Thursday, September 20, 2007

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՎՐԱՍՏԱՆ (4)

6.- Ամենակարեւոր բաներից մէկը, որի մասին ուզում եմ գրել հետեւեալն է։ Խօսեցի վրացի հիւրանոցատիրոջ հետ, եզդի մեքենավարի, հայ մեքենավարի, վրացահայ մեծահարուստի հետ (որը Դուբայից ապրանք էր տանում ու ծախում Բաքուին, Իրանի հետ առուտուր ունէր եւ այլն), մի լազի, մի աջարռի եւ այլք։ Այսինքն տարբեր նիւթական կարողութիւն ունեցող եւ տարբեր ազգերի պատկանող մարդկանց հետ։ Նրանք բոլորը Վրաստանի քաղաքացիներ էին։Նրանց հետ ծանօթացայ պատահականօրէն՝ ամէն մէկին մի քաղաքում։

Բոլորը միանշանակ ասում էին, որ Սահակաշուիլիի ժամանակաշրջանն անհամեմատելիօրէն աւելի լաւն է, քան Շուարդնաձէի։ Նոյնիսկ Աջառիայում ասում էին, որ Սահակաշուիլին աւելի լաւն է, քան Աբաշիձէն։ Ասում էին, որ Շուարդնաձէն ու Աբաշիձէն մաֆիոզներ էին,, որ փողը դնում էին իրենց գրպանները, որ Աբաշիձէի տղան համերներով (Hammer) Բաթումիի փողոցներում սանձարձակ կերպով պտտում էր, որ թմրանիւթի առուտուրի մէջ էր, որ Վրաստանը խրուած էր կաշառակերութեան մէջ, որ փողոցները քար ու քանդ էին եւ այլն։

Յիշեցնում եմ, որ խօսքը Սահակաշուիլիի ամերիկամէտ իշխանութեան մասին է եւ ոչ թէ Քոչարեանի "ազգային" ռուսամէտ իշխանութեան։

Հայաստանի ներկայիս իշխանութեան այսպէս ասած “ազգային” ուղեգիծը յաճախ այնպէս է ներկայացւում, որ ճիշտ կարծես մեր ժողովուրդը պիտի երախտապարտ լինի իշխանաւորներին` “ազգային” ուղեգիծ պահելու համար (Ի հարկէ ազգային հասկացութիւնն էլ նոր մեկնաբանութեան պէտք ունի, երբ մօտաւորապէս ամէն ինչ վաճառուել ու վաճառւում է ռուսներին եւ երբ...Այս մասին այլ առիթով)։ Ճիշտ կարծես դա Հայաստանի իշխանութիւնների պարտականութիւնը չէ, այսինքն մի պահ, թերեւս յուզմունքից, մոռացութեան է տրւում, որ ով էլ Հայաստանում գայ իշխանութեան գլուխ, պարտաւոր է պահպանել ազգային ուղեգիծը եւ եթէ Հայաստանի առաջին իշխանութեան օրոք դա այդպէս չի եղել, դա է, որ անբնական է եղել, որի պատճառով էլ ժողովուրդը պատժել է ժամանակի իշխանաւորներին` առնուազն նրանց իշխանութիւնից հեռացնելով (թէեւ նրանք դրանից աւելիին էին արժանի)։

Երբ Վրաստանում սովորական մարդկանցից եւ նաեւ իմ ծանօթներից լսում եմ, որ լուրջ պայքար կայ կաշառակերութեան դէմ եւ ճանապարհային ոստիկանութիւնը եօթ-ութ օրուայ ընթացքում նոյնիսկ մէկ անգամ մեր մեքենան չի պահում` մի կողմից ուրախանում եմ Վրաստանի համար ու միւս կողմից ցաւում եմ մեզ համար, այն պատճառով, որ Հայաստանի “ազգային” իշխանութեան օրոք օրէցօր մեր երկիրը աւելի շատ է խրւում կաշառակերութեան ճահիճում։
Վրաստանը մեզնից առաջ է ընկել ու սա այն պայմաններում, երբ Հայաստանի ներկայիս իշխանութիւնը Հայաստանը կոչում է “Կովկասի վագր”, իբր տնտեսական այնպիսի թռիչքներ ենք արձանագրում, որ այն համեմատւում է վագրի թռիչքի հետ։
Շատ ուրախ կը լինեմ, եթէ իմ տպաւորութիւնները սխալ լինեն։
(Կոբուլետի, Սեւ Ծովի ափ)

7.- Վրաստանում ապրում է մօտ 100000 հայութիւն։ Վիրահայերի մօտ հայերէնի լուրջ նահանջ կայ։ Ցաւօք ձուլումը մեծ չափերի է, սակայն բարեբախտաբար վերջին երկու-երեք տարիներում նոր սերնդի մօտ ազգային գիտակցութեան արթնացում է նկատւում։


No comments: