Friday, April 23, 2010

ՈՒՂԵՐՁԻ ՄԱՍԻՆ

Նախագահ Սարգսեանի ուղերձը հայկական լրատուամիջոցներում ներկայացւում է այնպէս, որ մի պահ թւում է, որ իշխանութիւնները Նախագահի ղեկավարութեամբ յետ են վերցրել Սիսն ու Մասիսը։

Մինչդեռ իրականութիւնն այլ բան է։

Իրականում ոչ մի բան էլ ըստ էութեան չի փոխուել։ Իշխանութիւնների նախաձեռնած Հայաստան-Թուրքիա այս ձեւով յարաբերութիւնների քաղաքականութիւնը շարունակւում է եւ ստորագրուած նուաստացուցիչ արձանագրութիւնները գոյատեւում են։

Նախագահը Ազգային Ժողովից յետ է վերցնում արձանագրութիւնները։ Յետո՞յ։ Իսկ եթէ Թուրքիան յառաջիկայ շաբաթուայ ընթացքում իր խորհրդարանում քննարկման դնի ու վաւերացնի արձանագրութիւնները, ի՞նչ կը պատահի։ Մեր իշխանութիւնները հէնց այնպէս որ մէկ անգամ արձանագրութիւնները ուղարկել են Ազգային Ժողով ու մէկ անգամ էլ յետ են վերցրել, հէնց այդպէս էլ դրանք կրկին կուղարկեն Ազգային Ժողով ու Ազգային Ժողովն էլ մի ակնթարթում կը վաւերացնի արձանագրութիւնները։

Ուրեմն ի՞նչն է փոխուել ըստ էութեան եւ Նախագահի ուղերձի ո՞ր բաժինն է ուրախանալու առիթ տալիս։

Ուրախալի քայլը կը լինէր այն, որ Նախագահը յետ վերցնէր Հայաստանի ստորագրութիւնները արձանագրութիւնների տակից, այդ մասին տեղեակ պահէր միջնորդ պետութիւններին, յայտարարէր, որ Հայաստանի համար այդ արձանագրութիւնները այլեւս գոյութիւն չունեն, նաեւ այն, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել յարաբերութիւններ, սակայն ամէն ինչ նոր տողից։ Ահա սա կը լինէր յաջողութիւն, այդ էլ այս հանգրուանի համար։

Այս հանգրուանի համար, որովհետեւ անվիճելի է, որ այն ինչ այս առումով կատարուել է ցարդ, մեծ վնաս է հասցրել Հայաստանին եւ հայութեան։ Այդ վնասների հետեւանքների սրաբագրումն ինքնին երկարատեւ ու հետեւողական աշխատանք է պահանջելու։

Իսկ կարծում եմ աւելորդ է խօսել այն մասին, որ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետութիւնում ձեւաւորուած չէ քաղաքական գործիչներին իրենց ասածների ու արածների համար պատասխանատւութեան կանչելու մշակոյթը, ուրեմն ոչ ոք էլ պատասխան չի տայ Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելու այսպիսի խայտառակ քաղաքականութիւն իրականացնելու, այդպիսի նուաստացուցիչ արձանագրութեան տակ ստորագրութիւն դնելու, Թուրքիայից արձանագրութիւնների վաւերացումը ամէն գնով աղերսելու, հայութեան տարբեր հատուածների մէջ սեպ խրելու եւ այլնի ու այլնի համար։ Նոյնը ներքին, յատկապէս ընկերային-տնտեսական քաղաքականութեան ու դրանց հետեւանքների կապակցութեամբ։

Պինդ մնացէք։

No comments: