Ֆրանսիայի “Յառաջ”-ի յունուարեան համարներից մէկում հրատարակուել է մի գրութիւն “Վէրք պարսկահայոց” վերնագրով, որը տպուել է Կանադայի “Հորիզոն”-ի Փետրուարի 12-ի եւ Իրանի “Ալիք”-ի Փետրուարի 12-ի համարներում։
Այդ գրութիւնը կարող էք կարդալ "Հորիզոն" եւ "Ալիք"։
Նշեալ գրութեանն ի պատասխան գրել եւ “Յառաջ”-ին եմ ուղարկել մի յօդուած “Վէրք մեծամտաց” անունով, որը հրատարակում եմ ստորեւ։ Ցարդ չգիտեմ “Յառաջ”-ն այն հրատարակել է թէ ոչ։
ՎԷՐՔ ՄԵԾԱՄՏԱՑ
Փարիզի “Յառաջը” 2009 թուականի Յունուարի համարում հրատարակել է մի գրութիւն “Վէրք Պարսկահայոց” վերնագրով, որը վերահրատարակուել է Կանադայի “Հորիզոն”-ի (12 Փետրուար) ու Իրանի “Ալիք”-ի (12 Փետրուար) կողմից։
Թերեւս եթէ չլինէր գրութեան մէջ տեղ գտած “կուրօրէն… ոչխարի ու գառան պէս գնում են” արտայայտութիւնը, ես ժամանակ չդնէի այդ չափազանց յուզական ու տրամաբանութիւնից զուրկ գրութեանը անդրադառնալու։
Սակայն երբ տեսայ, որ մէկն իրեն իրաւունք է վերապահել ամբողջ մի համայնքի անդամների վիրաւորել, եւ ես այդ համայնքի անդամներից եմ, չկարողացայ չգրել։
Հիմնական զարմանքս էլ վերաբերում է ոչ թէ գրութեան հեղինակին, այն պարզ պատճառով, որ գրութիւնը լոզունգներից ու վիրաւորանքից բացի այլ բան չի պարունակում, այլ վերոյիշեալ թերթերին, որովհետեւ այդ թերթերն առնուազն ինձ համար լուրջ ու յարգելի թերթեր են։
Այդ թերթերի էջերում տեղ տալ գրութիւնների, որոնք չեն վերլուծում երեւոյթների պատճառներն ու հետեւանքները, պարունակում են անճիշտ տեղեկութիւններ ու այդպիսի կնճռոտ հարցի կապակցութեամբ պարզապէս լեցուն են յուզախառն լոզունգներով՝ զարմանալի է։
Իմ մասին շատ կարճ ասեմ, որ ծնուել ու մեծացել եմ Իրանում, ճաշակել եմ Իրանի իսլամական յեղափոխութիւնն ու Իրան-Իրաք ութամեայ պատերազմը, 2001 թուականից կայք եմ հաստատել Հայաստանում։ Ունեմ բազմաթիւ հարազատներ, բարեկամներ, ընկերներ ու ծանօթներ, որոնք անցնող տասնամեակների ընթացքում Իրանից դուրս են եկել ու հաստատուել Աւստրալիայում, Հիւսիսային Ամերիկայի ու Եւրոպայի երկրներում, հիմնականում Ամերիկայի Միացեալ Նահանգներում։
Իմ մասին ասեմ նաեւ հետեւեալը։ Ես վաղը որտեղ կապրեմ՝ Շանհայում, Լոս Անջելեսում, Փարիզում, Թեհրանում, Բրազիլիայում թէ Երեւանում՝ Աստուած գիտի։ Սակայն ուր էլ ապրեմ ճշմարտութիւնը դրանից չի փոխւում։ Ոչ ոք իրաւունք չունի մէկ ուրիշի ասել, թէ նա որտեղ պիտի ապրի։ Դա մարդու ամենատարրական իրաւունքներից մէկն է։ Իսկ առաւել եւս այդ իրաւունքը նրանք չունեն, ովքեր ապրում են եւրոպաներում ու ամերիկաներում։ Ապրել բարեկեցիկ երկրներում ու Երրորդ Աշխարհի բնակիչներին ասել “գնում են, գնում”, մնացէք տեղում, նուազագոյնը զաւեշտական է։
Գրութիւնից պարզւում է, որ Իրանից դուրս եկող բոլոր հայերը, նոյնիսկ “ազգային դէմքերը, ուսուցիչները, գրողները, մտաւորականները” “կոյր” են ու “ոչխար ու գառ”, ու հաւանաբար միմիայն գրութեան հեղինակն է, որ լուսաւոր է ու տեսել է ճշմարտութիւնը՝ այն էլ, ի հարկէ, Փարիզից։
“1979 թուականի Իսլամական յեղափոխութեան հետեւանքով համայնքի կէսն (շուրջ 150 հազար) արդէն արտագաղթեց։ Իսկ այս վերջին տարիներին՝ աւելի քան 30-40 հազար հայ…”։ Այս թուերի ճիշտ ու սխալի մասին չեմ վիճում։ Պարզապէս հարցնում եմ՝ դուք անձնական ի՞նչ յատկանիշներ ու ի՞նչ որակներ ունէք, որ ձեզ թոյլ էք տալիս ձեր թուերով 180-190 հազար մարդու կոչել ոչխար ու գառ։ Այդ իրաւունքը ինչպէ՞ս էք վաստակել։
Մի պահ մտածել էք, որ ինչու՞ են մարդիկ, անկախ այն բանից, որ ուսուցիչ են թէ խանութպան, գործարար են թէ պաշտօնեայ, արհեստաւոր են թէ դասախօս, որոշում տարիների ընթացքում հաստատած իրենց տունն ու տեղը, իրենց քրտինքի արդիւնքը, հասարակական դիրքն ու նիւթական հարստութիւնը, տակն ու վրայ անել, քանդել ու փորձել հաստատուել մէկ այլ երկրում, որի նոյնիսկ լեզուն ու հասարակական յարաբերութիւնները յաճախ չգիտեն։ Միեւնոյն քաղաքում տնից տուն տեղափոխուելը հեշտ չէ, էլ ուր մնաց երկրից երկիր տեղափոխուելը։ Ուրեմն ինչու՞ են նրանք, երիտասարդ թէ ծեր, աղջիկ թէ տղայ, կրթուած թէ անկիրթ դիմում այդ քայլին, որը հաւասարազօր է արկածախնդրութեան։ Բոլորը՞ ոչխար են։
“Զոյգերը արագ-արագ ամուսնանում գնում են, երբեմն այնքան շտապ, որ հազիւ թէ Ամերիկա հասած բաժանւում են”։ Ի՞նչ վիճակագրական տուեալներ ունէք այդ կապակցութեամբ։ Հրապարակէք խնդրեմ։ Եթէ տպաւորութեամբ էք ասում, ես էլ ասեմ, որ իմ բարեկամների ու ծանօթների ու ճանաչածների շրջանում նման բան չի եղել։ Եթէ մէկ երկու զոյգի մասին լսել էք ու այն ընդհանրացնում էք, ուրեմն ձեզ տեղեկացնեմ, որ ձեր ընդհանրացումը ոչ գիտական է, ոչ էլ տրամաբանական։ Այդպիսի ընդհանրացում ցանկացած համայնքի ու ցանկացած ժողովրդի կապակցութեամբ կարելի է անել։ Դուք Իրանում ապրող հայ զոյգերի ամուսնալուծութիւնների թուի մասին տեղեա՞կ էք։
Այս տեսակէտից ինձ հետաքրքրում է մի այլ հարց եւս։ Եւրոպաներում ինչպէ՞ս է հայ զոյգերի վիճակը։ Ձեր գրութիւնից ենթադրում եմ, որ ընտանիքները ամուր են ինչպէս ժայռը, հայկական, ազգային, օրնակելի ամուսիններ, ոչ բաժանւում են, ոչ էլ ընդհանրապէս վէճ ու վիճաբանութիւն կայ ընտանիքներում։ Զոյգերը մէկ անգամ սիրահարւում ու յաւերժ ապրում են իրար հետ։ Երանի ձեզ…
“…ուրախ ու միամիտ կերպով վայելում են եւրոպական մասշտաբներով կեանք”։ Ի՞նչ է նշանակում այս արտայայտութիւնը։ Դուք դժգո՞հ էք, որ մարդիկ ուրախ են վայելում եւրոպական մասշտաբներով կեանքը։ Թէ ձեզ թւու՞մ է իրանահայերը մազոխիստ են ու ահա ուրախ կերպով ապրելով շեղւում են բնութեան օրինաչափութիւնից։ Կամ կարծու՞մ էք Վիեննա հասած բոլոր իրանահայերը միամիտ են, կայ չկայ հայ ազգը ծնել է միայն ձեր նման իմաստուն ու ճարպիկ մարդու։
Անհրաժեշտութիւն չեմ զգում անդրադառնալ գրութեան մէջ տեղ գտած բոլոր արտայայտութիւններին, որովհետեւ հէնց այսքանն էլ բաւական է ապացուցելու դրանց անլրջութիւնը։
Պարզապէս այդ գրութեան հեղինակին ասում եմ, Իրանահայերը “գնում են, գնում”, տեղ բացելով քո ու քո նմանների համար։ Դուք գնացէք ու ապրէք “Նոր Ջուղայի հպարտանքը համարուող Սբ. Ամենափրկիչ վանքում (որի, ի դէպ, երեք տարուայ դիւանապետը եղել եմ ես, որի համար հպարտ եմ (Ս.Մ.)), Րաֆֆու Սալմաստում, Չարենցի Մակւում, Ուրմիոյ լճի շրջակայքում, Թեհրանում…”։ Իսկ եթէ պատրաստ չէք ձեր տաքուկ փարիզներից քանդուել, առնուազն բարի եղէք ու չորս հարիւր ամեայ մի համայնքի անդամների, որոնք հազար ու մի վերիվայրումների բովից անցել ու պահպանել են իրենց ազգային ինքնութիւնը՝ մի վիրաւորէք։ Դուք դրա իրաւունքը բացարձակապէս չունէք։
Հայրենասիրութիւնից այդպէս մեծ մեծ խօսող հայերին կարող եմ մի գաղտնիք յայտնել։ Հայաստանի Հանրապետութիւնը, մեր հայրենիքի մի հատուածը, 1991 թուականից վերանկախացել է։ Եթէ պատրաստ չէք գնալ ապրել Ուրմիոյ լճի շրջակայքում, խնդրեմ՝ համեցէք, ապրէք Հայաստանում։
Որպէս վերջաբան նշեմ, որ այս յօդուածից ոչ ոք թող այն եզրակացութեան չգայ, որ ես խրախուսում եմ գաղթը։ Ես ոչ խրախուսում եմ, ոչ էլ դատապարտում։ Ինչպէս ասացի, ոչ ոք իրաւունք չունի մէկ ուրիշի ասել, թէ նա որտեղ պիտի ապրի։ Պարզ է, որ գաղթի կապակցութեամբ մտահոգութիւններ կան։ Մտահոգուած են շատ շատերը։ Ինձ համար խնդիրը միայն իրանահայերը չեն, խնդիրը նաեւ իրաքահայերն են, լիբանանահայերը, սիրիահայերը եւ մնացած բոլոր հայերը։ Սակայն դա չի նշանակում, որ պիտի մարդկանց վիրաւորել։ Ընդհակառակը դա նշանակում է, որ պիտի սառնասրտօրէն վերլուծել իրավիճակը ու փորձել ելքեր խորհել։
Ճշմարտութիւնը մէկն է՝ Հայաստանը հայ ազգի հայրենիքն է, բնօրրանը ու տայ Աստուած, որ մենք կարողանանք մեր երկրում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր հայերը՝ իրանահայերը, ֆրանսահայերը, կանադահայերը, արգենտինահայերը, բոլոր բոլոր հայերը գան ու հաստատուեն Հայաստանում։ Սակայն մինչ այդ օրը մենք իրար դաս տալու փոխարէն պիտի մաղթենք՝ յաջողութիւն։ Ով որտեղ ապրում է, թող յաջող լինի ու հայեացքը միշտ հայրենակենտրոն։
Սարգիս Մկրտչեան
www.sarkismkrtchian.blogspot.com
Երեւան, 20.Փետրուար.2009 թ.
1 comment:
Յարգելի Պարոն Սարգիս Մկրտչեան,
Այդ «Վէրք Պարսկահայոց» յօդուածի հեղինակը ես եմ:
Ձեր գրածը շա՜տ ճիշտ է, սակայն ես ոչ մի կերպ չեմ ցանկանում որեւէ մարդու խրատ տալ թէ այս կամ այն ինչ տեղ գնայ կամ թէ մնայ:
Ինձ միայն երեւոյթն է յուզիչ թւում ու փորձեցի այդ տխուր երեւոյթը գրի առնել:
Նպատակս երբեք մէկին վիրաւորել չի եղել:
Առ ի տեղեկութիւն՝
Ես մի երիտասարդ ֆրանսիահայ եմ, 21 տարեկան, ապրում եմ Փարիզի արուարձաներից մէկում: Այդ յօդուածը իմ առաջին հայերէնով յօդուածն է:
Նպատակս միայն եւ միայն այս ցաւալի «երեւոյթ», խօսքի՝ գաղթը նկարագրելն էր... Հիմա որ նորից եմ կարդում, ճիշտ է որ վերջի մի քանի խօսքերը անտեղի են...
Մեծ հաճոյքով ձեզ հետ կապի մէջ կը մտնել եթէ ցանկանում էք:
Յարգանօք՝
Կորիւն Խաչատուրեան
Post a Comment