Friday, February 25, 2011

ԶԱՒԵՇՏԱԼԻ ՅՈՒՇԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի իշխանական երեք կուսակցութիւնների միջեւ Փետրուարի 17-ին ստորագրուած նոր յուշագիրը խօսում է ներհայաստանեան քաղաքական դաշտի զաւեշտալի ու ողբերգական իրականութեան մասին։

Կարճ ասած դրանով Հայաստանի բնակչութեան ճնշիչ մեծամասնութեանը առաջարկւում է ընտրել ներքոյիշեալ երեք տարբերակներից մէկը.-
  1. Դիմել յեղափոխական պայքարի մեթոդներին ազատուելու համար ազգակործան այս ռեժիմից։ Անկեղծ ասած պայքարի այդ մեթոդին դիմող ոչ միայն ներկայիս չի երեւում, այլեւ նոյնիսկ հեռաւոր հորիզոնում էլ չի նշմարւում։
  2. Հետեւել յայտնի երաժիշտի՝ ասացուածքի վերածուած "Եղիր հեզ, խոնարհ եզ..." բառերին ։ Եթէ ընդունենք վիճակագրական պաշտօնական տուեալները, ըստ որի երկրում ապրում է երեք միլիոնից մի քիչ աւելի մարդ, ապա կարծում եմ սխալ չի լինի եթէ ասենք, որ ներկայիս երեք միլիոնի վիճակը սա է` մնացածն էլ տէրերն են։
  3. Յայտարարել, որ եղբայր, Հայաստան երկիր դրախտավայրը թողնում եմ քեզ, ես ուզում եմ գնալ դժոխք ռուսաստաններում ու ամերիկաներում ապրել։ Լա՞ւ է։ Գո՞հ էք։

Յուշագրի պատգամը սա է։ Իսկ մեզ մնում է այլ տարբերակներով խառնել ժողովրդին պարտադրուող խաղի կանոնները։

Պինդ մնացէք։

Monday, February 21, 2011

"ԾԻՐԱՆԻ ԾԱՌԵՐԻ ՏԱԿ" (2)

"- Լաւ ապրանք է,- ասաց Շերեփուկը։ - Ծիրանի չունե՞ս,- ու նախանձով նայեց Հրեշտակի մեզի շիթին, որը ոչ միայն ասֆալտի երեսի սառոյցն էր հալեցնում, այլեւ գոլորշի դարձած ետ դառնում ու տաքացնում ձիու փորատակը։ Ըստ երեւոյթին Շերեփուկը միզակապութեամբ էր տառապում։

- Ներող կը լինես,- հեգնեց Աւետիքը Շերեփուկին,- ինչպէս գիտես, ձիերի համար պետքարաններ չկան քաղաքում:

-Սովետի ժամանակ էլ չկար,- նոր կարգերին պաշտպան կանգնեց Շերեփուկը։

-Չկար,- համաձայնեց Աւետիքը: - Բայց ցարի ժամանակ կար, շահի ժամանակ կար։ Հիմա ձիերի կարծիքով մենք առա՞ջ ենք գնացել, թէ՝ ետ։"

"Ծիրանի ծառերի տակ", Ռուբէն Յովսէփեան, էջ 16

Saturday, February 19, 2011

"ԾԻՐԱՆԻ ԾԱՌԵՐԻ ՏԱԿ" (1)

"... որ հետաքրքրութեան առարկայի հետ բնութիւնը թեթեւակի կատակել էր. մի պտղունց քրիստոնէական փոշուն, էլի պտղունց-պտղունց, խառնել էր յեղափոխականութեան, ժողովրդավարութեան, հայրենասիրութեան, այլասիրութեան, փառասիրութեան փոշիներ, բայց չէր օժտել այս ամէնը գոնէ մի չանչուլ ամբողջականութեան մէջ շաղախելու կարողականութեամբ։"

"Ծիրանի ծառերի տակ", Ռուբէն Յովսէփեան, էջ 6

Saturday, February 12, 2011

ԹՈՒՆԻՍ, ԵԳԻՊՏՈՍ...

Մէկ-մէկ մտածում էի "Թունիսի չափ էլ չկանք"։
Արդէն երեկուանից մտածում եմ "Եգիպտոսի չափ էլ չկանք"։

Մտքերի մէջ ընկած յիշեցի, որ կանք, ինչու՞ չկանք, միթէ 1998-ին իշխանափոխութիւն չարեցինք։ Յետոյ ինքս ինձ հարց տուեցի՝ մի երկրում քանի՞ տարին մէկ կարելի է (կամ պէտք է, կամ հնարաւոր է) իշխանափոխութիւն անել։

Ի վերջոյ հասարակութիւնն էլ կենդանի օրգանիզմ է, ինչպէս մարդ անհատը, որը ցանկացած վիրահատութիւնից յետոյ ապաքինուելու, հանգստանալու, նոր ուժ ձեռք բերելու ժամանակ պէտք ունի։ Իսկ հանգստանալ, ապաքինուել ու նոր ուժ ձեռք բերել անպայման չի նշանակում նոր իշխանափոխութիւն անել։ Իշխանափոխութիւնը ինքնանպատակ չէ։ Նպատակը քաղաքացիների համար մարդավայել կեանքի պայմաններ ստեղծելն է, ազգի երազանքների իրականացմանը ձգտելն է...

Յամենայնդէպս երանի այն ժողովուրդներին, որոնք իշխանափոխութիւն են անում ու ազգի զարգացումը դնում բնականոն հունի մէջ` առանց կարիքն զգալու նորից իշխանափոխութեան մասին մտածելու ու այն իրականացնելու...

Լաւ մնացէք։

Monday, January 31, 2011

ԵՐԿՈՒ ԾԱՅՐԱՅԵՂՈՒԹԻՒՆ (2)

Գործակալը զանգեց երկրորդ բնակարանի տիրոջը։

Պայմանաւորուեցինք, որ իմ մեքենայով գնանք նրան իր բնակարանի առջեւից վերցնենք ու տանենք, որպէսզի վարձու տրուելիք բնակարանը մեզ ցոյց տայ։ 65-ի մօտ մարդ էր։ Նստեց մեքենաս։ Նստած-չնստած սկսեց խօսել գրականութիւնից։ Իրեն ներկայացրեց։ Ասաց, որ մի քանի ամիս եղել է ԱՄՆ-ում, որտեղ տեղի է ունեցել իր գրքերից մէկի շնորհահանդէսը։


Տեղ հասանք։

Մտանք բնակարան։

Հիւրասենեակում մի սեղան կար ու սեղանի վրայ լեփ լեցուն գիր ու գրականութիւն, թուղթ ու ...


Բերեց իր գրքերից մէկը։ Կարդաց իր բանաստեղծութիւններից։


Յետոյ բերեց յաջորդ գիրքը։ Իր կատարած թարգմանութիւններն էին օտար լեզուից հայերէն։


Յետոյ...


Նայեցի բնակարանը։ Տեւեց հինգ րոպէ։ Գրականութեան ու բանաստեղծութեան մասին խօսելը՝ կէս ժամ...

Ասացի, անկախ այն բանից, որ մենք ձեր բնակարանը կը վարձենք թէ ոչ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ անցնող մէկ ժամուայ ընթացքում ես ու մեզ ուղեկցող գործակալը հետաքրքիր եւ իրարամերժ երկու ծայրայեղ փորձառութիւն ապրեցինք։


Յետոյ պատմեցի նախորդ բնակարանատիրոջ հագնուածքի ու պահուածքի ու խօսելաձեւի մասին ու ...


Բանաստեղծ բնակարանատէրը ծիծաղեց։ Ասաց՝ անկախ ամէն ինչից՝ ինձ նուէր կը տայ իր գրքերից ու կը ցանկանայ հանդիպել...


Այս փորձառութիւնն ինձ համար հետաքրքիր էր։ Վերադառնալիս մտածեցի, որ այն մանաւանդ հետաքրքիր է սփիւռքահայերի համար։ Պատկերացրէք այն սփիւռքահային, որ տաս օրով Հայաստան է գալիս ու տեսնում է առաջին տեսակի մարդուն եւ այն սփիւռքահային, որ տեսնում է երկրորդ տեսակի մարդուն։ Ի՞նչ տպաւորութիւն է ստանում։


Եւ ի վերջոյ, եթէ նոյնիսկ երկրորդ տեսակի մարդու բնակարանը զիջում է առաջինին (որն ի դէպ այս պարագային չէր զիջում), պիտի վարձել երկրորդի բնակարանը եւ ոչ թէ առաջինի շատ պարզ պատճառով, որ երկրորդ տեսակը մնայ ու շատանայ Հայաստանում եւ առաջինը չքուի ու վերանայ Հայաստանից։


Լաւ մնացէք։

Saturday, January 29, 2011

ՍԵՒ ԼԵՔՍԻՈՒՍ

Մեքենայիցս իջնում էի, որ մեր բակի տղանրեը մօտեցան ինձ ու զրոյցի բռնուեցին։

Ասացին, որ տղաներից մէկն իրենց բնակարանից տեսել է, որ մի սեւ գոյնի լեքսիուս հարուածել է իմ մեքենային։ Լեքսիուսը փասխուստի է դիմել։

Տղան բացել է պատուհանը եւ գոռացել։ Ապարդիւն։ Մեքենան հեռացել է։

Լեքսիուսին ի՞նչ ցանկանամ։

Լաւ մնացէք։