Wednesday, September 26, 2007

ONE HUNDRED YEARS OF SOLITUDE

Մօտ տասը տարի առաջ (կամ աւելի, ճշգրիտ չեմ յիշում) կարդացել եմ Գաբրիէլ Գարսիա Մարկէզի “Հարիւր տարուայ մենութիւն” գիրքը` պարսկերէնով։ Թէեւ խոստանում եմ, որ մեծ մասը չհասկացայ, բայց մի տեսակ հոգեկան բաւարարութիւն զգացի, մեծ հաճոյք ստացայ ու զգացի, որ այն գրուել է մեր համայնքի մասին (Նոր Ջուղա)։ Ընդհանուր առմամբ Մարկէզ շատ եմ սիրում։

Հետագային մի յօդուածում կարդացի, որ գիրքը չըմբռնելը միայն իմ դժուարութիւնը չի եղել։ Բոլորն էլ նոյն դժուարութիւնն ունեն ու “Հարիւր տարուայ մենութիւն”-ը հասկանալու համար խորհուրդ է տրւում այն կարդալ երեք անգամ` մէկ անգամ փոքր տարիքում, մէկ անգամ քառասուն տարեկանում, մէկ անգամ էլ խոր ծերութեան մէջ…

Այժմ ես այն կարդում եմ երկրորդ անգամ, թէեւ անցնող տարիների ընթացքում բազմաթիւ անգամներ գրքի տարբեր հատուածները ընթերցել ու վերընթերցել եմ։

Իսկ ի՞նչն է այն կրկին ընթերցելու պատճառը։

2003 թուականի երիտասարդական համահայկական բանակումին մասնակցում էր Ալէխանդրօն Արժանթինից։ Ալէխանդրօն գրախանութ ունի Բոէնոս Այրէսում։ Իրար հետ խօսեցինք Ֆուտբոլի ու գրականութեան, պարզ է նաեւ Հարաւ-Ամերիկեան գրականութեան ու պարզից էլ պարզ է` նաեւ Մարկէզի մասին։

2007 թուականի երիտասարդական համահայկական բանակումին մասնակցում էին երկու երիտասարդներ Արժանթինից, որոնց հետ Ալէխանդրօն ինձ նուէր էր ուղարկել Մարկէզի վերոյիշեալ գրքի անգլերէն տարբերակը։

Սկսեցի գիրքը թերթել ու մէկ էլ տեսնեմ հասել եմ 21-րդ էջին։ Ուրեմն պիտի շարունակել։ Սա էլ գիրք կարդալու առիթը։ Շնորահակալութիւն Ալէխանդրոյին ինձ յիշելու եւ այդքան արժէքաւոր գիրք նուիրելու կապակցութեամբ։

Ահա մի հատուած վէպի հերոսներից երկուսի երկխօսութիւնից.-

“We will not leave,” she said. ”We will stay here, because we have had a son here.”

“We have still not had a death,” he said. “A person does not belong to a place until there is someone dead under the ground.”

Ursula replied with a soft firmness:

“If I have to die for the rest of you to stay here, I will die.” (Page 14)

Ի՞նչ եղաւ վերջը։ Կարդացէք գիրքը։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Մտածում եմ գիրք նուէր տալու սովորութեան մասին։ Ըստ երեւոյթին այն վաղուց վերացել է մեր միջից։ Մի պահ յիշենք վերջին անգամ երբ ենք գիրք նուէր ստացել ու երբ ենք գիրք նուէր տուել։ Պիտի փորձենք այդ գեղեցիկ սովորութիւնը վերականգնել։

No comments: