Նախորդ "Որտեղացի՞ ես" գրութեանս արձագանքեցին մի քանի հոգի իրենց գրութիւններով եւ նաեւ անձամբ հանդիպման ժամանակ։
Մտածեցի, որ կամ ես հարցը լաւ չեմ բացատրել կամ ընթերցողները ուշադիր չեն եղել։ Հետեւաբար ուզում եմ կրկին անդրադառնալ այդ հարցին։ Խնդիրը վերաբերում է ոչ թէ նրան թէ մարդը ինչ ազգի է պատկանում՝ հայ է, ռուս է, հնդիկ է եւ այլն, այլ նրան թէ որ քաղաքից է։ Ոմանք ասում էին մարդը հայ է՝ ինչ կապ ունի Իրանահայ է թէ Հայաստանահայ։ Իմ հարցը դա չէր։
Հարցս հետեւեալն էր՝ եթէ մէկը օրինակ ծնուել ու տասներկու տարի ապրել է Գիւմրիում, յետոյ տեղափոխուել է Գորիս ու տասնըհինգ տարի ապրել է Գորիսում, յետոյ էլ տեղափոխուել ու տաս տարի ապրել է Երեւանում, "որտեղացի՞ ես" հարցին ի՞նչ պիտի պատասխանի՝ Գիւմրեցի է, Երեւանցի է թէ Գորիսեցի։
Ինձ հետաքրքրում է նաեւ նոյն հարցի թաղամասային տարբերակը, այլ խօսքով եթէ մէկը ծնուել ու տաս տարի ապրել է Երեւանի Աջափնեակ թաղամասում, յետոյ տեղափոխուել է Էրեբունի թաղամաս ու տաս տարի էլ ապրել է այնտեղ ու ի վերջոյ տեղափոխուել է Աւան թաղամաս ու տաս տարի էլ ապրել է այնտեղ, "որ թաղամասի՞ց ես" հարցին ի՞նչ պիտի պատասխանի՝ Աջափնեակցի է, Էրեբունցի է թէ Աւանցի։ Ընդհանուր պատասխանը պարզ է՝ Երեւանցի է։ Կարող է ասել նաեւ այն թաղամասի անունը, որտեղ այդ պահին ապրում է։ Սակայն իրականում նա որտեղացի՞ է։
Հարցս սա էր, որն ունի հասարակագաիտական եւ հոգեբանական ենթատեքստ։
Լաւ մնացէք։
No comments:
Post a Comment