Friday, January 16, 2009

"ԱՅԼ ԱՇԽԱՐՀ ՀՆԱՐԱՒՈՐ ԵՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է"

"Երկիր" շաբաթերթի Յունուարի 16-ին տպագրուած համարում, տպագրուել է յօդուածս "Այլ աշխարհ հնարաւոր եւ անհրաժեշտ է" վերնագրով, որը ներկայացնում եմ ստորեւ.-

"2007 թվականի հունվարի 20-25-ը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում տեղի ունեցավ Համաշխարհային սոցիալական յոթերորդ համաժողովը (World Social Forum):

Համաշխարհային սոցիալական համաժողովը, որն սկիզբ է առել 2001 թվականին Պորտո Ալեգրեից (Բրազիլիա), ներկայումս կազմակերպվում է համաշխարհային (World), տարածաշրջանային (Regional) եւ թեմատիկ (Thematic) մակարդակներում:Սակայն առաջին համաժողովից ութ տարի անց այն այսօր դիմագրավում է լուրջ մարտահրավերներ:

Հիմնական հարցերը հետեւյալն են.

- Ո՞րն է այսօր համաժողովի նպատակը:

- Այն արդյոք ի վիճակի՞ է նոր-ազատական (Neo-Liberal) գլոբալացումից դժգոհ մարդկանց ու հավաքականությունների նպատակներն ու իղձերն ի կատար ածել, թե՞ ընդամենը պիտի բավարարվել մտքերի ու փորձերի փոխանակմամբ այնպես, ինչպես ամրագրված է համաժողովի սկզբունքների հռչակագրում. «Համաժողովը վայր է մտքերի ու փորձերի փոխանակման եւ առաջարկների ձեւակերպման համար»:

Համաշխարհային սոցիալական համաժողովների քննադատների կարծիքով` համաժողովների ընթացքում մտքերի մեծածավալ փոխանակություն է տեղի ունենում, սակայն վերջում որեւէ քաղաքական որոշում այդ վեճերից չի ծնվում:

Համաժողովի կողմնակիցներն էլ պնդում են, որ համաժողովները հանդիպման ու մտքերի փոխանակության միջավայր են եւ ոչ` քաղաքական որոշումներ կայացնելու միավորներ:

Քննադատների կարծիքով` համաժողովի բազմաբեւեռ եւ ոչ աստիճանակարգված կառույցը, որն ամրագրված է հռչակագրում, հաճախ խոչընդոտ է հանդիսանում արդյունավետ գործելու համար:

Կողմնակիցների կարծիքով էլ` համաժողովում առկա տարբերություններն են նրա հարստության աղբյուրը, եւ կազմակերպություն հիմնելու ցանկացած փորձ սխալ տեղ կտանի համաժողովը:

Մի կողմից, համաժողովը ձգտում է գտնել հստակ այլընտրանքներ նոր-ազատական գլոբալացման փոխարեն, եւ մյուս կողմից` համաժողովը ընդհանուր հայտարարություններ անելուց այն կողմ չի անցնում: Համաժողովի որեւէ մասնակից իրավունք չունի իր այլընտրանքը ներկայացնել որպես համաժողովի բանաձեւ, որովհետեւ դա իր հասկացած այլընտրանքն է եւ ոչ` բոլորի կողմից ընդունվածը:

Համաշխարհային սոցիալական համաժողովի կազմակերպիչներից Սամիր Ամինը (Samir Amin) «Լը Մոնդ դիփլոմաթիքի» 2007 թ. հունվարի համարում «Ո՞ր այլաշխարհայնացումը» հոդվածում գրում է. «...հասարակական շարժումների մեծ մասը կողմ չեն պայքարի արմատականացմանը: Այս ընտրությունը կատարվում է իրատեսական անհրաժեշտության, մեկուսացումից եւ ծայրահեղ ձախի պիտակ ստանալուց խուսափելու նպատակով...

Այժմ, երբ բոլորին պարզ է դարձել պարտությունը «ընկերվարություն» (սոցիալիզմ) կոչվող պատմական առաջին ալիքի փորձառության, շատերը ճարահատված դրամատիրությունը (կապիտալիզմ) համարում են անանցանելի հորիզոն: Հետեւաբար, ժողովրդական շարժումներն իրենց պայքարում հաճախ բավարարվում են նվազագույն նպատակներով: Նոր-ազատականության հետմղումը, անտարակույս, առաջնայինն է, սակայն առաջարկվող այլընտրանքները բավարարվում են «մարդկային դիմագծով» կառավարելի դրամատիրությամբ»:

Սա՞ է, արդյոք, համաժողովի բոլոր մասնակիցների նպատակը` «մարդկային դիմագծով դրամատիրությունը»: Պիտի՞, արդյոք, բավարարվել դրանով: Եվ ճի՞շտ է, արդյոք, խոսել ընկերվարության պարտության մասին:

Խորհրդային միության փլուզումը եւ խորհրդային համայնավարության (կոմունիզմ) ձախողման փաստը մեծ հարված հասցրին ընկերվարությանը: Պատահական չէ, որ ռուսական հայտնի անեկդոտն ասում է. «Ի՞նչ է ընկերվարությունը: Երկար ճանապարհ դրամատիրությունից դեպի դրամատիրություն»: Այսօր նույնիսկ որոշները խոսում են ընկերվարության ավարտի մասին: Սակայն ո՞վ ասաց, որ խորհրդային համայնավարությունն էր ընկերվարականների ընդունելի մոդելը:

Սակայն, ադուհանդերձ, թերեւս ճիշտ է համաձայնել, որ Համաշխարհային սոցիալական համաժողովն առաջին հերթին մի վայր է նոր-ազատական գլոբալացումից դժգոհ սոցիալական շարժումների ներկայացուցիչների համար` շփվելու եւ մտքեր ու փորձառություններ փոխանակելու նպատակով, որպեսզի դրանց միջից յուրաքանչյուրը հստակեցնի, թե ինչ այլ աշխարհ է պատկերացնում, ինչպես ու ինչ միջոցներով կարող է պայքարել` ստեղծելու այդ աշխարհը, եւ գտնի համագործակիցներ այդ պայքարում:

Քենիայի համաժողովում հինգ օրվա ընթացքում գումարվեց 1300 սեմինար, որն ապացուցում է աշխարհի սոցիալական շարժումների առաջացումը համաժողովից: Համաշխարհային սոցիալական համաժողովի` 2007 թվականի առանցքային կարգախոսը, նախորդ տարիներից որակական փոփոխություն կրելով, «Այլ աշխարհ հնարավոր է»-ից վերաճեց «Այլ աշխարհ հնարավոր եւ անհրաժեշտ է»-ի:

ՀՅ Դաշնակցության երիտասարդական կառույցը 2002 թվականից մասնակցել է Համաշխարհային սոցիալական համաժողովի տարածաշրջանային (Եվրոպա, Ամերիկաներ) եւ համաշխարհային (Բրազիլիա) մակարդակի համաժողովներին: Կուսակցության մակարդակով 2005 թվականին Դաշնակցությունը մասնակցել է այդ տարվա համաժողովին:

Սա պայմանավորված է Դաշնակցության գաղափարական համոզմունքներով: ՀՅ Դաշնակցությունը ընկերվարական կուսակցություն է եւ չի կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչը նորազատական գլոբալացումը բերում է աշխարհին եւ անկախությունից հետո` նաեւ հայրենի ժողովրդին: Հետեւաբար բնական է աշխարհի ներկա վիճակից դժգոհ եւ այլընտրանքներ փնտրող անհատների, կազմակերպությունների ու շարժումների հետ կապ հաստատելու` Դաշնակցության փորձը:

Իր ողջ պատմության ընթացքում միշտ էլ Դաշնակցությունը փորձել է կապ հաստատել ժամանակի առաջադեմ մտավորականների ու շարժումների հետ: Եթե ժամանակին հարաբերություն էր մշակվում Ժան Ժորեսի, Անատոլ Ֆրանսի ու Ժորժ Քլեմանսոյի հետ, այսօր նույն շրջագծում պիտի տեսնել «Այլըտրանքային ձայնասփյուռի» հիմնադիր ու տնօրեն Դավիթ Պարսամյանին Լիբանան հրավիրելու (2005 թ. ապրիլ)` ՀՅԴ «Զավարյան» Ուսանողական միության կամ աշխարհահռչակ լրագրող Ռաբերտ Ֆիսկին Կանադա հրավիրելու (2006 թ. դեկտեմբեր)` ՀՅԴ Կանադայի «Արմեն Գարո» Ուսանողական միության նախաձեռնությունները:

ՀՅ Դաշնակցության մասնակցությունը Համաշխարհային սոցիալական համաժողովներին միայն դա չէ:

Ի վերջո, Դաշնակցության շարունակականությունը պայմանավորված է ոչ միայն ֆիզիկականով, այլ նաեւ ու մանավանդ գաղափարականով, իսկ այդ գաղափարականն ապահովվում է` ուսումնասիրելով, մասնակցելով եւ մտքերի ու փորձառությունների փոխանակմամբ:

Համաշխարհային սոցիալական համաժողովներներին մեր մասնակցությունը պատադիր է, որովհետեւ այլ աշխարհ հնարավոր եւ անհրաժեշտ է ոչ միայն օտարներին, այլ նաեւ հատկապես մեզ` հայերիս, անհրաժեշտ է այլ Հայաստան` զերծ բարի եւ դաժան դեմքով նորազատականությունից ու հիմնված արդար կարգերի վրա:

Սա էլ յղումը`
http://yerkir.am/newspaper/index.php?section=8&id=1426

No comments: