Friday, May 2, 2008

ԵՍ ՈՒ “ԱՐԵՒԻԿ” ՀԱՄԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ (3)

Կնոջս խնդրեցի նամակները տանի յանձնի համատիրութեանը եւ պահանջի նամակների գրանցման թուերը, խուսափելով հաւանական վէճից։

Եւ ահա ինչպէս ասում են` կենացները քաղցրանում են։

Կինս նամակները Նոր Տարուանից երեք օր առաջ տարաւ համատիրութիւն։ Նստած են համատիրութեան նախագահն ու երեք պաշտօնեայ։ Նամակները կարդում են եւ խառնւում իրար։ Կինս ասում է վատ է զգացել, երբ տեսել է, որ մեծ տարիքի մարդիկ այդպէս խառնուել են իրար։ Հաշուապահն ասել է, որ “մենք տուեալ պաշտօնեային ասել ենք, որ ձեր յիշեցման մէջ գրուած գումարը վրիպման ու սխալի հետեւեանք է։ Իրականում դա այդքան չէ։ Մենք նոր յիշեցում ենք պատրաստել, որն ահա սեղանի վրայ է։ Ու փնտրում, փնտրում ու չի գտնում նոր յիշեցումը։ Ի վերջոյ ասում է, որ ձեր պարտքը այնքան որ յիշում եմ 12000 դրամի սահմաններում է։ Ճշգրիտ չեմ յիշում։ Կրկին պիտի հաշուարկ կատարեմ”։

Կինս պատասխանում է, “խնդրում եմ ինձ տալ նամակներիս գրանցման թուերը եւ նամակներիս պատասխանել գրաւոր”։

Նախագահը դուրս է գնում գրասենեակից։ Միւս պաշտօնեան սկսում է կնոջս համոզել, որ մարդն ասում է սխալուել ենք, դուք ասում էք նամակիս գրանցման թիւը տուէք։ Սխալուել ենք էլի։

Ի վերջոյ կնոջս պնդումներն առ այն, որ նամակները գրանցեն ու գրանցման թուերը տան իրեն` մնում են ապարդիւն։ Նա վերադառնում է տուն։ Գիշերուայ ժամը 10։20 հեռախօսը զանգում է։ Համատիրութեան հաշուապահն է, որ կատարել է նոր հաշուարկ եւ պարզել է, որ մեր պարտքը 10000 դրամ է։

Ուրեմն մինչեւ այստեղ մենք շահեցինք 11200 դրամ ($1 ԱՄՆ = 308 ՀԴ)։

Գա՞նք այն եզրակացութեան, որ մարդիկ քցել բռնել են, որ դեհ պարզամիտ մարդիկ են, օրէնքից էլ անտեղեակ, Նոր Տարին էլ մօտ է, մենք էլ ծախս ունենք, վատ չի լինի մի քսան պարզամիտների այսպիսի նամակներ տանք, Նոր Տարուայ ծախսը դուրս կը գայ։ Այսպէ՞ս եզրակացնենք, թէ՞ մտածենք մարդ են էլի, հաշիւ անելիս, սխալուել են, չէ որ ամէն մարդ էլ կարող է սխալուել։

Երկրորդ ձեւով կը մտածէի, եթէ տարուայ ընթացքում նմանատիպ սխալ հաշուարկներով մարդիկ մեր տան դուռը թակէին մէկ երկու անգամ։

Մինչեւ այսօր մենք ոչ ստացել ենք մեր նամակների գրանցման թուերը, ոչ մեր նամակների գրաւոր պատասխանները, ոչ էլ սկսել է նորոգութիւնը։

Ու ահա մի քանի օր առաջ մէկ էլ շուեցարական ժամացոյցի ճշգրտութեամբ աշխատող ու գումար հաւաքող պաշտօնեան թակում է մեր տան դուռը եւ պահանջում գումար։

Ես տանը չեմ եղել։ Կինս պահանջել է նամակների գրանցման թուերն ու պատասխանները եւ պաշտօնեան էլ զարմացել է, որ միթէ նամակների պատասխանները գրաւ՞որ ենք ուզում։
Չգիտեմ պաշտօնեան իրեն է յիմարի տեղ դրել թէ մեզ։

Ինչու՞ գրեցի այս ամբողջը։

Նմանատիպ դէպքերը, ցաւօք, շատ շատ են՝ սկսած մեքենան բենզին լցնելիս աշխատաւորի կողմից 20 լիտրի փոխարէն 17 լիտր լցնելուց, մինչեւ եօթ հարիւր գրամ ադամաթուզը մէկ կիլոյի տեղ ծախելուց, մինչեւ …։ Յարմար առիթով կանդրադառնամ ուղղակի մեզ պատահած այլ դէպքերի եւս։

Վերոշարադրուածը գրեցի յուշելու համար Հայաստանում բնակարան ունեցողներին, որ ոչ միայն դէն չքցեն իրենց տարատեսակ ստացականները (գազ, ջուր, աղբահանում, …), այլ ուշադիր լինեն վճարումներ կատարելիս։ Թէեւ ինչ էլ որ անես, վերջը մի տեղ քցուելու ես, ինչպէս ինձ ու շատ շատերին է պատահել անգամներ։

Լաւ մնացէք։

Յ.Գ.(1) Երեկ գնումներ եմ կատարել Կոմիտասի պողոտայում գտնուող “7” անունով մթերային խանութից (սուպեր մարկետ)։ Գնումների դիմաց ինձ տրուել է ստացական։ Դուրս եմ եկել խանութից ու զգում եմ, որ գնածս ապրանքների գինը վճարածիցս աւելի քիչ պիտի լինի։

Նայում եմ ստացականը եւ նկատում, որ մէկ տուփ մրգահիւթի փոխարէն հաշուարկուած է երկու տուփ մրգահիւթ։ Վերադառնում եմ եւ գումարն ստացած աղջկան ասում այդ մասին։ Աղջիկն էլ պատասխանում է, որ “կը ներէք, մեր հաշուիչ մեքենան երբեմն մէկ թիւը երկու է գրանցում”, եւ վերադարձնում է ինձ գումարը։

Աղջիկը վերադարձրեց ինձ իմ գումարը, բայց պատասխանը խորհելու առիթ տուեց։ Եթէ դուք գիտէք, որ ձեր հաշուիչ մեքենան փչացած է ու երբեմն մէկը երկու է գրանցում, ուրեմն ստացականը տպելուց յետոյ բարի եղեք վերջին անգամ ձեր աչքերով նայել ու ստուգել, որ ամէն ինչ ճիշտ է։

Եւ ի վերջոյ՝ ինչպէ՞ս է, որ երբեք չի պատահում, որ հաշուիչ մեքենաները երկուսը մէկ գրանցեն։

Յ.Գ. (2) Երբեմն մտածում եմ` մարդ կեանքը ինչ բաների վրայ է պարտաւորւում վատնել։ Այնքան գործ կայ անելու…

Լաւ մնացէք։

No comments: