Sunday, May 25, 2008

ԵՒՐԱՏԵՍԻԼ 2008

Երեկ գիշեր տեղի ունեցաւ “Եւրատեսիլ 2008”-ի մրցոյթը, որտեղ Հայաստանը նուաճեց չորրորդ տեղը։

43 երկրների մէջ գրաւել չորրորդ տեղը, համաձայնէք, յաջողութիւն է։

Թէ ինչքան է Սփիւռքահայութեան տուած քուէների դերը, որոնք անկախ այն բանից թէ ով է երգում եւ ինչ է երգում՝ քուէ են տալու Հայաստանին, կարծում եմ, որեւէ մէկը չի կարող միանշանակ ասել, սակայն ինչ էլ որ լինի՝ յաջողութիւնը մնում է յաջողութիւն, որի համար պիտի ուրախանալ։

Պարզ է, աւելի ուրախալի կը լինէր, եթէ առաջին դառնայինք։ Ոչինչ։ Միւս անգամ։

Յամենայնդէպս այս կապակցութեամբ մի քանի կէտի ուզում եմ անդրադառնալ.-

1.- Մի քանի օր առաջ “Հ1”-ի հաղորդավարներից մէկն ասում էր, “մեր երգչուհու հագուստը ռուս այսինչ յայտնի դիզայների* աշխատանքն է”։

Քիչ յետոյ, “երգչուհու երգը ձայնագրուել է Մոսկուայի այնինչ յայտնի ստուդիայում**”։

Մի քանի վայրկեան անց՝ “Շոուն*** ռուս այնինչ յայտնի պարուսոյցի աշխատանքն է”…

Էլ չեմ դիմանում, փոխում եմ հեռուստաալիքը։

Ես հակառուս չեմ, հէնց այնպէս որ հակաամերիկացի չեմ, հակաֆիլիպինցի չեմ, հակաճապոնացի չեմ, բայց մտածում եմ, այսքան ռուսասիրութիւն կեանքի բոլոր, անխտիր բոլոր բնագաւառների կապակցութեամբ, երբ պիտի թոթափի մեր ազգն իր հոգու, իր բջիջների միջից։

Սա հօ անվտանգութան հարց չի, որ մեր սահմանները մենք չենք կարողանում պահել, պահում են ռուսները։ Ամէն ինչում կախուած լինել Ռուսաստանից, նոյնիսկ երգի ու պարի բնագաւառում։ Այսինքն մենք նոյնիսկ պարուսոյց չունե՞նք, նոյնիսկ հագուստ ձեւաւորող չունե՞նք։ Եթէ չունենք, ապա ինչու՞ անպայման գնալ Ռուսաստան, գնանք Իտալիա, Ֆրանսիա, այսքան երկիր կայ։ Բայց մինչ այդ, իսկապէս չունե՞նք, թէ՞ հոգեբանական բարդոյթներ ունենք։

“Արմենտելը” ծախում ենք ռուսին, ”Վիվասելը” ծախում ենք ռուսին, սահմանը պահում է ռուսը, գազը գնում ենք ռուսից, երկաթագիծը ծախում ենք ռուսին, հագուստը ձեւաւորում է ռուսը, երգը ձայնագրում է ռուսը, պարը սովորեցնում է ռուսը…

Մենք անկա՞խ ենք, մեր ներաշխարհը նկատի ունեմ։

Դիզայներ։ Ձեւաւորող։
Ստուդիա։ Ձայնագրման կենտրոն։
Շոու։ Այստեղ նկատի ունի պարային ելոյթը։

2.- Մրցոյթից առաջ “Հ1”-ի տաղաւարներից մէկում հրաւիրուել էին երգի ու երաժշտութեան բնագաւառի մարդիկ՝ երգիչ-երգչուհիներ եւ այլք։ Հաղորդավարը նրանց տեսակէտն էր հարցնում։

Երգիչներից մէկն ասաց՝ “Սիրուշոյի բախտից այս տարի բաւականին տաղանդաւոր երգիչներ են մասնակցում մրցոյթին, գործը դժուար է լինելու”։

Մտքումս հարց առաջացաւ, որպէսզի առաջին դառնանք, պիտի բախտ ունենա՞նք, որ մրցոյթին մասնակցեն անտաղանդ երգիչներ, թէ տաղանդաւորների մէջ մենք պիտի լինե՞նք ամենատաղանդաւորը։

3.- Մի երկու օր առաջ հանդիպեցի ընկերներիցս մէկին, որն ընտանիքով քայլում էր փողոցում։ Զրոյցի բռնուեցինք ու խօսքը հասաւ Եւրատեսիլին։ Հարցրեց, “Կուզէ՞ս Հայաստանը առաջին դառնայ”։ Պատասխանեցի՝ “Բնականաբար։ Իսկ դու՞”։ Ասաց՝ “Ես՝ ոչ, շրջապատս էլ։ Գիտես ինչու՞։ Որովհետեւ մեր պարտութիւնը հարուած կը լինի Հայաստանում երգի ու երաժշտութեան բնագաւառի մաֆիային։ Թէ Անդրէն, թէ Հայկօն եւ թէ այժմ Սիրուշոն արդար ընտրութեամբ չեն ընտրուել ու ժողովրդի կարծիքը ոչ ոք չի հարցրել։ Նրանք ներքին պայմանաւորուածութիւնների արդիւնք են”։

Անշուշտ չհամաձայնեցի։ Ահա տեսակէտս՝ այն, որ Հայաստանում երգի ու երաժշտութեան ոլորտում էլ, ինչպէս մնացած բոլոր ոլորտներում առկայ է խումբ, խմբակցութիւն ու խմբակցային շահեր ու այդտեղ էլ մեծ գումարներ են պտտում, համաձայն եմ, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի գնանք ծայրայեղութեան ու մեր ներքին հարցերի պատճառով ցանկանանք, որ մեր երկիրը առաջին չդառնայ, այս տեսակ մօտեցումն իմ կողմից մերժելի է։

Յամենայնդէպս այդ մասին գրեցի, ասելու համար, որ ահա այդպիսի տեսակէտներ էլ կան։

Լաւ մնացէք։

No comments: