Sunday, January 25, 2009

ՕԲԱՄԱ

Սուտ չասեմ Օբաման իմ վրայ լաւ տպաւորութիւն է թողնում։ Ի հարկէ ասել եմ (ու առաջինը չեմ, որ ասել եմ), հիմա էլ կրկնում եմ, քաղաքական գործիչների խօսքը մի բան է, գործը մի ուրիշ բան։ Պիտի սպասել տեսնել Օբաման ինչ ծաղիկ կը դնի ամերիկացիների (ու աշխարհի) գլխին։ Բայց խօսքը քաղաքական գործունէութեան մասին չի։ Խօսքը մարդու վրայ թողած տպաւորութեան մասին է։

Մարդիկ կան, որոնք դրական էներգիա են հաղորդում։ Մարդիկ էլ կան, որոնք վանող են, հարցն այն չէ, որ լաւն են թէ վատն են, հարցն այն է, որ թէկուզեւ հէնց առաջին հայեացքից զգում ես, որ մթնոլորտը ծանրացաւ, տհաճութիւն ես զգում ու ուզում ես արագ ձերբազատուել նրանից։

Մտածէք ձեր շրջապատում նման մարդիկ կը գտնէք։ Հրաւիրուած էք մի հաւաքոյթի ու մէկ էլ այսինչի ներկայութիւնից լաւ չէք զգում, բացասական էներգիա էք ստանում, մարդը ոչ մի վատ բան էլ չի արել, բայց հաւաքոյթը լաւ չի անցնում, ուզում էք արագ վերջանայ, գնաք տուն։

Այլ օրինակ բերեմ հէնց ԱՄՆ-ից։ Հիլարի Քլինտոնն ու Քոնդոլիզա Ռայսը։ Ռայսին տեսնում եմ, ուզում եմ հեռուստաալիքը փոխել։ Հիլարրին տեսնում եմ, մտածում եմ սրա հետ յամենայնդէպս կարելի է մի երկու բառ խօսել։

Մարդիկ կան, որոնք կեանք, կենսուրախութիւն, յոյս, պայքարի ոգի ու այսպիսի բաներ են ներշնչում։Տարիքով մեծ են թէ փոքր, նիւթապէս հարուստ են թէ աղքատ, տղայ են թէ աղջիկ, կապ չունի։Էութեամբ դրական են։Բազմաթիւ երիտասարդներ եմ տեսել, որ յուսահատ են, վատատես, մէկ անգամ որ ընկնում են, մտածում են հէնց այդտեղից ուղիղ գնան գետնի տակ։Վեր կենալու ու պայքարելու կամք չունեն։Եւ հակառակը։82 տարեկան կին եմ տեսել, որ գնում էր համացանցի (internet) դասարան։Կարելի է մտածել՝ ինչի՞ն է պէտք։Պատասխանը պարզ է՝ մարդը ապրում է, ապրում։

Մի խօսքով Օբաման իմ վրայ լաւ տպաւորութիւն է թողնում։

Երդմնակալութեան ժամանակ տեսաք ինչ խառնաշփոթ ստեղծուեց։Բառերը խառնեցին, յետ ու առաջ ասացին, կիսատ պռատ ասացին։ Յետոյ պարտաւորուեցին երդմնակալութիւնը կրկնել։Դա էլ էր դրական, գոնէ իմ վրայ դրական ազդեցութիւն թողեց։

Լաւ մնացէք։

No comments: