Երեկ հրաւիրուել էի դասախօսութիւն կարդալու Հ.Յ.Դ. Ա.Պ.Հ. տարածաշրջանի երիտասարդական միութիւնների խորհրդաժողով-սեմինարի մասնակիցների համար։
Այդ իսկ պատճառով մեկնեցի Ծաղկաձոր, որտեղ տեղի էր ունենում խորհրդաժողով-սեմինարը եւ մի քանի ժամ անցկացրի մասնակիցների հետ, ինչպէս նաեւ վայելեցի բնութիւնը։
Օդը ցուրտ չէր։ Ընդհանուր առմամբ այս տարի, ցարդ, օդը ցուրտ չի եղել եւ համեմատելի չէ անցեալ տարիների ձմեռների հետ։ Աչքով չտամ (Touch wood)։
Խորհրդաժողով-սեմինարին մասնակցում էին 18 երիտասարդներ, որոնցից վեցը Հայաստանից, երկուսը Արցախից, երկուսը Ջաւախքից, մնացածն էլ այլ տեղերից։
Իմ դասախօսութիւնը օրուայ չորրորդ դասախօսութիւնն էր, այն էլ իմ բախտից` ճիշտ ճաշից յետոյ, որ նշանակում է երիտասարդներն արդէն երեք դասախօսութիւն լսելով քամուած, մաշուած էին ու քանի որ նոր էին ճաշել աւելի շատ քնելու տրամադրութիւն ունէին, քան կրկին դասախօսութիւն ունկնդրելու։
Փորձեցինք մի քիչ դադար տալով երիտասրարդներին հնաւորութիւն տալ շունչ քաշել ու կենտրոնանալ։
Մէկ ժամ էլ ես խօսեցի ի հարկէ փորձելով ունկնդիրներին ներքաշել խօսակցութեան մէջ, որպէսզի դասախօսութիւնը չվերածուի մենախօսութեան։
Ա.Պ.Հ.տարածաշրջանի հայ համայնքների եւ արտերկրի այլ համայնքների կամ ինչպէս ընդունուած է ասել դասական Սփիւռքի հիմնական տարբերութիւնն այն է, որ այդ շրջաններում հայութիւնը կազմակերպուած չէ։ Մի բան, որը մեծ թերութիւն է։
Այդ անկազմակերպուածութեան հետեւանքով մեծ վտանգ է սպառնում նոր սերնդին` հայ ազգային ինքնութեան պահպանման տեսանկիւնից։ Երբ խօսում ենք Սփիւռքի մասին, յատկապէս Արեւմուեան երկրներում ապրող հայութեան, որպէս գլխաւոր մարտահրաւէր անդրադառնում ենք ձուլմանը։ Սակայն Ա.Պ.Հ. տարածքում ապրող հայերի մօտ ձուլումը շատ աւելի շատ է ու շատ աւելի իրական տարբեր պատճառներով։ Ու չգիտես ինչու այդ երեւոյթը յաճախ չի նկատւում։ Օրինակ ասում են Ֆրանսահայութիւն կամ աւստրալահայութիւն ու անմիջապէս մարդկանց մտքում գալիս է ձուլումը, հայերէնին չտիրապետելու հարցը եւ այլն, մինչդեռ դա եթէ ոչ աւելի (իսկ իմ կարծիքով աւելի), առնուազն նոյնքան լուրջ ու խորն է ռուսահայութեան կամ վիրահայութեան մօտ։
Սա էլ այն հարցերից է, որ պիտի ընդգրկուի պետութեան օրակարգում (ի հարկէ մինչ այժմ պիտի ընդգրկուած լինէր, սակայն լաւ է ուշ, քան երբէք)։
Յուսանք թէ համայնքները կըզգան վտանգն ու կը փորձեն կազմակերպուել, թէ պետութիւնը կանդրադառնայ իր պարտականութեանը։
Պինդ մնացէք։
No comments:
Post a Comment