Saturday, August 27, 2011

ԳԱԶԻ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

2010 թուականի Նոյեմբեր ամսին կնոջս խնդրեցի գնայ գազի ընկերութիւն եւ դիմում կատարի մեր տան գազի խողովակների փոփոխութեան եւ նոր նախագիծ ստանալու համար։ Գնաց։ Վճարեց 25000 դրամ, որի դիմաց ստացական չտուեցին։ Եկան փոփոխութիւններ կատարեցին։ Նախագիծ չտուեցին։ Մենք էլ չպահանջեցինք մտածելով, որ շինարարութիւնը կաւարտուի կը գնանք կը վերցնենք, մանաւանդ որ գազի հաշուիչն էլ փակել են (պլոմբ) եւ դրա անհրաժեշտութիւնը այս պահին չկայ։

Շինարարութիւնն աւարտւում է։ Կրկին փոփոխութեան անհրաժեշտութիւն կայ։ Կինս կրկին դիմեց գազի ընկերութիւն։ Ասացին, որ պիտի վճարէք 6000 դրամ հրշէջ անվտանգութեան համար, 12000 դրամ նախագծի եւ 15000 դրամ արհեստաւորի, որ գայ ու փոփոխութիւն կատարի։

Կինս բացատրել է, որ այդ գումարները արդէն Նոյեմբեր ամսին վճարել ենք։ Պահանջել են ստացական։ "Չէք տուել" եղել է պատասխանը։ Ասել են "Չի լինի։ Եթէ ստացական չունէք, չի լինի, պիտի կրկին վճարէք"։

Գնացի գազի ընկերութիւն։ Հանդիպեցի պատկան պաշտօնեային եւ ասացի նոր փոփոխութիւն չենք ուզում տալ, մեզ տուէք մեր նախագիծը։ "Չկայ։ Պիտի վճարէք"։ Այսինքն մենք նոյն բանի համար երկու անգամ պիտի վճարենք։

Կրկին վճարեցիքն եւ զաւեշտականն այն է, որ կրկին ստացական չեն տալիս։ Պահանջում եմ ստացական։ Ասում են "Մեզ մօտ ստացական չկայ։ Եթէ ուզում էք պիտի գնաք կենտրոնական գրասենեակ եւ այնտեղ մուծում կատարէք, նրանք ձեզ չէք կը տան"։

Այլ խօսքով ամբողջ մի թաղամաս սպասարկող գազի ընկերութեան մասնաճիւղը ստացական չունի ու չի տալիս։ Դրա համար պիտի գնալ կենտրոն։ Իսկ հետաքրքիրն այն է, որ պաշտօնեան էլ բացատրում է, որ դրա կարիքը չկայ։ Դուք վճարում էք եւ մենք ձեզ տալիս ենք նախագիծը։ Իսկ թէ ինչու նոյն բանի համար երկու անգամ պիտի վճարել` բացատրութիւն չկայ։ "Ախր այդ գումարը ում էք տուել, գոնէ անունը յիշում էք։ Դէ Հայաստան է էլի, չգիտէք"։ Սրանք են պատասխանները։

Նշանակում է, որ որեւէ հաստատութեան հետ գործ ունենալու ժամանակ պիտի պաշտօնեայից պահանջել անձնագիրը, տան հասցէն, ինչ կրթութիւն ունի, որտեղ է աւարտել կամ աւարտել է թէ չի աւարտել  եւ այլն, եւ ոչ թէ պաշտօնապէս մուծում կատարել դրամատանը։ Այսինքն յարաբերութիւնը ոչ թէ սպառող-ընկերութիւն յարաբերութիւն է, այլեւ սպառող եւ մի ինչ որ պաշտօնեայ, որ վաղը կարող է չլինել կամ լինի ու մոռանայ, որ դուք իրեն գումար էք տուել։

Եւ տրամաբանութիւնն էլ այնքան հզօր է, որ մարդ գլուխ է խոնարհում "Դէ Հայաստան է էլի, չգիտէք"։

Պինդ մնացէք։

No comments: