Wednesday, May 12, 2010

ՊՈԿՈՒԱԾ ՇՂԹԱՆԵՐՈՎ ԿԱՌՈՒՍԵԼ

Անցեալ Կիրակի օրը, Մայիսի 9-ին, ճաշից յետոյ տնից դուրս եկայ տղայիս զբօսայգի տանելու համար։ Որոշեցի գնալ "Յաղթանակ" զբօսայգի։ Հասայ ու տեսայ բազմաթիւ մարդիկ, խցանում փողոցում, մեքենան պահելու համար էլ տեղ չկար։ Որոշեցի գնալ "Օղակաձեւ" զբօսայգի, որն ի դէպ շատ եմ սիրում։

"Օղակաձեւ" զբօսայգում էլ հակառակ "Յաղթանակ" զբօսայգու շատ քիչ մարդ կար։

Լաւ պահեր անցկացրինք ու վերադարձանք տուն։

Եւ ահա լուրերում լսում եմ "Յաղթանակ" զբօսայգում կառուսելի շղթաները պոկուել են։

http://7or.am/hy/news/2010-05-10/13939/


Անցնող երեք օրերի ընթացքում տարբեր տրամաչափի պետական պաշտօնեաներ չեն զլանում հարցազրոյց տալ ու յայտնել, որ մեղքը տուեալ "օբեկտի" տիրոջն է, որ ժամանակին տեխնիկական անվտանգութիւնը չի ապահովել։

Լսում եմ ու զայրանում։ Մտածում եմ ինչքա՞ն կարելի է մարդկանց, ոչ աւել, ոչ պակաս, էշի տեղ դնել։

Եթէ բոլորը մէկ մարդու պէս յայտարարեն, որ դէպք է, պատահել է, ցանկացած երկրում էլ կը պատահի եւ այլն, մարդ աւելի քիչ կը նեղանայ, քան այն, որ "օբեկտի" տէրը մեղքը գցում է համապատասխան մարմինների վրայ, նրանք էլ տիրոջ վրայ։

Այդ պաշտօնեաներից մէկն ու մէկը չի պատասխանում, որ ինչու՞ իրենք ժամանակին իրենց պարտականութիւնը չեն կատարել ու եթէ նոյնիսկ "օբեկտի" տէրը սխալ է թոյլ տուել ժամանակին առաջը չեն բռնել։ Իրենք ինչի՞ համար են աշխատավարձ ստանում։ Չէ որ նրանց աշխատավարձը գոյանում է հէնց այդ երեխաների ծնողների հարկերից։

Տէրը գործարար մարդ է ու ենթադրենք, որ ինչպէս շատ ուրիշ գործարարներ սննդի ոլորտում, շինարարութեան ոլորտում, առողջապահութեան ոլորտում եւ այլն, բարոյականութեան ու խղճի հետ էլ գործ չունի։ Փող է աշխատում։ Ու՞ր մնացին պետական համապատասխան մարմինների գործառոյթները։

Սա էլ մէկ այլ հարցազրոյց՝ http://hetq.am/am/society/karusel-2/

Կիրառուող մեթոդը, մեզ Հայաստանում ապրողներիս համար պարզ է։ Համապատասխան մարմինների ներկայացուցիչները մօտենում են իրենց ոլորտում աշխատող գործարարներին ու եթէ նոյնիսկ թերութիւն էլ չկայ մի թերութիւն գտնում են (էլ ուր մնաց, որ թերութիւն էլ լինի), յետոյ "բազառ" է գնում, յետոյ դէ երկու հայ ենք էլի, յետոյ մի պատառ հաց են միասին ուտում, յետոյ... Վերջում էլ մարդկանց երեխաները կամ կառուսելից են ընկնում, կամ սննդից են թունաւորւում կամ ոչ թէ երկրաշարժից, այլ քամուց փլուող բնակարաններում են ապրում եւ այլն։

Եզրակացութիւն։ Մենք այս երկրում կամ բախտի բերմամբ ենք ապրում կամ էլ պատահմամբ։

Պինդ մնացէք։

1 comment:

Anonymous said...

Մենք այս երկրում կամ բախտի բերմամբ ենք ապրում կամ էլ պատահմամբ։


..... shat texin eq asum!!!apreq