Երեկ գիշեր ժամը 11։00-ին մեր տան հեռախօսը զանգեց։
Ես։ Այ՞ո։
Անծանօթ մի կին։ Պրն. Սարգիս, Դուք էք։
Ես։ Այո։
Անծանօթ կինը։ Ես ձեր հարեւանուհիններից մէկն եմ։ Դուք ձեր բնակարանը վաճառաու՞մ էք։
Ես։ Այո։
Անծանօթ հարեւանուհիս։ Ի՞նչ է արժէքը։
Ես։ X չափ։
Անծանօթ հարեւանուհիս։ Շատ թանգ էք ասում։ Ես իմ բնակարանը վաճառել եմ Y չափ։
Ես։ Տիկին, բայց ես չգիտեմ ձեր բնակարանը քանի քառակուսի մետր է եղել, ինչ վիճակի մէջ է եղել, որտեղ է եղել…
Անծանօթ հարեւանուհիս։ Ես ձեր բնակարանը կը գնեմ այսքան։
Ես։ Դուք իմ բնակարանը տեսե՞լ էք։
Անծանօթ հարեւանուհիս։ Ոչ։ Պարզապէս հարեւանուհիներից մէկն էր ասում, որ վաճառում էք։
Ես։ Ադ արժէքով չեմ վաճառում։
Անծանօթ հարեւանուհիս։ Դուք լուրերին հետեւու՞մ էք։
Ես։ Ո՞ր լուրերին։
Անծանօթ հարեւանուհիս։ Գիտէք Ամերիկայի Միացեալ Նահանգներում տան գները իջնու՞մ են։
Ես։ Յետո՞յ։
Անծանօթ հարեւանուհիս։ Դա ազդելու է Հայաստանի տան շուկայի վրայ, այստեղ էլ տան գները կիջնեն։
Ես։ Իսկ Մորոկկոյում տան գները բարձրանում են։
Անծանօթ հարեւանուհիս։ Մորոկկոյու՞մ։
Ես։ Այո։
Անծանօթ հարեւանուհիս։ Բայց դա ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ։
Ես։ Նոյն կապը ինչ Ամերիկայի Միացեալ Նահանգները։
Անծանօթ հարեւանուհիս։ Չեմ հասկանում։
Ես։ Ես էլ ձեզ չեմ հասկանում։
Անծանօթ հարեւանուհիս։ Ձեզ մի բան ասեմ` Դեկտեմբերին Հայաստանում տան գները 50 տոկոսով իջնելու են։ Աւելի լաւ է հիմա վաճառէք Ձեր բնակարանը։
Ես։ Այդ դէպքում դուք ինչու՞չէք սպասում մինչեւ Դեկտեմբեր, որպէսզի ձեր գումարով երկու բնակարան գնէք։
Անծանօթ հարեւանուհիս։ Ես հիմա եմ բնակարան ուզում։
Ես։ Բայց մինչեւ Դեկտեմբեր ընդամէնը երեք ամիս է մնացել։ Մի տեղ վարձէք, յետոյ երկու բնակարան կը գնէք։
Անծանօթ հարեւանուհիս։ Ասացի հիմա եմ բնակարան ուզում։
Ես։ Ինչ ասեմ։
Անծանօթ հարեւանուհիս։ Ձեր շէնքի դիմացի նորակառոյց շէնքը տեսե՞լ էք։
Ես։ Այո։ (Այդ շէնքը գտնւում է իմ բնակարանից 50 մետր հեռաւորութեան վրայ եւ ներկայիս մի քանի յարկի առաստաղն է կառուցուած)։
Անծանօթ հարեւանուհիս։ Այդ շէնքում բնակարանը վաճառում են քառակուսի մետրը այսքան։
Ես։ Շատ արժան է, խորհուրդ կը տամ այդտեղ բնակարան գնէք։
Անծանօթ հարեւանուհիս։ Ես Ձեր շէնքում եմ ուզում։
Ես։ Տիկին, իմ բնակարանի արժէքը այդքան է ինչ ասացի։
Անծանօթ հարեւանուհիս։ Դուք վաճառող չէք։
Ես։ Որտեղի՞ց իմացաք։
Անծանօթ հարեւանուհիս։ Ես վատ գին չեմ առաջարկում։
Ես։ Տիկին, ձեր առաջարկածը իմ ասածից քսան հազար դոլար աւելի քիչ է։ Խորհուրդ կը տամ դիմել անշարժ գոյքի գործակալութիւններին։
Անծանօթ հարեւանուհիս։ Ես կարող եմ թողնել իմ հեռախօսահամարը, որպէսզի եթէ ձեր միտքը փոխուեց ինձ զանգէք։
Ես։ Պէտք չէ։ Իմ առաջարկած գինը վերջնական է։
Անծանօթ հարեւանուհիս։ Դուք վաճառող չէք։
Այսքան ուժեղ ու կուռ տրամբանութեամբ հարեւանուհիներ թերեւս քչերն ունեն։
Լաւ մնացէք։
No comments:
Post a Comment