Գերմանիայի ռադիոն (Դոյչէ վելլէ) արդէն քանիերորդ տարին է ինչ կազմակերպում է լաւագոյն weblog*-երի մրցոյթ։
Մրցոյթն անց է կացւում մի քանի լեզուներով տպագրուող կայք էջերի շրջանակում, ընդորում իսպաներէն, չինարէն, պարսկերէն եւ այլն։
Հետաքրքիր է իմանալ, որ ամենատարեց կայք էջ գրողը Աւստրալիացի 108 տարեկան կին է Olivie (Զէյթուն) անունով http://www.allaboutolive.com.au ։ Իսկ Իսպանացի 95 տարեկան մի կին Մարիա Ամալիաս Լոպէզ անունով իսպաներէնի բաժնում այս տարի համարւում է առաջնութեան յաւակնորդներից http://amis95.blogspot.com/ ։ Նա ունի 60000 (վաթսուն հազար) մշտական ընթերցող։
Թէեւ վերջին մէկ երկու տարուայ ընթացքում հայերի մօտ շատացել են weblog գրողների թիւը (անշուշտ կան մարդիկ, որոնք արդէն մի քանի տարի է ինչ ունեն իրենց անձնական կայք էջերը), սակայն հայերէն կամ հայերի միջոցով թէկուզեւ այլ լեզուներով գրուող կայք էջերի թիւը տակաւին շատ քիչ է օտար լեզուներով գրուող կայք էջերի համեմատութեամբ։
Այս եզրակացութեանը կարելի է գալ ընդամէնը համացանցում մի երկու փնտրտուքով։ Յատկանշական է, որ ամենաշատ կայք էջեր ունեցող ազգերի թուին են պատկանում պարսիկները։ Նրանք այս առումով գտնւում են բարձր դիրքերում` խօսքը եւ Իրանում եւ Իրանից դուրս ապրող պարսիկների կայք էջերի մասին է։ Ոմանք դա վերագրում են Իրանում առկայ քաղաքական ու հասարակական մթնոլորտին։ Ես կարծում եմ դրանում դեր ունեն նաեւ այլ ազդակներ` ինչպէս ազգի թուաքանակը եւ այլն։
Յամենայնդէպս մեզանում պետական ու քաղաքական (նաեւ կուսակցական) այրերի թիւը, որոնք ունեն կանոնաւոր կերպով թարմացուող կայք էջեր շատ շատ քիչ է։ Նոյնիսկ կարող եմ հաստատ ասել, որ մեծ թուով անհատների համար դա դեռ բացատրուած չէ**, մինչդեռ աշխարհում օրէցօր աւելի ու աւելի է շատանում կայք էջերի թիւը ու յատկապէս դրանք կատարելագործւում են թէ սպասարկող ընկերութիւնների կողմից տրամադրուող հնարաւորութիւններով եւ թէ օգտագործող անհատների իմացութեան ու ճաշակի պատճառով։
Տարաբնոյթ են կայք էջերը։ Էլ ուսանողներ, որոնք գրում են համալսարանական կեանքից, էլ քաղքական գործիչներ, որոնք գրում են քաղաքական իրադարձութիւններից, էլ տնտեսուհիներ, որոնք գրում են ամբողջ օրը տանն անցկացնող կնոջ ապրումներից ու տարբեր տեսակի կերակուրներ եփելու ձեւերից, էլ լրագրողներ, էլ մեքենայ սիրողներ, էլ երեխայի դաստիարակութեամբ հետաքրքրուողներ եւ այլն եւ այլն։
Եւ պարտադիր չէ, որ կայք էջ գրողը` գրի իր իսկական անունով ու բացայայտի իր ինքնութիւնը։ Գոյութիւն ունեն բազմաթիւ կայք էջեր, որոնց հեղինակներն յայտնի չեն (հեղինակները ինչ-ինչ պատճառներով չեն ուզում բացայայտուել), սակայն պարունակում են հետաքրքիր ու իմաստալից տեղեկութիւններ կամ
արտացոլում են անկեղծ ապրումներ։ Ապրումներ, որոնց մասին հեղինակը (ու շատ շատերը) կը վախենան, կամաչեն կամ հազար ու մի պատճառով չեն ցանկանայ բացայայտ արտայայտուել (այս պատճառով էլ որոշներն ունեն մէկից աւելի կայք էջեր)։
Ինձ համար կայք էջեր կարդալն ու նորերը փնտրելը դարձել է հաճելի սովորութիւն։
Մի տեղ կարդացի “Ամէն մի նոր weblog, մի նոր պատուհան է դէպի աշխարհ”։ Ես համաձայն եմ այս կարծիքի հետ, նկատի ունեանլով, որ ամէն մի կայք էջի յետեւում մի մարդ է, մի աշխարհ ու յատկապէս մի չբացայայտուած ներաշխարհ։
Յոյսով եմ մի օր նաեւ հայերէն կամ հայերի միջոցով գրուող օտար լեզուներով կայք էջերի մրցոյթ անցակացուի, որովհետեւ դա պատճառ կը դառնայ, որ գրողները էլ աւելի ուշադիր լինեն իրենց գրածների մէջ, էլ աւելի անկեղծ գրեն, էլ աւելի բովանդակալից գրեն, սակայն դրանից շատ աւելի շատ ցանկանում եմ մեզանում շատանան կայք էջերի թիւը, այն պատճառներով (ու էլի ուրիշ պատճառներով), որ վերեւում նշեցի։
Փորձէք սկսել պատրաստել ձեր անձնական կայք էջը։
Լաւ մնացէք։
* Հայերէնում website-ը թարգմանուել է կայք էջ, իսկ թէ ինչ պիտի թարգմանել weblog-ը` ես չգիտեմ։ Իմացողները թող ինձ էլ տեղեկացնեն։
** Երբ ես ուզում էի սկսել պատրաստել իմ կայք էջը, որպէս կուսակցական պատասխանատու մարդ, հանդիպեցի մի խոչընդոտի, որը թէեւ ինձ համար զաւեշտական էր, սակայն կարող էր փչացնել գործը։ Դրա մասին կը գրեմ աւելի ուշ, յարմար առիթով։
2 comments:
...please where can I buy a unicorn?
huh... funny
Post a Comment