Friday, June 11, 2010

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԴԷՄ ՑՈՅՑ (2)

Կառավարութեան նիստերի դահլիճի դիմաց, որտեղ ներկայիս տեղի են ունենում Ազգային Ժողովի նիստերը հաւաքուած ժողովուրդը ծափահարում էր այն պատգամաւորներին, որոնք դէմ էին օրինագծին եւ սուլուցներով ընդունում այն պատգամաւորներին, որոնք կողմ էին։

Եւ հետաքրքիր էր պատգամաւորների հակազդեցութիւնը։

Իշխանական թեւից շատերը առանց ձախ ու աջ նայելու շտապում էին մտնել դահլիճ։

Ընդդիմադիրները մօտենում էին բազմութեանը եւ մի երկու խօսք փոխանակում։

Նախագահի եղբայրը կանգնեց, նայեց ժողովրդին եւ լրատուամիջոցներից մէկի ձեւակերպմամբ՝ երեք մատից բաղկացած համակցութիւն ցոյց տուեց ու գնաց։ Բնականաբար դա էլ աւելի գրգռեց բազմութեանն ու սուլուցները բազմապատկուեցին։

Ի դէպ այսօր էլ Սփիւռքահայերին տականք կոչող հանրապետական Գալուստ Սահակեանը պաշտպանեց իր գործընկերոջը։

http://7or.am/hy/news/2010-06-11/15047/

Եւ ի հարկէ պիտի հարցնել Սահակեանին ո՞վ սկսեց յարձակումը՝ ով կեղծեց ընտրութիւններն ու յանուն իշխանութեան Թուրքիայի առաջ ծնկի եկաւ ու Ադրբեջանին զիջումներ է անում ու մայրենին է վաճառքի հանել ու ... Այլ խօսքով ժողովրդի արձագանքը ինչի՞ հետեւանք է։

Մէկ այլ հանրապետական պատգամաւոր չկարողացաւ զսպել զայրոյթը, մօտեցաւ բազմութեանն ու բազմութեան միջից կանչեց մէկին ու ասաց՝ "Դաւաճանը ե՞ս եմ"։ "Այո, դու ես, դուք էք", եղաւ բազմութեան արձագանքը։ Պատգամաւորը գնաց կոճակ սեղմելու։

Մի երկու ժամ յետոյ վերադարձաւ Նախագահի եղբայրը, նայեց ժողովրդին, մի քիչ աջ քայլեց, մի քիչ ձախ քայլեց ու չկարողանալով զսպել զայրոյթը աչքերը սեւեռեց ժողովրդի վրայ այնպէս, որ իբր մէկ-մէկ ձեր դէմքերը մտքումս պահելու եմ, դուք սրա համար պիտի պատասխան տաք։

Հետաքրքիր էր նաեւ հաւաքուած մարդկանց տեսակը։ Ընդդիմադիր տարբեր հասարակական ու քաղաքական կազմակերպութիւնների անդամներ, եւ անշուշտ որեւէ քաղաքական հոսանքի չպատկանող մարդիկ, որը նշնակում է ազգին սպառնացող վտանգի ժամանակ, համազգային հարցերի ժամանակ մարդիկ, դէն դնելով քաղաքական կողմնորոշումները, ի վիճակի են համախմբուելու։

Պինդ մնացէք։

No comments: