակ, եւ հետագային Իրան այցելելիս, ամենասիրածս գործերից մէկն այն էր (եւ է), որ այցելեմ գրախանութներ։ Ու թէեւ յաճախ որոշում էի “այս անգամ գնում եմ միայն նորութիւնների հետ ծանօթանալու եւ ոչ թէ գիրք գնելու համար”, բայց արի ու տես, որ նման դէպքեր, այսինքն առանց գիրք առնելու տուն վերադառնալը, բացառութիւններ են եղել։
Վերջին շրջանում Իրանում եղածս ժամանակ գնեցի ու կարդացի հինգ գիրք, որոնց մասին ուզում եմ համառօտ տեղեկութիւններ տալ.-
1.- “Համանունը”։
Գրող՝ Ջումփա Լահիրի
2.- “Ջրի այն կողմի ճանապարհորդագրութիւն (կամ գաղթականութեան հասարակագիտութիւն)”։
Գրող՝ Փառուիզ է Ռաջաբի։
3.- “Մտերմիկ հասարակագիտութիւն”։
Գրող՝ Հասան է Նառաղի։
4.- “Յետգրութիւններ “Մտերմիկ հասարակագիտութեան” մասին”։
Գրող՝ Հասան է Նառաղի
5.- “Չասուածները”։
Հարցազրոյց Հասան է Նառաղիի հետ։
Լաւ մնացէք։
No comments:
Post a Comment