Իսկ “ի՞նչ են անում այն օտարերկրացիները, որոնք պիտի վիզա ստանան” հարցրի ես։ “Կամ սահմանի վրայ գնացքից թռնում են ցած ու ոտքով գնում Բագրատաշէն” կամ էլ “հասնում են Ալլավերդի ու իջնում գնացքից ու մեքենայով վերադառնում Բագրատաշէն”, սա եղաւ պատասխանը։
Այսպիսի բաներ մէկ գիտաերեւակայական ու ֆանտաստիկ ժանրի կինոյի մէջ կարելի է հանդիպել, մէկ էլ Հայաստանի Հանրապետութիւնում։ Ականջդ կանչի Ժիւլ Վեռն…
Երկրի սահմանն անցնես, մի երկու ժամ էլ խորանաս երկրի մէջ, յետոյ վերադառնաս վիզայի համար, ինչու՞, որովհետեւ սահմանային կէտ չկայ։ Պատկերացնում էք օրինակ Թեհրանից օդանաւով գաք Երեւան, յետոյ ձեզ մեքենայով ուղարկեն Մեղրի` ցամաքային սահմանի վրայ վիզա ստանալու։
Մի քանի րոպէ պաշտօնեային, որը սպայ էր, մեղմ ձայնով, հանգիստ փորձեցի բացատրել, որ իր ասածը անտրամաբանական է, որ տղաս ջերմութիւն ունի եւ մեզ համար շատ դժուար է վերադառնալ սահման։ Սակայն ի զուր։ Ասացի, որ թող ինքը հաստատի, որ տղաս հէնց այն է, ով կայ կնոջս անցագրում եւ ես մենակ վերադառնամ Բագրատաշէն, որ ես գիտեմ, որ ինքը պարզապէս պաշտօնեայ է ու կատարում է իր գործը, սակայն նա պէտք է մտնի մեր դրութեան մէջ։ Սակայն ի զուր։ Անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ մարդն ուզում էր մի բան անել, բջջայինով կապւում էր շէֆին, նա էլ ասում էր` ոչ։
Մէկ էլ պայթեցի։ Սկսեցի բոռալ։ Գնացքի ամբողջ ճամբորդները հաւաքուել էին։ Մի քանի ոստիկան բարձրացան։ Այնպէս էի բոռում, որ ոստիկանները շշմել էին։
Իջայ գնացքից ու սկսեցի աւելի բարձր բոռալ։
Ալլավերդիի ժողովրդից միայն 90 տարեկանից բարձրերը չէին եկել, մէկ էլ երկու տարեկանից ցածերը։ Մնացածը հաւաքուել էին շուրջս։ Պաշտօնեաներն էլ, որ սկզբում փորձեցին բոռալով ինձ նստեցնել տեղս, տեսնելով, որ իրենց բարձր ձայնին պատասխանում եմ էլ աւելի բարձր ձայնով` նահանջեցին։
Գիտէի, որ պիտի վերադառնամ, սակայն շատ էի զայրացել ու չէի ուզում հեշտ յանձնուել։
Մօտ մէկ ժամ անցաւ։ Գնացքը տեղից չէր շարժւում։ Հաւաքուած մարդիկ իրար ու պաշտօնեաների հետ վիճում էին։ Սպան մօտեցաւ ինձ ու ասաց` “Ընկեր, ի՞նչ անենք”։ Ասացի` “Եթէ պիտի գնանք, գնանք”։ Ասաց` “Այդ պարագային Դուք պիտի մեքենայ կանչէք”։ Ասացի` “Այսինքն ես իմ միջոցներով պիտի վերադառնամ Բագրատաշէն”։ Ասաց` “Այո”։ Ասացի` “Ընկեր ջան, լաւ լսիր, սա ձեր խնդիրն է։ Կամ մեքենայ բերէք մեզ տարէք կամ էլ ես այստեղ սպասում եմ, գնացէք վիզա բերէք”։ 10 րոպէ անց մօտեցաւ ու ասաց, որ ոստիկանութեան մեքենան եկել է, գնանք։ Ընտանիքով սպայի ու մի ուրիշ պաշտօնեայի հետ վերադարձանք Բագրատաշէն։
Բագրատաշէնի սահմանային կէտում մի ուրիշ սպայ անմիջապէս մօտեցաւ մեզ ու ասաց, որ “Ձեր մէջ բողոքո՞ղ է եղել”։
Ես։ Այո, ես եմ բողոքել ու բողոքում եմ։
Նոր սպան։ Ես կարող եմ Ձեզ վերադարձնել Վրաստան։
Ես։ Չես կարող։
Նոր սպան։ Կարող եմ։
Ես։ Իմ փաստաթղթերը ճի՞շտ են։
Նոր սպան։ Այո։
Ես։ Կնոջս փաստաթղթերն ի՞նչ։
Նոր սպան։ Այո։
Ես։ Ես Ձեզ տեղեկացնում եմ, որ այս երկու տարեկան երեխեան ապօրինի կերպով հատել է Հայաստանի սահմանը ու մտել երկիր, նրան ձերբակալէք։
Նոր սպան։ Գի՞ժ ես։
Ես։ (Բոռաաաաաաալով)։ Չէք ամաչում։ Մարդը երկու հարիւր կիլոմետր մտնի Հայաստանի մէջ ու նոր նրան ասէք վիզա չունես։
Նոր սպան։ Ձեր գնացքում մի կանադացի մարդ ու կին են եղել, որ վիզայի համար գնացքից թռել են ցած։
Ես։ Իսկապէս չէք ամաչում։ Բայց կարող է թռնէին ցած ու չգային այստեղ, այլ գնային այլ տեղ, գնային Երեւան, կարող է զբօսաշրջիկ չլինէին ու ահաբեկիչ լինէին, դա ազգային անվտանգութեան հարց է։
Նոր սպան։ Երկաթագծի վրայ մենք վիզայի գրասենեակ չունենք։ Դուք չպիտի գնացքով ճամբորդէք։
Ես։ Ես ուզում եմ նաւով գալ Հայաստան, դուք պարտաւոր էլ բոլոր սահմանային կէտերի վրայ ունենալ վիզայի գրասենեակ։ Եթէ ոչ` մարդուն սահմանի վրայ պահէք ու ասէք իրաւունք չունէս մտնել երկիր, ոչ թէ մարդը մտնի երկրի խորքերը, յետոյ ասէք վերադարձիր։
Եզրակացութիւն։ Մուտքի արտօնագիր ստանալու գործընթացը տեւեց երեք-չորս րոպէ։ Վիճաբանութիւնը երկար։ Գիշերուայ 12։00-ն էր։
Յետոյ գնացքի մէջի սպան ինձ մօտեցաւ ու ասաց, որ “Ընկեր, ես ուզում եմ դու հաւատաս, որ ես լաւ մարդ եմ, պարզապէս համակարգը խնդիր ունի, դու մեզ ես բողոքում, իսկ մենք ու՞մ բողոքենք”։ Նրան ասացի, որ նրան չեմ ճանաչում ու չգիտեմ լաւ մարդ է թէ վատ մարդ, պարզապէս իրավիճակը ծիծաղելի է։ Սպան հեռախօսով սակակառք (taxi) կանչեց ու մենք վերադարձանք Երեւան, անշուշտ այս անգամ մեր հաշուին։
Ինչու՞ գրեցի այս ամբողջը։
Չգրեցի ինձ համար պատահած խնդիրների կամ էլ սխրագործութիւններիս մասին պարզապէս պատմելու համար, այլ այն, որ նախ եթէ կայ Հայաստանի ոչ քաղաքացի, որն ուզում է գնացքով մտնել Հայաստան, իմանայ որ այսպիսի հարցեր կան, ապա բոլորս իմասին իմանանք մեր երկրի սահմանային կէտերի եւ վիզա ստանալու հետ կապուած հարցերի մասին եւ ի վերջոյ կիսւեմ ընթերցողներիս հետ։
Լաւ մնացէք։
Յ.Գ. (1) Եթէ գնալուց ձեւականօրէն նայեցին մեր ճամբրուկները (գնացինք մեքենայով), վերադարձին սկսած Կոբուլետիի (Վրաստան) գնացքի կայարանից մինչեւ Երեւան (ինձ հետ էին իմ բարեկամները, որոնք շարունակեցին ճանապարհը մինչեւ Երեւան եւ հաստատում են իմ ասածը), ոչ ոք չնայեց մեր ճամբրուկները։ Այսինքն մարդիկ Վրաստանից գնացքով մտնում են Հայաստան եւ որեւէ մէկը նրանց չի հարցնում, որ ձեր ճամբրուկում ինչ ունէք ու չի նայում նրանց ճամբրուկները։ Սա ազգային անվտանգութեան հարց է։ Երկու ձեւ կայ։ Կամ մեր Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնն այնքան ուժեղ է, որ մարդկանց ու նրանց ճամբրուկները չստուգած էլ գիտի ով ով է ու ինչ է անում, կամ էլ մեր ժողովուրդն այս երկրում ապրում է Աստծոյ յոյսին ու բախտի բերմամբ։
Դեռ չեմ խօսում Մաքսային Վարչութեան մասին։ Օրինակ գնացքի պատին փակցրած էր մի գրութիւն, որտեղ նշւում էր ինչ կարելի է տանել Հայաստան եւ ինչ չափով։ Օրինակ վրացական գինի` երկու շիշ։ Իսկ հետաքրքիր է իմանալ նրանք իմ ճաբրուկները չստուգած որտեղից իմացան ես երկու շիշ գինի ունեմ թէ տաս շիշ թէ ընդհանրապէս չունեմ։
Յ.Գ.(2)։ Երբ բոռալներիս մէջ դադար էի տուել մէկ էլ մի մարդ երկու-երեք աման ձեռը մօտեցաւ ինձ ու ասաց “Ապէր, թութ չես ուզում, ընտիր թութա, էժան կը տամ”…
No comments:
Post a Comment