«Տասնեակ տարիներ են սահել-գնացել այդ օրերից։ Ի՞նչ է կատարւում այժմ Զանգեզուրի լեռներում - ես չգիտեմ։ Բայց գիտեմ հաստատ, խորապէս հաւատացած եմ, որ եթէ այսօր պատահէին մեզ հաց և օթևան մերժող զանգեզուրցի գիւղացիները, լալով թողութիւն պիտի խնդրէին այն գիշերը մեզ պատճառած ցաւի համար։
Գիտեմ և խորապէս հաւատում եմ, որ այն իմաստուն գիւղացի ծերուկը, Տաթև չհասած, եթէ մէկ էլ հանդիպէր մեզ, պիտի չգանգատուէր, որ հայը հայի դէմ է ելել - այնքա՜ն անիրաւութիւն և չարիք տեսաւ հայը իր եղբայր հայից։
Խորապէս հաւատում եմ նաև, որ Զանգեզուրը վաղը, ուշ կամ կանուխ,- ողջ Հայաստանի հետ միասին, ի հարկէ,- նորից կը լինի ազատ և հպարտ, ինչպէս իր ազատ և գեղեցիկ բնութիւնը, ինչպէս քաջ և հպարտ զաւակները իր։
Ժամանակները յղի են խորհուրդներով։
Պիտի հնչէ նորի՛ց ազատութեան երգը Զանգեզուրի լեռներում...»։
Սիմոն Վրացեան, Կեանքի ուղիներով, Ա հատոր, էջ 228
No comments:
Post a Comment