Այսօր տղայիս հետ գնացի “Տիկնիկային Թատրոն”։ Շաբաթուայ ընթացքում բեմադրւում են տարբեր հեքիաթներ, ինչպէս “Անյաղթ Աքլորը”, “Պոչատ Աղուէսը” եւ այլն։ Այսօր ներկայացւում էր “Երեք Խոզուկ” անգլիական հեքիաթը։ Դիտեցինք։
Տեւողութիւնը 45-50 րոպէ։Երկու արարով, ընդմիջումը 10 րոպէ։
Դահլիճը լեփ լեցուն էր մարդկանցով։Երեխաների հետ եկել էին ոչ միայն մայրերը, այլ մեծ թուով հայրեր, որը դրական երեւոյթ է։
Բեմադրութեան մակարդակը լաւ էր։
Տոմսերը չորս տարբեր արժէքների էին` 500, 600, 700, 1000 դրամանոց ($1ԱՄՆ = 303 ՀԴ)։ Այսինքն երկու-երեք ԱՄՆ դոլարին համարժէք դրամով հնարաւոր է Երեւանում դիտել տիկնիկային ներկայացում, որը կարծում եմ մատչելի գին է հասարակութեան լայն խաւերի համար։
Ներկայացումը փոխներգործօն էր (Interactive), այսինքն ոչ միայն չոր ու ցամաք բեմադրւում էր հեքիաթը, այլ տիկնիկները բեմի վրայից հարցեր էին տալիս հանդիսատես երեխաներին ու նրանց եւս ներքաշում ու մասնակից դարձնում դէպքերի ընթացքին։
Պատճառը, որ որոշեցի տղայիս հետ (երկու տարեկան չորս ամսեկան) գնալ տիկնիկային թատրոն թէ անձնական հետաքրքրասիրութիւնս էր (ուզում էի տեսնել կենդանի կերպով ինչպէս են բեմադրում տիկնիկային թատրոնները), թէ այն, որ նախորդ ներկայացումները մեծ ազդեցութիւն էին թողել տղայիս վրայ, այն չափով, որ գիշերները (երկուսին-երեքին) երազում նա կանչում է “տաք է, տաք է, տաք է, տաք է”(Անյաղթ Աքլորը), ”ծուղրուղու, ոսկի եմ գտել” (Անյաղթ Աքլորը) եւ այլն։
Թէեւ նախքան ներկայացումները գտնում եմ հեքիաթների գրքերը եւ ես կամ կինս այն կարդում տղայիս համար, որպէսզի ներկայացումն աւելի լաւ հասկանայ, սակայն դրանից` այսինքն իմ կարդալուց ու պատմելուց նա այնքան չի ազդւում, որ գիշերները երազում իմ ասածները կրկնի։ Նշանակում է ներկայացումը մեծ ազդեցութիւն է թողնում երեխաների վրայ (հեծանիւ եմ գիւ՞տ արել)։ Սակայն համոզուած եմ, որ ցանկացած ներկայացում չէ, որ կարող է այդքան ազդել երեխաների վրայ։ Դա կապուած է նախ այն հանգամանքից, որ արդեօք տուեալ հեքիաթը երեխայի հասկացողութեան մակարդակին է թէ ոչ, եւ երկրորդ` ինչպէս է այն մատուցւում, այսինքն ներկայացման մակարդակը։
Վերջում բեմ բարձրացան դերակատարները, որոնցից որոշները “Հանրապետութեան վաստակաւոր արտիստներ” էին։
Ի վերջոյ սա էլ հայրենիքում ապրելու առաւելութիւններից մէկը։ Սփիւռքում պիտի սպասես մինչեւ մի օր մի ինչ որ թատրոն բեմադրւի։ Բեմադրման թուականն ու ժամը քեզ յարմար կը լինի, չի լինի, կը կարողանաս այն դիտել, չես կարողանայ, հարց է։ Առիթը բաց թողեցիր պիտի սպասես յաջորդ ներկայացմանը, որը յայտնի չի, թէ երբ է լինելու։ Երեւանում, որոշակիօրէն հէնց “Տիկնիկային թատրոնի” պարագային, շաբաթուայ ընթացքում բազմաթիւ անգամներ բեմադրւում են տարբեր ներկայացումներ։ Երբ քեզ յարմար է` գնայ, այս շաբաթ յարմար չէ` միւս շաբաթ։
Լաւ մնացէք։
No comments:
Post a Comment