“Արմենիա” հեռուստաընկերութիւնը սփռում էր հարցազրոյց Վոգա (եթէ ճիշտ եմ լսել) անունով երգչի հետ, միջահասակ մի մարդ, որն արդէն տաս տարի է, ինչ ապրոմ է Լոս Անջելեսում։
Երգիչը մի հետաքրքիր պատմութիւն պատմեց, որն ուզում եմ գրի առնել։
Նա ասաց, որ “Կեանքիս մէջ կռիւ շատ եմ տեսել` հարսանիքներում, ճաշարաններում, խնջոյքների ժամանակ եւ այլն, բայց օդանաւում չէի տեսել։
Մոսկուայից թռնում եմ Լոս Անջելես։ Օդանաւում լիքը հայեր կան։ Մէկ էլ ինձնից մի քանի շարք յետեւ նստած հայերը խօսքի բռնուեցին ինձնից մի քանի շարք առաջ գտնուող հայերի հետ։ Ծանօթացան ու քիչ յետոյ տեսնեմ յետեւից մէկը ձեռքով խփում է ուսիս։ Յետ եմ նայում, տեսնեմ յետեւի աթոռին նստած մարդն ասում է` այս բաժակն առաջ տուր։ Ես էլ իմ հերթին ձեռքով խփում եմ իմ առջեւի աթոռին նստած մարդու ուսին ու ասում` այս բաժակն առաջ տուր։ Դատարկ բաժակը գնաց տեղ հասաւ։ Յետոյ լցուեց կոնիակով ու պարզ է, որ հիմա այդ ճանապարհը պիտի յետ գայ։
Պատկերացնում էք օտարազգիների, օրինակ ամերիկացիների, որոնք արեւի ակնոցն աչքներին աթոռը յետ են տուել ու քնել կամ հանգիստ դիրք ընդունել ու մէկ էլ մէկը խփում է նրանց ուսին ու ասում` այս դատարկ բաժակը առաջ տուր կամ այս լիքը բաժակն յետ տուր։
Այսպէս բաժակը մի քանի անգամ գնաց ու եկաւ։ Ու այդ ընթացքում հայերը բարձր ձայնով խմում են ծնողների, երեխաների, Երեւանի, սրա ու նրա կենացը։ Ճիշտ կարծես նստած են սեփական տանը։ Ու այդ կենացներից մէկի ժամանակ, մէկ էլ յետեւում նստածներից մէկն առաջարկեց խմել այնինչի կենացը։ Ի՞նչ։ Ու՞մ։ Ես դրա հերը, ես դրա մերը։ Լսուեց առջեւում նստած հայերից։ Ի՞նչ ասացիր։ Սա ինչ ասաց, նա ինչ ասաց, կանգնեցին ու միջանցքում սկսեց կռիւ։
Ստեղծուեց խառնաշփոթ վիճակ։ Միջամտեցին անվտանգութեան ուժերը եւ նրանց նստեցրին տեղները։
Սակայն դրանով հարցը չվերջացաւ։ Սրանք իրար ասում են, որ օդանաւը նստեց չգնաք, սպասէք, հաշիւ պիտի մաքրենք։
Օդանաւը վայրէջք կատարեց Լոս Անջելեսում։ Քիչ յետոյ բացուեց օդանաւի դուռն ու բարեբախտաբար կռիւը չշարունակուեց, որովհետեւ դռան բացուելն ու անվտանգութեան ուժերի ներս խուժելը մէկ եղաւ ու հերոսներին ձերբակալած իջեցրին”։
Գեղեցիկ, տխուր ու ուսանելի պատմութիւն է։ Ափսոսեցի ընթերցողներն այդ մասին չիմանան։
Թերեւս այս աշխարհում նմանատիպ բաներ միայն յատուկ տեսակի հայերն են կարող անել ու մէկ էլ …
Լաւ մնացէք։
No comments:
Post a Comment