Monday, April 16, 2012

ՊԱՍՊԸՌՏ ՍԵՂԱՆ-ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Եթէ այս ամբողջն ինձ անձամբ չպատահի ու մէկն ինձ պատմի, որ իբր իրեն է պատահել՝ դժուար թէ հաւատամ։ Բայց որ ինձ է պատահել՝ չեմ կարող չհաւատալ։

Ինչպէս տեսնում էք, դա աւելի շատ բազմաշարանոց ֆիլմերի նման է, քան իրական կեանքի։

Իրականում  ի՞նչ էր արուելիքը։ Պիտի լրացուէր մի թերթիկ՝ անուն-ազգանուն, ծննդեան թուական, ծննդավայր, անձնագրի համար եւ մի երկու նման բան, ու ստորագրուէր անձնագրավարի կողմից, ու պետն էլ կնքէր ու մակագրէր՝ "հաստատում եմ անձնագրավարի ստորագրութիւնը"։ Բայց դա ինձ արժեցաւ չորս աշխատանքային օր, հինգ անգամ այցելութիւն "պասպըռտ սեղան", ժամեր հերթ եւ միեւնոյն գործի համար երկրորդ անգամ անձնագրի թարգմանութիւն (մի բան, որ հէնց սկզբից, երբ դիմում էինք քաղաքացիութեան համար կարելի էր ասել, այսինքն նշել, որ որպէս փաստաթուղթ անհրաժեշտ է ձեր անձնագրի թարգմանութեան տասնըութ օրինակ)։ Չեմ հաշւում երեք ոչ աշխատանքային օրերը, որովհետեւ եթէ գործս առաջին կամ երկրորդ օրն արուէր՝ կը յաջողէի վերադառնալ ՕՎԻՐ ու շարունակել ընթացքը։

Ինչու՞ այս ամբողջ գրութիւնը։ Նախքան ընթերցողը հարց տայ, ինքս ինձ եմ հարց տալիս։

Արդեօք Իրանում աւելի լա՞ւ էր։ Հարցնում եմ ինքս ինձ։

Կամ կարծում ես Ամերիկայում ի՞նչ է։ Հաւանաբար կը հարցնեն ոմանք։

Ամերիկայում չեմ եղել, հետեւաբար չեմ կարող պատասխան տալ, բայց լսել ու կարդացել եմ, որ շատ էլ չի տարբերում այստեղից, նոյն դիւանակալական քաշքշուկներն են։

Իրանում եղել եմ ու հաստատում եմ, որ նոյն դիւանակալական քաշքշուկներն են։

Բայց իմ խնդիրը այս պարագային Հայաստանը այս ու այն երկրի հետ համեմատելը չի, ինձ համար աշխարհի օրինակելի երկրներն էլ Իրանն ու Ամերիկան չեն (ի դէպ կան օրինակելի երկրներ)։

Այս կայքէջում ես գրում եմ ինձ պատահածները։

Այս պարագային գրում եմ մեր պետական համակարգում ինձ հետ պատահածը, որը խօսում է առկայ թերութիւնների մասին։

Կը հաւանե՞ն, չե՞ն հաւանի՝ դա իրենց խնդիրն է։

Մեր խնդիրը թերութիւնները նշելն ու դրանց դէմ պայքարելն է։ Մենք արժանի ենք ունենալ օրինակելի համակարգ։

Լաւ մնացէք։

No comments: