Երեկ Հայաստանում էլ մամլոյ ակումբ ու էլ հեռուստաալիք չկար, որը ողողուած չլինէր Հայաստանի տարատեսակ ու տարբեր տրամաչափերի իշխանաւորներով, որոնք միաբերան մի բան էին վանկարկում՝ Ամերիկայի Կոնգրեսի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչումը ամբողջ հայութեան հաւաքական աշխատանքի արդիւնք է։
Ինչպէս ասում են հայաստանցիները՝ այ քեզ բան։ Ամբողջական հայութիւնից այն կիսատ պռատ բանն էլ որ մնացել էր, սրանք քանդեցին, հիմա խօսում են ամբողջ հայութեան հաւաքական աշխատանքի մասին։
Ակամայ յիշեցի "թքում են մարդու երեսին, ասում է անձրեւ է գալիս"։
Խուլ էի՞ք, չէի՞ք լսում, որ մարդիկ դէմ են քուէարկում պատճառաբանելով Թուրքիայի ու ձեր միջեւ ստորագրուած արձանագրութիւններն ու ընթացող բանակցութիւնները։
Յետոյ խօսքը ինչ հաւաքական աշխատանքի մասին է, երբ այդ հաւաքականութեան իշխանական մասը մտել է թուրքերի...
Ո՜չ, հայրենակից։ Սա հայրենիքում չծնուած ու չմեծացած Սփիւռքահայերի աշխատանքի արդիւնք է, որին ցաւօք սրտի, Հայաստանի իշխանաւորները ոչ միայն ոչ մի նպաստ չբերեցին, այլեւ աւելին՝ ջուր լցրեցին թշնամու ջրաղացը անցնող մէկ-մէկ ու կէս տարուայ իրենց արածներով։
Իսկ "ամբողջ հայութեան հաւաքական աշխատանքը" սրանից անհամեմատելիօրէն աւելի շատ արդիւնք կունենայ ու ոչ միայն Ցեղասպանութեան հարցում։ Այդ գիտակցութեան պիտի գալ։
Չեմ զարմանայ, որ այս իշխանաւորները որոշ ժամանակ անց յայտարարեն, որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ստորագրուած արձանագրութիւնները իրենք չեն ստորագրել, այլեւ հաւանաբար այլմոլորակայինները այս իշխանաւորների տեսքով, իսկ ստորագրութեան տեսաերիզն էլ կեղծ է, կինեմատոգրաֆիայի հնարք։ Արդէն դրան էլ ենք պատրաստ։
Պինդ մնացէք։
No comments:
Post a Comment