Saturday, September 15, 2007

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՎՐԱՍՏԱՆ (1)

Անցնող քանի օրերին ընտանիքով ճամբորդել էինք Վրաստան։ Չնախատեսուած ճամբորդութիւն էր։ Միանգամից ստացուեց։ Առաջարկեցին, ես էլ ընդառաջեցի։ Յառաջիկայ օրերին գրելու եմ այդ ճամբորդութեան մասին։ Սակայն նախ ամենավերջին գիշերուայ մասին։

Ինչո՞վ վերադառնանք Հայաստան։

Նկատի ունենալով, որ վերջին օրերը մենք անցակցրինք Կոբուլետիում (Սեւ Ծովի ափ), իսկ այնտեղից մինչեւ Երեւան հանրակառքով 12 ժամ է (նոյնքան մօտաւորապէս մինիաւտոբուսով), ճանապարհը լեռնային, ոլոր մոլոր, ցած ու վերեւ, սիրտխառնուք, ուստի նախ որոշեցինք փորձել օդանաւը։

Գնացի Բաթումիի օդանաւակայան։ Պարզուեց, որ Բաթումի-Երեւան թռիչք ընդհանրապէս չկայ։ Նախկինում եղել է, յետոյ ծրագրից հանել են ու էլ չկայ։

Ի՞նչ անել։ Որոշեցի վերադառնալ գնացքով։ Տեւողութիւնը 20 ժամ։ Մտածեցի առնուազն հանգիստ կը լինենք, կը կարողանանք քայլել, պառկել, ուտել, խմել։

Տոմս գնեցի։

Վրաստան-Հայաստան սահմանին մօտ Վրաստանի սահմանապահերը մտան գանցքի մէջ, ստուգեցին մեր անցագրերը (Passport), կնքեցին եւ վերադարձրին։ 20-30 րոպէ սպասեցինք Սադախլույում (Վրաստանի սահմանային կէտ)։ Անցանք սահմանն ու հիմա սպասում ենք, որ Հայաստանի սահմանապահները գան ու ստուգեն մեր անցագրերը։ Պատուհանից տեսայ Բագրատաշէնի մաքսային կէտը (Հայաստանի սահման)։ Մտածեցի հիմա կը գան, չեկան։ Հիմա կը գան, չեկան ու գնացքը գնում է։ Մէկ ժամ անց երեւացին պաշտօնեաները։

Այստեղ հարկ եմ տեսնում մի բացատրութիւն տալ։ Օտարերկրեայ քաղաքացիները, եթէ ունեն Հայաստանի կեցութեան յատուկ կարգավիճակ (անձնագիր) Հայաստան ներս ու դուրս անելիս մուտքի արտօնագիր պէտք չունեն (Visa), պարզապէս նրանց հայկական անձնագրում խփւում է ելք ու մուտքի կնիք։ Ես ու կինս այդպիսի անձնագիր ունենք։ Տղաս չունի ու քանի որ նա գրանցուած է կնոջս իրանական անցագրում (Passport), ուստի ամէն անգամ Հայաստան ներս մտնելիս պիտի մուտքի արտօնագիր (Visa) ստանայ (որը խփւում է կնոջս անցագրում (Passport))։ Ի դէպ նշեմ որ տղաս ծնուել է Հայաստանում ու ունի հայկական ծննդեան անձնագիր։ Դա մենք գիտենք, որովհետեւ նախկինում էլ ենք Հայաստանից դուրս ճամբորդել ու այդպէս ենք արել։

Այս անգամ էլ սպասում էի, որ սահմանի վրայ գնացքը կանգնի ու մենք իջնենք ու վիզա ստանանք։ Սակայն գնացքը ոչ մի տեղ չպահեց։ Հասանք Ալլավերդի։ Պաշտօնեաները եկան։ Ստուգեցին անցագրերն ու ասացին`”Պիտի իջնէք ու վերադառնաք Բագրատաշէն (մէկ ու կէս-երկու ժամ ճանապարհ) ու ստանաք մուտքի արտօնագիր”։ Գիշերուայ 9։30-ն էր։

Ի՞նչ անենք, վերադառնա՞նք Բագրատաշէն, ինչու՞։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետութիւնը Հայաստան-Վրաստան երկաթագծի սահմանի վրայ չունի ՕՎԻՐ-ի գրասենեակ (ՕՎԻՐ-ը Հայաստանի Հանրապետութիւնում այն վարչութիւնն է, որն զբաղւում է օտարերկրացիների վիզայի խնդիրներով)։

No comments: