Tuesday, January 15, 2008

ՎԵՐՋ ԿՈՒՆԵՆԱՅ՞ (2)

Մտանք “Շտաբօգնութեան” բաժին։ Ոչ ոք չկար։ Մէկ-երկու րոպէից երկու աղջիկ եկան՝ քնից նոր արթնացած։ Նայեցին ու ասացին, որ պիտի նկարել (ռենգեն), ու իրենք կարող են ռենգեն անողին կանչել, բայց համապատասխան մասնագէտ բժիշկ չունեն։ Հետեւաբար պիտի սպասել մինչեւ վաղը։

Մինչեւ վաղը՞։

Ասացի հնարաւոր չէ, անհրաժեշտ է շտաբ օգնութիւն ցոյց տալ։

Ասացին՝ գիտենք։

Ո՞ր հիւանդանոցը տանեմ։

Աւելի լաւ է գնաք Պռօշեանի 3-րդ հիւանդանոցը։

Այլ ելք չունէինք։ Գնացինք։

Արեան հոսքը չէր դադարում։

3-րդ հիւանդանոցում բարեբախտաբար թէ ռենգեն անող կար, թէ մասնագէտ բժիշկ։

Անհրաժեշտ օգնութիւնը ցոյց տրուեց։ Յետոյ գրանցեցին վնասուած ստացածի տան հասցէն ու հեռախօսահամարը։

Տուն եկանք։


Ի՞նչ էր պատահել։

Մի քանի Սփիւռքահայ ուսանող-ուսանողուհիներ որոշել են այդ գիշեր դիսկոտեկա գնալ եւ որտեղից որտեղ ընտրել են “Կինօ Մոսկուային” կից “Քամի” դիսկոտեկան։ Նրանց ասութեամբ մթնոլորտը լաւ էր, արտառոց բան չկար։ Պարելու ընթացքում մէկ էլ վերեւից ներքեւ սեւ հագած մի տղայ գարեջրի շիշը ձեռին հրում է բարեկամիս։ Բարեկամս էլ յետ դառնալով հրում է այդ տղային։ Պատասխանը լինում է գարեջրի շշով ուժեղ հարուած բարեկամիս քթին։ Ու դրան յաջորդում է մի խումբ սեւ հագածների բռունցքն ու քացին՝ այս ուսանողների երեսին ու մէջքին ու մի խօսքով մարմնին։

Դիսկոտեկայի ապահովականը միջամտում է եւ կռուողներին տեղափոխում դիսկոտեկայից դուրս՝ Շառլ Ազնաւուրի հրապարակ։ Այս հանգրուանում ապահովականը վերջացած համարելով իր պարտականութիւնը՝ վերադառնում է դիսկոտեկա։

Դրսում շարունակւում է կռիւը՝ մինչեւ ի վերջոյ մի կերպ ուրիշների միջամտութեամբ ուսանող-ուհիները հեռանում են՝ միւսները մնում տեղում։

Մեքենայով հեռանալիս մի քանի փողոց այն կողմ խախտման համար ճանապարհային ոստիկանութիւնը կանգնեցնում է մեքենան։ Ուսանողները բացատրում են, որ դէպք է պատահել եւ իրենք շտապում են հիւանդանոց հասցնել վնասուածին։ Ճանապարհային ոստիկանութիւնը խախտման համար կաշառք է պահանջում*։ Տղաներն ասում են, որ իրենց մօտ կայ 5000 դրամ եւ եթէ այդ գումարը տան ոստիկաններին իրենք այլեւս գումար չեն ունենալու։ Ոստիկանները պահանջում են գումարը` ասելով, որ “զդաչի”*-ն յետ են տալու։
Եւ հաւատարիմ իրենց խօսքին կաշառակեր ոստիկանները վերադարձնում են 2000 դրամ (Ի հարկէ պարզ է, որ ոչ միայն 2000 դրամով, այլ նոյնիսկ 5000 դրամով էլ այս օրերին ոչ ոք չի համարձակուի ոտք դնել Երեւանեան որեւէ հիւանդանոց)։

* Չգիտեմ ինչու մտքումս եկաւ զարգացած երկրների, օրինակ Ամերիկայի Միացեալ Նահանգների պարագան, որտեղ ընդամէնը 911 հաւաքելով միաժամանակ դէպքի վայր են ուղարկւում ե’ւ շտաբօգնութեան ծառայութիւնը, ե’ւ հրշէջ ծառայութիւնը, ե’ւ ոստիկանութիւնը։ Ինչքան բազմադարեան մշակոյթ ունեցող ու Եւրամիութեան դուռը թակող Հայաստանը մօտ է այդ հանգրուանին…

Միայն երեւակայական ժանրում է սա հնարաւոր։ Ոստիկանութիւնը փոխարէն օգնութիւն ցոյց տայ՝ կաշառք է պահանջում ու կաշառքի չափի համար սակարկութեան մէջ մտնում վնասուածք ստացած մարդու հետ։

Փոխարէն վնասուածին անկախ այն բանից, որ մեղաւոր է թէ անմեղ, նստացնեն իրենց մեքենան ու տանեն հիւանդանոց ու միաժամանակ տեղեկացնեն ոստիկանութեան համապատասխան ծառայութեանը, որ գնան դէպքի վայր ու տեսնեն ինչ է եղելութիւնն ու ձերբակալեն միւս կողմին ու կողմերին տանեն դատարան ու …կաշառք է պահանջում ու կաշառքի չափի համար սակարկում։

“Ողբամ զքեզ հայոց աշխարհ”։

** Զդաչի։ Վերադարձուող մանր դրամ։

2 comments:

kevork said...

երկար ճանապարհ ունենք դեռ, ցավոք...

Anonymous said...

Ընդամենը 3-4 հատ Hammer(Խամեր)-ի գումար կը բաւականացնի մի հիւանդանոցի շտապ օգնութեան ամբողջական արդիականացման համար։ Դրանք այն գումարներն են որ երկրում օգտագործման փոխարեն, ուղարկւում են երկրից դուրս, ոչ թէ լաւ մեքենայ ունենալու, այլ այլոց աչքը հանելու նպատակով՝ նոյն մարդիկ չմտածելով բարեկամիդ իրավիճակում յայտնւելու մասիի։
Եւ ասեմ նաեւ որ այդ հարցում իրենց մեղքի մեծ բաժինը ունի իշխանութիւնը, չկարեւորելով այդ տարրական եւ միաժամանակ առաջնահերթ խնդիրները։

Իրօք որ “Ողբամ զքեզ հայոց աշխարհ”։