Sunday, December 9, 2007

ԲԱՐԻ ՓԵՐԻ

Երեկ մինչեւ ուշ գիշեր դիտեցի (ինձ թւում է դիտեց նաեւ ամբողջ Հայաստանն ու Սփիւռքը) Մանկապատանեկան Եւրատեսիլը։ Այն կայանում էր հինգերորդ անգամ։ Այս տարի մրցոյթը տեղի էր ունենում Հոլանդիայի (Նեդեռլանդներ) Ռոթերդամ քաղաքում։

2007 թուականի մրցոյթին մասնակցում էին տասնեօթ երկիր։ Ինձ համար զարմանալի է, թէ ինչու Մանկապատանեկան Եւրատեսլիլին չէին մասնակցում Եւրոպայի որոշ կարեւոր ու մեծ երկրներ, ինչպէս օրինակ Ֆրանսիան, Անգլիան, Աւստրիան, Գերմանիան, Իսպանիան եւ այլն։

Հայաստանը ներկայացնում էին Արեւիկցիները` շատ գեղեցիկ երգով։Գեղեցիկ են թէ երգի բառերը, թէ երաժշտութիւնը։ Ուրախալի ու հպարտառիթ երեւոյթ է, որ երգի բառերն ու երաժշտութիւնը գրել էին հէնց իրենք` կատարող պատանիները։

Մրցոյթի աւարտին թէեւ սկզբից մինչեւ նախավերջին երկրի կողմից նիշերի յայտարարութիւնը Հայաստանը առաջին տեղում էր ու մի պահ ինձ թուաց*, որ մենք յաղթեցինք, սակայն Լիտուացիների` մեզ որեւէ նիշ չտալով ու մեզ` Բելառուսների եօթ նիշ տալով, Արեւիկցիները ընդամէնը մէկ նիշի տարբերութեամբ գրաւեցին երկրորդ տեղը։ Ափսոս, շատ ափսոս։

Յամենայնդէպս նմանատիպ մրցոյթում երկրորդ տեղը գրաւելը Հայաստանի խմբի կողմից, որն ի դէպ առաջին անգամուայ համար էր մասնակցում այսպիսի մրցոյթի` շնորհաւորանքի արժանի է։ Կեցցէք երեխաներ։

Երեւում է “երազանքների բարի փերին”** այս պարագային վերջին պահին լքեց մեր փոքրիկներին։ Տայ Աստուած, որ սա նրա` մեր փոքրիկներին լքելու վերջին անգամը լինի։

Պինդ մնացէք։

Յ.Գ. Սա էլ "Մանկապատանեկան Եւրատեսլիլի" կայք էջի հասցէն է` www.junioreurovision.tv

* Կարծում եմ բոլորն էին այդպէս մտածում, ընդորում տղամարդ հաղորդավարը, որը Հայաստանի փոքրիկների յաղթանակում կասկած չտեսնելով մօտեցաւ ուրախութիւնից աղմկող մերոնց ու ասաց, որ շատ մի բղաւէք, որպէսզի քիչ յետոյ, երբ պիտի կրկին բեմ բարձրանաք ու ձեր երգը երգէք` ձայն ունենաք։ Ափսոս։

** Երգի բառերից են` “Երազանքների բարի փերի, քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարի”։

No comments: