Friday, November 9, 2007

WEBLOG-ԵՐԻ ՄՐՑՈՅԹ

Գերմանիայի ռադիոն (Դոյչէ վելլէ) արդէն քանիերորդ տարին է ինչ կազմակերպում է լաւագոյն weblog*-երի մրցոյթ։

Մրցոյթն անց է կացւում մի քանի լեզուներով տպագրուող կայք էջերի շրջանակում, ընդորում իսպաներէն, չինարէն, պարսկերէն եւ այլն։

Հետաքրքիր է իմանալ, որ ամենատարեց կայք էջ գրողը Աւստրալիացի 108 տարեկան կին է Olivie (Զէյթուն) անունով http://www.allaboutolive.com.au ։ Իսկ Իսպանացի 95 տարեկան մի կին Մարիա Ամալիաս Լոպէզ անունով իսպաներէնի բաժնում այս տարի համարւում է առաջնութեան յաւակնորդներից http://amis95.blogspot.com/ ։ Նա ունի 60000 (վաթսուն հազար) մշտական ընթերցող։

Թէեւ վերջին մէկ երկու տարուայ ընթացքում հայերի մօտ շատացել են weblog գրողների թիւը (անշուշտ կան մարդիկ, որոնք արդէն մի քանի տարի է ինչ ունեն իրենց անձնական կայք էջերը), սակայն հայերէն կամ հայերի միջոցով թէկուզեւ այլ լեզուներով գրուող կայք էջերի թիւը տակաւին շատ քիչ է օտար լեզուներով գրուող կայք էջերի համեմատութեամբ։

Այս եզրակացութեանը կարելի է գալ ընդամէնը համացանցում մի երկու փնտրտուքով։ Յատկանշական է, որ ամենաշատ կայք էջեր ունեցող ազգերի թուին են պատկանում պարսիկները։ Նրանք այս առումով գտնւում են բարձր դիրքերում` խօսքը եւ Իրանում եւ Իրանից դուրս ապրող պարսիկների կայք էջերի մասին է։ Ոմանք դա վերագրում են Իրանում առկայ քաղաքական ու հասարակական մթնոլորտին։ Ես կարծում եմ դրանում դեր ունեն նաեւ այլ ազդակներ` ինչպէս ազգի թուաքանակը եւ այլն։

Յամենայնդէպս մեզանում պետական ու քաղաքական (նաեւ կուսակցական) այրերի թիւը, որոնք ունեն կանոնաւոր կերպով թարմացուող կայք էջեր շատ շատ քիչ է։ Նոյնիսկ կարող եմ հաստատ ասել, որ մեծ թուով անհատների համար դա դեռ բացատրուած չէ**, մինչդեռ աշխարհում օրէցօր աւելի ու աւելի է շատանում կայք էջերի թիւը ու յատկապէս դրանք կատարելագործւում են թէ սպասարկող ընկերութիւնների կողմից տրամադրուող հնարաւորութիւններով եւ թէ օգտագործող անհատների իմացութեան ու ճաշակի պատճառով։

Տարաբնոյթ են կայք էջերը։ Էլ ուսանողներ, որոնք գրում են համալսարանական կեանքից, էլ քաղքական գործիչներ, որոնք գրում են քաղաքական իրադարձութիւններից, էլ տնտեսուհիներ, որոնք գրում են ամբողջ օրը տանն անցկացնող կնոջ ապրումներից ու տարբեր տեսակի կերակուրներ եփելու ձեւերից, էլ լրագրողներ, էլ մեքենայ սիրողներ, էլ երեխայի դաստիարակութեամբ հետաքրքրուողներ եւ այլն եւ այլն։

Եւ պարտադիր չէ, որ կայք էջ գրողը` գրի իր իսկական անունով ու բացայայտի իր ինքնութիւնը։ Գոյութիւն ունեն բազմաթիւ կայք էջեր, որոնց հեղինակներն յայտնի չեն (հեղինակները ինչ-ինչ պատճառներով չեն ուզում բացայայտուել), սակայն պարունակում են հետաքրքիր ու իմաստալից տեղեկութիւններ կամ
արտացոլում են անկեղծ ապրումներ։ Ապրումներ, որոնց մասին հեղինակը (ու շատ շատերը) կը վախենան, կամաչեն կամ հազար ու մի պատճառով չեն ցանկանայ բացայայտ արտայայտուել (այս պատճառով էլ որոշներն ունեն մէկից աւելի կայք էջեր)։

Ինձ համար կայք էջեր կարդալն ու նորերը փնտրելը դարձել է հաճելի սովորութիւն։

Մի տեղ կարդացի “Ամէն մի նոր weblog, մի նոր պատուհան է դէպի աշխարհ”։ Ես համաձայն եմ այս կարծիքի հետ, նկատի ունեանլով, որ ամէն մի կայք էջի յետեւում մի մարդ է, մի աշխարհ ու յատկապէս մի չբացայայտուած ներաշխարհ։

Յոյսով եմ մի օր նաեւ հայերէն կամ հայերի միջոցով գրուող օտար լեզուներով կայք էջերի մրցոյթ անցակացուի, որովհետեւ դա պատճառ կը դառնայ, որ գրողները էլ աւելի ուշադիր լինեն իրենց գրածների մէջ, էլ աւելի անկեղծ գրեն, էլ աւելի բովանդակալից գրեն, սակայն դրանից շատ աւելի շատ ցանկանում եմ մեզանում շատանան կայք էջերի թիւը, այն պատճառներով (ու էլի ուրիշ պատճառներով), որ վերեւում նշեցի։

Փորձէք սկսել պատրաստել ձեր անձնական կայք էջը։

Լաւ մնացէք։

* Հայերէնում website-ը թարգմանուել է կայք էջ, իսկ թէ ինչ պիտի թարգմանել weblog-ը` ես չգիտեմ։ Իմացողները թող ինձ էլ տեղեկացնեն։

** Երբ ես ուզում էի սկսել պատրաստել իմ կայք էջը, որպէս կուսակցական պատասխանատու մարդ, հանդիպեցի մի խոչընդոտի, որը թէեւ ինձ համար զաւեշտական էր, սակայն կարող էր փչացնել գործը։ Դրա մասին կը գրեմ աւելի ուշ, յարմար առիթով։

Wednesday, November 7, 2007

ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀՆ Ա, ԷԼԻ

Մի մեծ ընկերութեան տնօրէններից մէկն ինձ հարցրեց, որ իրենց ընկերութիւնում աշխատատեղ է ազատուել եւ արդեօք ես տուեալ աշխատանքի համար մասնագէտ գիտեմ։

Պատասխանեցի երկու հոգու գիտեմ, որոնք ապրում են Հիւսիսային Ամերիկայում։

Պատասխանեց` նրանք մեր տուած աշխատավարձով չեն գալ Երեւան (խօսքը մի քանի հարիւր դոլարի մասին է)։ Այդ աշխատավարձով նոյնիսկ Իրանից ու Լիբանանից մէկը չի գայ Երեւան աշխատելու։

Իմ կարծիքով տնօրէնի այդ պատասխանի մէջ կարելի է գտնել Երրորդ Աշխարհի բնակչութեան դէպի զարգացած երկրներ գաղթի պատճառներից մէկը։ Մեղմ ասած, Երրորդ Աշխարհի ժողովրդների, այս պարագային Իրանի ու Լիբանանի քաղաքացիների համար վիրաւորական է լսել “Այդ աշխատավարձով նոյնիսկ Իրանից ու Լիբանանից մէկը չի գայ Երեւան”։ Պարզ է, որ խօսքը կենսամակարդակների տարբերութեան մասին է, սակայն ի՞նչու “նոյնիսկ”։ Ճիշտ կարծես սրանք մարդ չեն, բայց նրանք մարդ են, սրանց առաջ մի բան էլ քցես` կապրեն, բայց նրանք` ոչ։ Իսկ եթէ՞ հէնց այս մարդիկ վաղը հասնեն զարգացած երկրներ…

Երբեմն տխուր են իրականութիւնները։

Պինդ մնացէք։

Յ.Գ. Թերեւս հնարաւոր է դիմել աշխատանքի տեղաւորման գործակալութիւններին, թերեւս գտնուեն մարդիկ, որոնք պատրաստ լինեն առաջարկուող աշխատավարձի մէկ տասերորդով էլ աշխատել, այդ դէպքում այդ պաշտօնի համար կարելի է վարձել 10 հոգի։ Բայց թէ սրանք 10 հոգով նրանցից ընդամէնը մէկի գործը կարող են անել` խիստ կասկածում եմ։

Sunday, November 4, 2007

ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐՆ ՈՒ ՄԷԿ ԷԼ...

“Արմենիա” հեռուստաընկերութիւնը սփռում էր հարցազրոյց Վոգա (եթէ ճիշտ եմ լսել) անունով երգչի հետ, միջահասակ մի մարդ, որն արդէն տաս տարի է, ինչ ապրոմ է Լոս Անջելեսում։

Երգիչը մի հետաքրքիր պատմութիւն պատմեց, որն ուզում եմ գրի առնել։

Նա ասաց, որ “Կեանքիս մէջ կռիւ շատ եմ տեսել` հարսանիքներում, ճաշարաններում, խնջոյքների ժամանակ եւ այլն, բայց օդանաւում չէի տեսել։

Մոսկուայից թռնում եմ Լոս Անջելես։ Օդանաւում լիքը հայեր կան։ Մէկ էլ ինձնից մի քանի շարք յետեւ նստած հայերը խօսքի բռնուեցին ինձնից մի քանի շարք առաջ գտնուող հայերի հետ։ Ծանօթացան ու քիչ յետոյ տեսնեմ յետեւից մէկը ձեռքով խփում է ուսիս։ Յետ եմ նայում, տեսնեմ յետեւի աթոռին նստած մարդն ասում է` այս բաժակն առաջ տուր։ Ես էլ իմ հերթին ձեռքով խփում եմ իմ առջեւի աթոռին նստած մարդու ուսին ու ասում` այս բաժակն առաջ տուր։ Դատարկ բաժակը գնաց տեղ հասաւ։ Յետոյ լցուեց կոնիակով ու պարզ է, որ հիմա այդ ճանապարհը պիտի յետ գայ։

Պատկերացնում էք օտարազգիների, օրինակ ամերիկացիների, որոնք արեւի ակնոցն աչքներին աթոռը յետ են տուել ու քնել կամ հանգիստ դիրք ընդունել ու մէկ էլ մէկը խփում է նրանց ուսին ու ասում` այս դատարկ բաժակը առաջ տուր կամ այս լիքը բաժակն յետ տուր։

Այսպէս բաժակը մի քանի անգամ գնաց ու եկաւ։ Ու այդ ընթացքում հայերը բարձր ձայնով խմում են ծնողների, երեխաների, Երեւանի, սրա ու նրա կենացը։ Ճիշտ կարծես նստած են սեփական տանը։ Ու այդ կենացներից մէկի ժամանակ, մէկ էլ յետեւում նստածներից մէկն առաջարկեց խմել այնինչի կենացը։ Ի՞նչ։ Ու՞մ։ Ես դրա հերը, ես դրա մերը։ Լսուեց առջեւում նստած հայերից։ Ի՞նչ ասացիր։ Սա ինչ ասաց, նա ինչ ասաց, կանգնեցին ու միջանցքում սկսեց կռիւ։

Ստեղծուեց խառնաշփոթ վիճակ։ Միջամտեցին անվտանգութեան ուժերը եւ նրանց նստեցրին տեղները։

Սակայն դրանով հարցը չվերջացաւ։ Սրանք իրար ասում են, որ օդանաւը նստեց չգնաք, սպասէք, հաշիւ պիտի մաքրենք։

Օդանաւը վայրէջք կատարեց Լոս Անջելեսում։ Քիչ յետոյ բացուեց օդանաւի դուռն ու բարեբախտաբար կռիւը չշարունակուեց, որովհետեւ դռան բացուելն ու անվտանգութեան ուժերի ներս խուժելը մէկ եղաւ ու հերոսներին ձերբակալած իջեցրին”։

Գեղեցիկ, տխուր ու ուսանելի պատմութիւն է։ Ափսոսեցի ընթերցողներն այդ մասին չիմանան։
Թերեւս այս աշխարհում նմանատիպ բաներ միայն յատուկ տեսակի հայերն են կարող անել ու մէկ էլ …

Լաւ մնացէք։

Thursday, November 1, 2007

Wednesday, October 24, 2007

ԱՆՎԵՐՋ ԲՈՂՈՔՈՂ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆ

Երեւանի փողոցներում այս օրերին մեծ տարողութեամբ շինարարական աշխատանք է կատարւում։ Փակել են “Բարեկամութիւն” մետրոյի հրապարակի մեծ մասը եւ կամուրջ են կառուցում, նորից քար ու քանդ են արել Կոմիտասի պողոտան ու նորոգում են, մայթեզրերն են սարքում, Խանջեան-Տիգրան Մեծ պողոտաների խաչմերուկում կամուրջ են կառուցում եւ այլն։

Այն, որ այս կառուցապատումների ընթացքում քաղաքում խցանումներ են առաջացել (ու առաջանում), այն որ օրինակ Կոմիտասի պողոտան անցնող երկու-երեք տարիների ընթացքում նորոգում ու նորոգում ու նորոգում են ու այդ նորոգութիւնը չի վերջանում, այն որ այս նորոգումների ընթացքում իշխանաւորները մեծ փողեր են, մեղմ ասած, ուտում` պարզ է (եւ անշուշտ այս վերջին պարագան, իմ կարծիքով, պատժի արժանի։ Դա այլ հարց է)։ Սակայն յամենայնդէպս քաղաքը բարեկարգւում է։ Սա անժխտելի է։

Հեռուստացոյցով սփռում են հարցազրոյց քաղաքացիների հետ ու հարցազրոյցին մասնակցած բոլոր քաղաքացիները դժգոհում են խցանումներից, քաղաքի վատ վիճակից ու ամէն մէկը մի բան է առաջարկում, այն էլ ոչ թէ սովորական առաջարկ, այլ մասնագիտական։ Ինչու՞ են այս փողոցը փակել, թող այն մէկը փակէին, ինչու՞ են մի քանի պողոտայի շինարարութիւնը սկսել միանգամից, թող մէկն անէին վերջացնէին, յետոյ միւսը, յետոյ էն մէկը, ինչու՞ այսպէս, ինչու՞ այնպէս։

Բողոքող հոգեբանութիւն ունեցող բնակչութիւն ունենք։ Ինչու՞ են ամէն ինչից բողոքում։ Հասկացանք, խցանումներ են լինում, դժուարութիւններ են առաջանում, փող են ուտում (սրան այն լուծում կայ), բայց չէ որ սրանք ժամանակաւոր երեւոյթներ են ու չի կարելի ժխտել, որ փողոցները բարեկարգւում են, նորոգւում են, նորերն են կառուցւում, վերջին հաշուով շահում է այսօրուայ ու վաղուայ բնակչութիւնը։

Համբերութիւն է պէտք։

Monday, October 22, 2007

"ՉԱՐԵՆՑ.ՅՈՒՇԵՐ ԵՒ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ" (2)

Անցնող օրերում կարդացի Վահան Նաւասարդեանի` “Չարենց. յուշեր եւ խորհրդածութիւններ” գիրքը։

Այն “Հ.Յ.Դ. Հրայր Մարուխեանի անուան գրադարանի մատենաշարի թիւ 1” հրատարակութիւնն է։

Գիրքը բաղկացած է չորս մասից։

1.- Յառաջաբանի փոխարէն։

2.- Նաւասարդեանի յուշերն ու խորհրդածութիւնները Չարենցի մասին։

3.- Նաւասարդեանի գրառումներն իր մօր մասին։

4.- Չարենցի “Հանգուցեալ Պարոնը կամ Պարոն Հանգուցեալը” պատմուածքը։

162 էջ է։ Տպագրուել է Երեւանում 2007 թուականին։ Տպաքանակը` 1000 օրինակ։

Նաւասարդեանի “Չարենց.յուշեր ու խորհրդածութիւններ” գիրքը առաջին անգամ տպագրուել է 1957 թուականին Կահիրէում, հեղինակի մահից յետոյ, երկրորդ անգամ 1962 թուականին` Թեհրանում։ Սա փաստօրէն երրորդ տպագրութիւնն է։

Հայաստանի Հանրապետութեան խորհրդայնացումից յետոյ` 1925 թուականի Փետրուարին, Նաւասարդեանն ու Չարենցը պատահականօրէն միաժամանակ գտնւում են Հռոմում, սակայն անտեղեակ են միմեանց այնտեղում գտնուելուն։
Մի միջնորդ, որը ճանաչում ու կապ ունի երկուսի հետ, կազմակերպում է նրանց իբր պատահական հանդիպումը։

Չարենցի “Հանգուցեալ Պարոնը կամ Պարոն Հանգուցեալը” պատմուածքը այդ հանդիպման նկարագրութիւնն է ու հեղինակի տպաւորութիւններն ու մտքերը Նաւասարդեանի ու Դաշնակցութեան մասին։ Նախքան Չարենցի Երեւան վերադառնալը` պատմուածքը տպագրւում է “Խորհրդային Հայաստան” թերթում։

Նաւասարդեանի “Չարենց. յուշեր ու խորհրդածութիւններ”-ն էլ վերլուծութիւն են Չարենցի ստեղծագործութիւնների ու դրանց ընդմիջից նրա մտորումների ու համոզումների մասին։ Օրինակ Նաւասարդեանն ապացուցում է, որ Չարենցը Ստալինին նուիրուած որեւէ բանաստեղծութիւն չունի եւ այն միակ բանաստեղծութիւնը, որ վերագրւում է նրան փաստօրէն կամ Չարեցնի մահուանից յետոյ է գրուել կամ էլ այն ժամանակ, երբ բանաստեղծը եղել է բանտում ու եթէ նոյնիսկ ինքն է գրել, ապա բոլշեւիկների ճնշման ներքոյ։

Գիրքը օգտակար է թէ գեղարուեստական գրականութեամբ ու Չարենցով հետաքքրքուողների համար, թէ քաղաքականութեամբ ու պատմութեամբ։

Լաւ մնացէք։