Saturday, March 31, 2007

Ե.Ը.Ե.Կ.-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՎԱՐՇԱՒԱՅՈՒՄ

Երեկուանից Լեհաստանի մայրաքաղաք Վարշաւայում սկսել է Եւրահամայնքի Ընկերվարական Երիտասարդների կազմակերպութեան 8-րդ համագումարը։ Համագումարին մեր երիտասարդականը մասնակցում է մէկ հոգով՝ Արտակը՝ Հայաստանից։

Մեր երիտասարդականը այդ կազմակերպութեանն անդամակցում է դիտորդի կարգավիճակով (Observer)։ Լիիրաւ անդամ չենք, որովհետեւ այն կազմակերպութիւններն են կարող Ե.Ը.Ե.Կ.-ին լիիրաւ անդամակցել, որոնց երկրները Եւրամիութեան անդամ են։ Հայաստանը Եւրամիութեան անդամ չէ, բայց այդ ճանապարհին է։

Արտակի հետ առաջին միջադէպը պատահել է երեկ՝ օդանաւակայանում։ Լեհաստան ներս մտնելիս օդանաւակայանի ոստիկանութիւնը երկու ժամ նրան պահել է ստուգելու հրաւէրի իսկութիւնը։ Երբ պարզուել է, որ ամէն ինչ ճիշտ է եւ նրան թողել են ներս մտնի երկիր, պարզուել է, որ հիւրընկալող լեհական կողմը, որ եկել է օդանաւակայան նրան դիմաւորելու, սպասել, սպասել է ու սպասելուց յոգնելով՝ թողել գնացել։ Արտակը պարտաւորուել է սակակառքով մեկնի ժողովավայր։ Պատկերացնում էք, եթէ մեր որեւէ շրջանի երիտասարդական միութիւնը օտարազգի հիւր ունենար ու այդ օտար հիւրին նման բան պատահէր, մերոնք ինչ էին անելու (նուազագոյնը զանգելու էին երկրի նախագահին)։

Ե.Ը.Ե.Կ.-ի մասին յաւելեալ տեղեկութիւններ ձեռք բերելու համար կարող էք այցելել www.ecosy.org կայք էջը։

Արտակին մաղթենք յաջողութիւն։

Յ.Գ. Երեկ հանդիպեցի Ընկերվար-Միջազգայնականի Կանանց յանձնաժողովում մեր կազմակերպութեան ներկայացուցիչ՝ Մարիա Թիթիզեանին։ Խօսեցինք Մարտի 17-ին Երեւանում այդ յանձնաժողովի գումարծ տարածաշրջանային ժողովի մասին։ Մարիան ասում էր, որ հիւրերը շշմած էին մեր կազմակերպութեան հիւրընկալութեամբ։ Այդ լսելով ակամայ մտածեցի՝ էհ լեհեր, լեհեր...

Thursday, March 29, 2007

ԳԻԺ ՄԱՐՏ ԱՄԻՍ

Այսօր Մարտի 29-ն է։ Առաւօտեան քնից արթնացայ, պատուհանից դուրս նայեցի ու ինչ տեսնեմ` ձիւն։ Էլի ձիւն էր գալիս։ Մարտի վերջին օրերին ձիւն, ճիշտն ասած չէի տեսել։

Հետաքրքիրն այն է, որ Կոմիտասում աւելի շատ ձիւն կար, քան Կենտրոնում։ Պատճառն այն է, որ Կենտրոնը աւելի ցած է, քան Կոմիտասը, իսկ Կոմիտասն աւելի ցած, քան օրինակ Զէյթունը եւ պատահում է, որ Կենտրոնում ձիւն չկայ, իսկ Զէյթունից իջնող մեքենաների վրայ ձիւն կայ։

Ճաշուան արեւը շողշողում էր երկնքում։

Այսպէս էլ է լինում, չէ որ Մարտը գիժ ամիս է։

Լաւ մնացէք։

Wednesday, March 28, 2007

ՍՓԻՒՌՔԱՀԱՅԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ (3)

Շարունակութիւն նախորդ համարից.-

31.- Սոտուի- Բջջային
32.- Պատեզդ- Շէնքի մուտք
33.- Շոչիկ- Հաշուիչ
34.- Պուլտ- Հեռակառավարման վահանակ (Control)
35.- Զդաչի- Վերադարձուող մանր դրամ
36.- Եառմառկա- Տօնավաճառ
37.- Պեռեռիւ- Ճաշի ընդմիջում
38.- Սփասիբա- Շնորհակալութիւն
39.- Պաժալստա- Խնդրեմ
40.- Մոյկա-Մեքենայի լուացման կէտ (Carwash)

41.- Զամոկ-Կողպէք, փական
42.- Պռուժին-Զսպանակ
43.- Ապտեկա- Դեղատուն
44.- Օպտիկա- Ակնոցավաճառանոց
45.- Կառավատ- Մահճակալ
46.- Ռազբոռկա- Երկու կամ աւելի կողմերի միջեւ հաշիւների գողական պարզաբանում
47.- Դաւայ- Արի... (Դաւայ գնանք= Վեր կաց գնանք, Արի գնանք)
48.- Շուստրի- Սրիկայ, աւելորդ ճարպիկ
49.- Խառոշի- Բառացիօրէն՝ լաւ (Գործնականում՝ կիսախուլիգան, կիսագողական մարդ)
50.- Պադալոկ- Առաստաղ

Monday, March 26, 2007

"ՍԷՐԸ ԽՈԼԵՐԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ" (1)

""Այլեւս մի մտածիր այդ մասին",- ասաց նա։ Դկ. Ուրբինոն երանութեան հեռաւոր ափերից ժպտաց նրան եւ նոր միայն սկսեց մտածել այն մասին, ինչի մասին կինը զգուշացնում էր"։(էջ 40)

"Ութսունմէկ տարեկան հասակում նա դեռ ընդունակ էր զգաստ մտածողութեան՝ հասկանալու համար, որ ինքն այս աշխարհի հետ կապուած էր ընդամէնը մի քանի նուրբ թելերով, որ առանց ցաւի կարող էր կտրուել քնի մէջ դիրքի պարզ փոփոխութեամբ, եւ եթէ կարելին անում էր այդ մի քանի թելը պահպանելու, ապա միմիայն մահուան խաւարում Աստծուն չգտնելու սարսափից"։ (էջ 43)

"...հետաքրքրութիւնը սիրոյ բազում դիմակներից մէկն է ընդամէնը։"(էջ 67)

"...երբ աւելի շատ նրա մասին էր մտածում, քան ճշգրիտ գիտութիւնների..." (էջ 71)

"Շատ լաւ, կամուսնանամ, եթէ խոստանաս, որ չես ստիպելու սմբուկ ուտել"։ (էջ 72)

"Նա դեռ շատ երիտասարդ էր հասկանալու, որ սրտի յիշողութիւնը ջնջում է վատը եւ գունազարդում լաւը, եւ հէնց այդ հնարքի շնորհիւ է, որ դիմանում ենք անցեալին"։ (էջ 104)

"Ես ձեր դստերն ասացի, որ նորափթիթ վարդի է նման։
Ճիշտ է,- ասաց Լորենցօ Դազան,- սակայն շատ փշոտ"։ (էջ 117)

"Սկզբում դեռ լսում էր Լորեցօ Դազայի հրամցրած մեղայակնները աղջկայ անունից, որին հայրը արքայազնի արժանի լուրջ ու խելացի աղջիկ անուանեց, անկախ նրանից՝ արքայազնն այստեղից կլիներ, թէ ուրիշ տեղից, ու որի միակ թերութիւնն, իր ասելով, ջորու բնաւորութիւնն էր"։ (էջ 118)

"... Ու թուաց, թէ այդ ամէնը ալկոհոլի չարաշահումից է աչքին երեւում։ Յետոյ վեր կացաւ այն զարմանալի զգացողութեամբ, որ ինքը գտնւում է մի մարմնի մէջ, որ ոչ թէ իրեն էր պատկանում, այլ այն մէկին, որ դեռ շարունակում էր նստած մնալ իր նստած աթոռին, եւ խելքը չթռցնելու համար մեծ ջանքեր պահանջուեցին"։ (էջ 119)

Friday, March 23, 2007

ՕԾԱՆԵԼԻՔԸ, ԳԻՐՔԸ, ԼՈԼԻԿԸ ԵՒ ԿՕՇԻԿԸ

Կոմիտասի պողոտայում Բարեկամութեան մետրոյից բարձրանալիս Փափազեանի խաչմերուկին չհասած աջի ձեռի վրայ կայ մի դեղատուն, որը նաեւ օծանելիք ու նման բաներ է վաճառում։ Ճիշտ այդ խանութի դիմաց՝ պողոտայի միւս մայթին կայ նուէրների խանութ։
Յունուարին դեղատնից գնեցի մի օծանելիք 15000 դրամ արժողութեամբ։ Միւս օրը նուէր գնելու նպատակով մտայ յիշեալ նուէրների խանութն ու ինչ տեսնեմ՝ նոյն օծանելիքը 10800 դրամ։ Այսինքն 4200 դրամ տարբերութիւն պողոտայի մի մայթից միւս մայթի միջեւ։ Այսինքն %46 տարբերութիւն։ Պիտի ընդունել, որ տարբերութիւն քիչ չէ։

Անցեալ շաբաթ Կոմիտասի պողոտայում մի գրախանութից գնեցի Մարկեզի "Սէրը խոլերայի ժամանակ" վէպը` 2000 դրամ (ի դէպ ներկայիս այդ գիրքն եմ կարդում)։ Մի երկու օր առաջ Աբովեան փողոցի գրախանութներից մէկում նոյն գիրքը տեսայ վաճառում են՝ 1500 դրամ։ Այսինքն %34 տարբերութիւն։ Պիտի ընդունել, որ 2000 դրամի մէջ 500 դրամի տարբերութիւնը շատ է։

Վերոյիշեալները կեանքիս մէջ՝ Հայաստանում, Իրանում թէ այլուր, պատահած "քցուելու" միակ դէպքերը չեն։ Ճիշտն ասած ասես-չասես այս տեսակ քցուելների հետ հաշտուել եմ։

Մի քանի օր առաջ կարդում էի տնտեսագիտութեան դոկտորայի մի ուսանողի յուշերը՝ Վիեննայից, որը գրել էր, որ իրենք (իր ընտանիքը) միշտ միրգ ու բանջարեղէն են գնում մրգի շուկայից, որը Վիեննայում յայտնի է "թուրքերի շուկայ" անունով։ Փետրուարեան մի օր լոլիկը շուկայում գնել է մէկ կիլօն 70 սենտ, գիշերը հիւր է ունեցել ու պարտաւորուել է գնալ իրենց տան մօտի մթերային մեծ խանութից (Super Market) գնել լոլիկ՝ այս անգամ կիլօն 3.2 Եւրօ։ Պատկերացնում էք 380 տոկոս արժէքի տարբերութիւն։ Գրողը եզրակացնում է, որ եթէ այդ բանը պատահէր օրինակ Իրանում` մարդիկ իրենց բախտին, աշխարհին, վարչակարգին եւ էլ ում ասէս կը հայհոյէին ու կասէին, որ այսպիսի բան աշխարհի ոչ մի անկիւնում չես տեսնի, որ իրենք դժբախտ են եւ այլն։

Լոլիկի պատմութիւնը կարդալուց յետոյ մի քիչ հանգստացայ։ Պարզուեց, որ միայն ինձ չեն քցում։

Մենք կարծում ենք, որ ինչ պատահում է Հայաստանում (աւելի ճիշտ է ասել Հարաւի չզարգացած երկրներում) իւրայատուկ է միայն Հայաստանին ու հայ ժողովրդին, որ մենք հայերս այսպէս ենք ու այնպէս, որ աշխարհի ուրիշ ոչ մի տեղ (կամ առնուազն զարգացած երկրներում) նման բան չես տեսնի եւ դժգոհել մեր բախտից եւ այլն։ Նման արտայայտութիւններ շատ ենք լսում, բայց իրականում այդ երեւոյթը միայն մեզ յատուկ չէ (ինչպէս տեսանք Աւստրիայում էլ այդպիսի բաներ պատահում են)։

Եզրակացութիւն (1)։ Նոյն ապրանքը նոյն քաղաքի տարբեր խանութներում՝ երբեմն նոյնիսկ իրար դիմաց կամ իրար կողքի, տարբեր արժէքներով վաճառելը իւրայատուկ չէ միայն մեզ։

Եզրակացութիւն (2)։ Ապրանք գնելիս պիտի ուշադիր լինել, սակայն ինչքան էլ մարդ ուշադիր լինի ի վերջոյ "քցուելու" հաւանականութիւնը կայ։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Երեկ առաւօտեան կինս գնացել է Բարեկամութեան մետրոյի շրջակայքում գտնուող շուկան տղայիս համար տան կօշիկ գնելու նպատակով։ Փնտրել, փնտրել է ու գտել մի կօշիկ՝ 2500 դրամ արժողութեամբ։ Չի գնել։ Էլի է ման եկել ու մի քանի կրպակ այն կողմ՝ տեսել է նոյն կօշիկից վաճառում են 2000 դրամ։ Ոուրախ ուրախ գնել է մտածելով, որ ճարպիկ է, որ 500 դրամ չի "քցուել"։ Եւս մի քանի կրպակ այն կողմ ու ի՞նչ տեսնի։ Նոյն կօշիկից վաճառում են 1500 դրամ։ Հիմա կինս մի կողմից ուրախ է, որ 500 դրամ չի "քցուել" ու միւս կողմից տխուր է, որ 500 դրամ "քցուել" է։

Եզրակացութիւն (3)։ Շուկայում որեւէ ապրանք գնելուց յետոյ այլեւս այդ ապրանքի հետեւից ման մի եկեք, տեսաք էլ ուշադրութիւն մի դարձրէք։

Wednesday, March 21, 2007

ԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ

Այսօր Իրանում Նոր Տարուայ առաջին օրն է։

Պարսիկները Նոր Տարին եւ գարնանամուտը նշում են Մարտի 21-ին։

Իրանական Նոր Տարուայ սեղանը կոչւում է "Եօթ Ս"։

Աւանդութեան համաձայն Նոր Տարուայ սեղանին պիտի դրուեն Ս տառով սկսուող եօթ ուտեստներ, ինչպէս օրինակ խնձոր, որ պարսկերէնում կոչւում է "սիբ" եւ սկսւում է ս-ով կամ քացախ, որ պարսկերէնում կոչւում է "սեռքէ" եւ սկսւում է ս-ով եւ այլն։

Իրանական Նոր Տարուայ ամենահաճելի բանը աշակարտների, ուսանողների, պաշտօնեաների եւ հասարակութեան շատ ու շատ խմբերի համար այն է, որ թէեւ պաշտօնապէս հաստատութիւններն արձակ են չորս-հինգ օր, բայց իրականում արձակուրդը տեւում է 15 օր։ Պատկերացնում էք, օրինակ, աշակերտ լինէք ու մէկ էլ 15 օր արձակուրդ։

Իրանում Մարտի 21-ից՝ այսինքն Նոր Տարուանից, սկսում է նաեւ Գարունը։ Գարնանամուտի առումով էլ ճիշտը հէնց սա է։ Այսօր ցերեկն ու գիշերը հաւասարւում են։ Յետոյ քիչ-քիչ ցերեկն սկսում է երկարել ու օդն էլ սկսում է իրօք գարնանային դառնալ։ Ասում եմ իրօք, որովհետեւ ընդամէնը մի երկու օր առաջ էր, որ Երեւանում ձիւն էր գալիս։ Այդ օրն յիշեցի "Գարուն ա, ձուն ա արել..."

Առիթն օգտագործելով Իրանի ժողովրդին շնորհաւորում եմ Նոր Տարին։

Թող այն Հայ-Իրանական յարաբերութիւնների խորացման առումով արգասաբեր տարի լինի։

Լաւ մնացէք։

Monday, March 19, 2007

ԱՆՁՆԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ

Յաճախ մեր զրոյցների ընթացքում հիացմունքով խօսում ենք 21-րդ դարում հաղորդակցութեան միջոցների գերզարգացութեան մասին։ Իրաւամբ էլ այդպէս է։ Հաղորդակցական միջոցների` յատկապէս համացանցի, ընձեռած հնարաւորութիւնները շատ շատ են ու օրէցօր էլ շատանում են։

Այդ զրոյցների ընթացքում էլ յաճախ մենք մեզ քննադատում ենք, որ յետ ենք մնացել աշխարհից, որ արդիական ձեւերից (Method) չենք օգտւում կամ դրանց չենք տիրապետում ու երբեմն դրանց նոյնիսկ ծանօթ չենք։ Սա էլ է ճիշտ՝ բայց ոչ այդքան խտացրած կերպով։

Երբեմն մտածում եմ, որ որոշներն ինչքան են մտածում մարդ արարածի հանգստութեան մասին` ամէն ինչ անում են, որ մարդը հեշտութեամբ ու ընդամէնը մի երկու կոճակ սեղմելով հասնի այն ամէնին՝ ինչ ուզում է։

Միաժամանակ պարզից էլ պարզ է, որ ուրիշների անձնական կեանքով հետաքրքրուելն ու դրանում խառնուելը ճիշտ չէ։ Դա հանրային ոլորտ չէ, որ ով ցանկանայ գլուխը բռնի ու ներս մտնի։ Ի վերջոյ կայ մարդու իրաւունք։

Սակայն արի ու տես թէ ինչպէս են գերզարգացած հաղորդակցական միջոցները ծառայում ոմանց՝ ներթափանցելու մարդկանց անձնական (ու անանձնական) կեանքի սահմաններից ներս։ Յատկապէս իրենց ժողովրդավար ու մտքի ու խօսքի ազատամարտիկ հռչակող եւ մարդու իրաւունքների մասին անվերջ խօսով գերմեծերը, որոնք միաժամանակ տիրապետում են հաղորդակցութեան գերզարգացած միջոցներին, լաւապէս օգտագործում են այդ հնարաւորութիւնները։

Օրինակ.-

1.- Gmail-ի տէրերը հեշտութեամբ կարող են իմանալ, որ ես ումից (ու ինչ) նամակներ եմ ստանում եւ ում (ու ինչ) նամակներ եմ գրում։ Նկատի պիտի ունենալ նաեւ, որ gmail-ի տարողութիւնը շատ է եւ եթէ ես նոյնիսկ որեւէ նամակ նետեմ աղբարկղը՝ մինչեւ այդ նամակն աղբարկղից էլ չջնջեմ, այն կը պահուի այնտեղ (նոյնը չէ օրինակ Yahoo-ի պարագային, աղբարկղ նետուած նամակը մի քանի օրից ինքնաբերաբար ջնջւում է (ի հարկէ սա չի նշանակում որ Yahoo-ի տէրերը սուրբ են))։

2.- Բաւական է, երբ բացում եմ իմ էլեկտրոնային նամակատուփը, մէկը (ասենք gmail-ի տէրերը) գրանցի իմ համակարգչի IP-ն։ Դրանից յետոյ նա կարող է իմանալ, որ ես երբ, ինչ եմ փնտրել համացանցում (ինչ տեղեկութիւններ եմ փորձել ձեռք բերել), ինչքան ժամանակ եմ յատկացրել այդ փնտրման համար եւ դրանով էլ եզրակացնի թէ դա ինչքան կարեւոր (կամ անկարեւոր) է եղել իմ համար։

3.- Google-ը մէկ ու կէս միլիարդ ԱՄՆ դոլար վճարեց գնելու համար Youtube-ը։ Այսօր շատերը հիացած են Youtube-ի ընձեռած հնարաւորութիւններով։ Իրօք էլ այդպէս է։ Սակայն իրականում տէրերը Youtube-ի միջոցով ձգտում են (կամ առնուազն ցանկութեան դէպքում կարող են) իմանալ, որ այսինչ IP-ով համակարգչից օգտուողը ինչ տեսաերիզներ է դիտում, ինչ նիւթերով է հետաքրքրուած, դրանց ինչքան ժամանակ է յատկացնում եւ ինչ տեսաերիզներ է տեղադրում Youtube-ում։ Սա էլ մէկ ու կէս միլիարդ դոլարանոց գործարքի իմ կարծիքով գլխաւոր պատճառը։

4.- Google- Talk-ի եւ Google Chat-ի միջոցով տէրերը կարող են իմանալ, որ երբ, ում հետ, ինչքան եմ խօսում եւ ինչի մասին։

5.- Google Alert-ի միջոցով կարող են իմանալ ինչ լուրերով կամ նիւթերով եմ հետաքրքրուած եւ ինչերն են իմ համար կարեւոր, որոնց ցանկանում եմ պահել ուշադրութեանս կենտրոնում։

6.- Blogger-ի՝ այսինքն հէնց այս էջի միջոցով կարող են իմանալ ինչեր են անցնում իմ մտքում, ես ինչ նիւթերի մասին եմ գրում, ընթերցողներին ինչ եմ ասում այսինչ կամ այնինչ հարցի մասին (օրինակ Google-ի, Gmail-ի ու Youtube-ի) ինչ կարծիք ունեմ եւ այլն։

Այս օրինակները կարող եմ շարունակել։

Հարց է առաջանում՝ հիմա ի՞նչ անենք։ Չօգտուե՞նք հաղորդակցութեան զարգացած միջոցներից։ Ի հարկէ պիտի օգտուենք, բայց պիտի ուշադիր լինենք ու մեղմ ասած՝ շատ չյուզուենք։

Լաւ մնացէք։