Saturday, May 31, 2008

“ՄՏԵՐՄԻԿ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ" (1)

“Մտերմիկ* հասարակագիտութիւն (ինչու՞ ենք անճար**)”։
Գրող՝ Հասան է Նառաղի։
Ծաւալ՝ 155 էջ։
Տպագրութիւն՝ տասնըութերորդ։

Այս գիրքը Իրանում առաջին անգամ տպագրուելուց յետոյ միանգամից մեծ ժողովրդականութիւն է ձեռք բերել, որը զարմացրել է բոլորին, ընդորում նաեւ գրքի հեղինակին։ Տասնըութ անգամ տպագրուելն էլ դա է վկայում։

Գրողը, հասարակագէտ չէ եւ նոյնիսկ այդ բնագաւառում համալսարանական կրթութիւն չունի։ Նա ԱՄՆ-ում կիսատ է թողել օդաչուական դասընթացները, Թեհրանում աւարտել է ճարտարապետութիւն, սակայն գործնականում զբաղուել է առեւտրով, աշխատելով Իրան-ԱՄՆ-Կանադա-Դուբայ երկրների հետ՝ ներմուծուման ու արտածուման բնագաւառում, հետեւաբար նա գործարար-կառավարիչ է (Buisnessman-Manager)։ Այցելել է աւելի քան հարիւր երկիր։

Իրանի յետամնաց ու թերաճ վիճակը, պատճառ է դարձել, որ Նառաղին սկսի մտածել, թէ ինչու է իր հայրենիքը, հակառակ գոյութիւն ունեցող բնական հարստութեանը, այդ վիճակում գտնւում։ Եւ սկսել է ուսումնասիրել Իրանի պատմութիւնը ու խորանալ Իրանի ժողովրդի հոգեբանութեան ու նկարագրի մէջ։

Գրքի վերնագիրը՝ “Մտերմիկ հասարակագիտութիւն”, ընտրուել է այն բանի համար, որ նախ գրողը, ինչպէս ասացի դասական հասկացողութեամբ համալսարանաւարտ հասարակագէտ չէ եւ միւս կողմից գրքի լեզուն չափազանց պարզ է, այլ խօսքով մտերմիկ զրոյց է։

Գրքում արծարծւում են հետեւեալ նիւթերը “Ինչու՞ ենք օտար պատմութեանը”, “Մեր գաղտնապահութիւնն ու ճշմարտութիւնից փախչելը”, “Մեր ձեւականութիւնը”, “Մեր անծրագրաւորուածութիւնը”, “Մեր անպատասխանատւութիւնը”, “Մեր ամենագիտութիւնը”, “Իրանցիներն ու դաւադրութեան մշտական ցնորքը” եւ այլն։ Գիրքը բաղկացած է տասնըեօթ գլխից։

Եթէ յարմար առիթ ստեղծուէր անպայման այս գիրքը կը թարգմանէի հայերէնի, որովհետեւ իմ կարծիքով շատ ու շատ նմանութիւններ կան երկու ժողովրդների մէջ ու այն շատերին պէտք կը գար։

* Վստահ չեմ, որ բառը ճիշտ եմ թարգմանել, նկատի ունենալով, որ ձեռքիս տակ չունեմ պարսկերէն-հայերէն բառարան, որպէսզի կարողանամ հայեացք նետել ու համեմատութիւններ անել, յամենայնդէպս այս պարագային մտերմիկ, հարազատ, մերոնք-մերոնցով, ոչ պաշտօնական։

** Չեմ պնդում թարգմանութեանս ճշտութեան վրայ՝ անճար՝ անել վիճակում։

No comments: