Wednesday, April 30, 2008

ԵՍ ՈՒ “ԱՐԵՒԻԿ” ՀԱՄԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ (2)

Մեր համատիրութեան պաշտօնեան հայ ազգին ոչ բնորոշ վարքագծով, այլ խօսքով շուեցարական ժամացոյցի ճշգրտութեամբ, իւրաքանչիւր ամսուայ այսինչ օրը այնինչ ժամին թակում է մեր տան դուռը եւ պահանջում գումարը։ Նախանձելի կարգապահութիւն…

2004 թուականին 7 ամսով դադարեցրի վճարումներս, որովհետեւ շէնքի մուտքի աստիճաններն այնպէս էին մաշուել ու քանդուել, որ ձմրանը ձեան տեղումից յետոյ, դրանցով իջնելու կամ բարձրանալու համար պարզապէս պիտի սահնակ օգտագործէինք, այլ կերպ հնարաւոր չէր։ Կինս յղի էր։ Բարեկամներիցս երկուսը այդ աստիճաններից ընկան ցած, բարեբախտաբար լուրջ բան չպատահեց։

Գրաւոր դիմեցի համատիրութեանը։ Նրանք էլ կատարեցին նորոգութիւն, սակայն ձեւական։ Դիմեցի հարեւաններիս, որպէսզի գումար հաւաքենք ու մենք նորոգենք աստիճանները։ Ապարդիւն։ Մէկն ասում էր ես վարձով եմ նստած, միւսն ասում էր աշխատանք չունեմ, ուստի փող չունեմ, երրորդն ասում էր` աչքները դուրս, թող գան սարքեն ու …աստիճանները մնացին (ու մնում են) խարխուլ վիճակում, հարեւաններիս տրամաբանութիւնն էլ ինձ համար անհասկանալի։ Օրինակ “Աչքները դուրս, թող գան սարքեն”-ում ինձ համար պարզ չէ ու՞մ աչքը, համատիրութեանը՞։ Չի անում։ Իսկ եթէ ոչ մէկը չնորոգի աստիճանները, վերջը մենք` բնակիչներս կը սայթաքենք ու մեր աչքը դուրս կը գայ։ Շեղուեցի։

Համատիրութեան կողմից կատարուած ձեւական նորոգութիւնից յետոյ կրկին սկսեցի վճարումներ կատարել։ Ամառ էր։ Բարկութիւնս էլ մասամբ անցել էր։

2007-ի Դեկտեմբերի վերջին օրերից մի օր, շուեցարական յատկանիշներով օժտուած համատիրութեան պաշտօնեան եկաւ մեր տուն, գանձեց մինչեւ տարեվերջի գումարը։ Հարցրեց, որ արդեօք մենք ստացականները պահում ենք։ Պատասխանեցինք, որ այո, պահում ենք։ Հարցրեց, որ արդեօք կարող է տեսնել ստացականները։ Պատասխանեցինք` անշուշտ, ի հարկէ չկռահելով, որ ինչն է դրա նպատակը։ Ստացականներին չափազանց հպանցիկ հայեացք նետեց։ Ապա մի թուղթ դրեց բազկաթոռի վրայ, ուշադրութիւն դարձրէք չտուեց մեր ձեռքը, ու կանգնեց գնալու համար։ Թուղթը վերցրի ու կարդացի։ Յիշեցում էր, որ ես պարտք եմ համատիրութեանը 21200 դրամ ու եթէ մինչեւ մէկ ամիս չվճարեմ, ինձ հետ կը վարուեն համաձայն Հայաստանի Հանրապետութեան այսինչ օրէնքի։ Բան չասացի։ Նա գնաց։
Ստացականներն ունէի ու գիտէի ինչքան եմ պարտք։ Պաշտօնեան էլ փորձել էր իմանալ արդեօք մենք ունենք ստացականները ու գիտենք ինչն ինչոց է, թէ նա կարող է սահուն կերպով հասնել իր նպատակին։ Դրանով հանդերձ դիմել էր ռիսկի։

Անմիջապէս երկու նամակ մեքենագրեցի։
Առաջինով համատիրութեանը խնդրեցի ինձ տեղեկացնել պարտքիս մանրամասնութեան մասին։ Այն է` որ տարուայ որ ամիսները չեմ վճարել եւ ինչը չեմ վճարել։

Երկրորդ նամակով բացատրեցի շէնքի մուտքի աստիճանների վիճակը։ Նշեցի, որ մինչ այդ մէկ անգամ գրաւոր եւ բազմաթիւ անգամներ բանաւոր կերպով այդ մասին տեղեկացրել եմ իրենց եւ համաձայն ՀՀ “Բազմաբնակարան շէնքերի կառավարման մասին” օրէնքի, այսինքն հէնց այն օրէնքի, որով ինձ սպառնացել էին պատասխանատւութեան կանչել, պահանջեցի անյապաղ նորոգութիւն կատարեն, հակառակ պարագային եթէ ընտանիքիս անդամները որեւէ վնաս կրեն սայթաքելու հետեւանքով, պատասխանատւութիւնը համատիրութեանն է։ Վերջում աւելացրի, որ մինչեւ նորոգութեան աւարտը դադարեցնում եմ վճարումներս։ Նամակի պատճէնը Ազգային Ժողովի այսինչ պատգամաւորին։

No comments: