Tuesday, August 23, 2011

COUSIN PARTY

Երեւանում էին կնոջս եւ իմ բարեկամները՝ մօրաքրոջ տղայ, հօրաքրոջ թոռ եւ այլն։

Մի գիշեր բոլորին հրաւիրեցի մեր տուն։ Հաւաքոյթը խորհրդանշաբար կոչեցի Cousin Party։ Բարեկամների հետ եկել էին նաեւ նրանց ընկերները։ 12 հոգի։ Բոլորն էլ երիտասարդ։ Ոմանք առաջին անգամ Հայաստանում, ոմանք քանիերորդ անգամ։

Մի պահ ուշադրութիւս գրաւեց հիւրերիս աշխարհագրական սփռուածութիւնը։

Սպահան, Թեհրան, Բաղդադ, Տորոնտօ, Հիւստըն, Լոս Անջելէս եւ Երեւան։

Տխրեցի։ Պատկերացրէք, եթէ այս բոլորը մի տեղ ապրէին։ Եւ մանաւանդ, եթէ այդ մի տեղը լինէր Հայաստանը։ Ինչ հզօր ուժ է։

Երեկոյեան ժամը 8։00-ից առաւօտուայ ժամը 2։00-ը վիճեցին։ Նիւթը՝ որտե՞ղ պիտի ապրել։

Ժամը 10։00-ին ասացի, որ ով որտեղ ուզում է գնայ ապրի։

Առաւօտուայ ժամը 2։00-ին, երբ ես արդէն կիսաքուն վիճակում էի եւ նրանք ուզում էին գնալ, որպէս քննարկման եզրակացութիւն դիմեցին ինձ` "Ճի՞շտ չենք ասում, ով որտեղ ուզում է գնայ ապրի":  "Ճիշտ էք ասում, բայց ես դա ձեզ ասացի ժամը 10։00-ին"։

Կատակը կատակ, բայց վեց ժամեայ քննարկման արդիւնքում (որի ընթացքում, ի դէպ, ես փորձեցի ամենաքիչը խօսել եւ աւելի շատ լսել) նկատեցի, որ խօսակցութեան առանցքը Հայաստանն էր, անընդհատ նշւում  էր Հայաստանում առկայ բացասական ու դրական երեւոյթները, շեշտադրումը աւելի շատ բացասական երեւոյթների վրայ կատարելով, բայց գրեթէ բոլորի մօտ նկատւում էր ճիգ ելք գտնելու եւ Հայաստանում հաստատուելու համար։

Այս միտումը նկատել եմ նաեւ շատ ու շատ այլ Սփիւռքահայ երիտասարդների մօտ։

Երեւոյթը դրական պիտի գնահատել եւ պարտաւորեցնող։
Պարտաւորեցնող երկրի ղեկավարների համար։

Լաւ մնացէք։

No comments: