Անշուշտ գեղեցիկ է, երբ մարդիկ քո տուն այցելելիս մի շիշ գինի են բերում ու դու էլ ձեռդ դատարկ ուրիշի տուն չես գնում, մի շիշ գինի էլ դու ես տանում, բայց երբ ընդամէնը մի քանի օրուայ ընթացքում պիտի մէկի տունը մի բան տանել ու հէնց նոյն մարդից էլ, երբ քո տունն է այցելում, մի բան ստանալ, զգում եմ, որ այդ տանել-բերելն իրենց իմաստը կորցնում են։
Խմիչք ու շոկոլադ ես տանում, խմիչք ու շոկոլադ ես ստանում, խմիչք ու շոկոլադ ես տանում, խմիչք ու շոկոլադ ես ստանում ու սա շարունակւում է այնքան, մինչեւ վերջանան այցելութիւնները։
Երբեմն զգում եմ, որ սա ձեւականութիւն է։ Տանում ենք, որովհետեւ պիտի տանել, անյարմար է չտանել, բա մեր մասին ի՞նչ կասեն։
Պատահում է նաեւ, որ մէկի տուն տարածդ խմիչքն ու շոկոլադը մի քանի շուրջ պտտելուց յետոյ... մի այլ մէկի միջոցով վերադառնում են քեզ։
Եթէ մէկի տուն ենք այցելում յատուկ պատճառով, օրինակ ծննդեան տարեդարձի, ապա նուէր տանելը, խմիչք կը լինի թէ շոկոլադ, ոսկի կը լինի թէ արծաթ՝ կապ չունի, հասկանալի է, բայց երբ Նոր Տարուայ առիթով մէկի տունն այցելելիս գիտակցում ես, որ տարածդ նուէրը վաղը կամ միւս օրը վերադառնալու է, որովհետեւ նա էլ, որ գայ քո տունը, ճիշտ քո նման, պարտաւոր է մի բան բերել, արդէն երեւոյթը դառնում է անհամ։ Մանաւանդ նկատի պիտի ունենալ, որ այս ամբողջ տանել բերելը կատարւում է մէկ շաբաթուայ ընթացքում։
Իմ կարծիքով չպիտի թողնել բովանդակազրկուի մարդու արածն ու վերածուի ձեւականութեան։
Յամենայնդէրս բոլորը չեն, որ ինձ հետ համաձայն են։ Օրինակ կինս համարում է, որ ես սխալ եմ, դա գեղեցիկ երեւոյթ է ու նոյնիսկ իմ այս գրածը աւելորդ է ու ժամավաճառութիւն։
Ինչ ասեմ։
Լաւ մնացէք։
Յ.Գ. Գիւմրեցի ընկերներիցս մէկին հարցրի այս մասին, ասաց, որ Գիւմրիում նման սովորութիւն չկայ։ Արդեօք սա Երեւանեան սովորութի՞ւն է։
No comments:
Post a Comment