Wednesday, April 11, 2012

ՊԱՍՊԸՌՏ ՍԵՂԱՆ-ՕՐ ԱՌԱՋԻՆ

ՕՎԻՐ-ից մեզ ուղարկեցին Հայաստանի Տարածքային Անձնագրային Ծառայութիւնների բաժին, որը յայտնի է որպէս "պասպըռտ սեղան"։ Օրը չորեքշաբթի էր։

Տուեալ հաստատութեան միջանցքի երկու կողմերում կան սենեակներ, որոնց վրայ գրուած է այսինչ այսինչեան՝ առաջին կարգի մասնագետ, այնինչ այնինչեան՝ առաջին կարգի մասնագետ։ Ես, սուտ չասեմ, նայեցի բոլոր սենեակների դռների կողքին փակցրած ցուցանակները եւ երկրորդ կամ երրորդ կարգի մասնագետ չտեսայ։ Համակարգում աստիճանաբաշխումն ինչպէս է՝ չգիտեմ։

Բայց ինձ դա չէ, որ հետաքրքրում է, այլ այն, որ այդ սենեակներից, աւելի ճիշտը այդ մասնագետներից ամէն մէկը մի ինչ որ շէնքի կամ փողոցի պատասխանատուն է եւ չգիտես ինչու փոխարէն սենեակների վրայ փակցնել, որ այս սենեակը կամ այս անձը այսինչ հասցէն է սպասարկում եւ այն սենեակն ու այնինչ անձը՝ այնինչ հասցէն, ուղղակի գրուած է "Ս.Ս.Այսինչեան, առաջին կարգի մասնագետ"։

Այդ պատճառով էլ կանգնեցինք մի սենեակի դռան առջեւ, որտեղ նախկին տարիներում դիմել էինք մեր գործերի համար։ Երկար սպասելուց յետոյ չգիտեմ ինչու կասկածեցինք։ Մտածեցինք հարցնել, որ արդեօք ճիշտ տեղ ենք կանգնել։ Հարցրինք եւ պարզուեց՝ ոչ։ Մեր գործը այսուհետ կապ ունի կողքի սենեակի հետ։

Մի խօսքով այդքան ժամանակն իզուր անցաւ։

Գնացինք կանգնեցինք երկրորդ սենեակի առջեւ գոյութիւն ունեցող հերթում։

Սպասեցինք, սպասեցինք։ Հասաւ մեր հերթը։

Ներս մտանք։

Պաշտօնեան հարցրեց ինչ գործով ենք գնացել։ Ասացինք։ Պատասխանեց անձնագրի թարգմանութիւնն է պէտք։ Ասացինք, որ անձնագրի թարգմանութիւնն յանձնել ենք ՕՎԻՐ-ին։ Պատասխանեց՝ թարգմանութիւնն է պէտք։ Այսինքն ախպէր ջան (այսինքն ես) եւ քոյրիկ ջան (այսինքն կինս) գնացէք թարգմանութիւնը բերէք ու անտեղի մի ասէք այդ թարգմանութիւնը նախապէս կատարել ու յանձնել ենք։

Գնացինք թարգմանական կենտրոն։

Պինդ մնացէք։

No comments: