Վերջին դէպքը ահաւասիկ պատահեց երեկ գիշեր։
Արտերկրից հիւրեր ունէի։Որոշեցինք գնալ պիցցա ուտելու։Մտանք Երեւանի յայտնի ու մի քանի վայրերում մասնաճիւղ ունեցող պիցցերիաներից մէկը։
Ես պատուիրեցի բուսական (vegetarian) պիցցա։Քիչ անց սեղանին դրուեց մի պիցցա, որը իմ պատուիրածի հետ կապ չունէր։ Մատուցողին կանչեցի եւ հարցրի սա ինչ է։ Ասաց՝ նէապոլիտանական։Ասացի, բայց մենք այլ բան ենք ուզել։"Գնամ խոհարարի հետ խօսեմ" եւ այլն։ Ասացինք՝ անցած լինի, հէնց սա էլ կուտենք։

Պիցցաները վերջացնում ենք, սակայն դեռ չեն բերել երեխաների համար պատուիրած ուտելիքները։Կանչում եմ մատուցողին եւ հետաքրքրւում այդ մասին։ Պարզւում է մոռացել է։Գնում է խոհանոց եւ ահա տաս րոպէից սեղանին է մեր մնացած պատուէրները։
Կարծում եմ կը հաստատէք, որ բաւականին տհաճ է, երբ մի քանի հոգի միասին ճաշ են պատուիրում եւ մէկինը բերում են, մէկինը տաս րոպէ յետոյ են բերում, երրորդինը քսան րոպէ յետոյ։ Եւ առաջինը չգիտի իր ճաշը ուտել, թէ յանուն քաղաքավարութեան սպասել մինչեւ միւսներինն էլ բերեն ու եթէ սպասի, արդէն իր կերակուրն է սառում եւ այլն։Այս դէպքն ինձ համար պատահել է բազմաթիւ անգամներ տարբեր ճաշարաններում։
Մեզնից ձախ նստած են մի մարդ ու կին։Կինը ուզում է մատուցողին կանչել։ Մատուցողները մի սեղանի շուրջ նստած խօսում են։Կինը ձեռքը բարձրացրեց։Արձագանք չկայ։Ձեռքերը օդում թափ տուեց։ Անօգուտ։ Կինը ձեռքերը այնքան թափ տուեց, որ մտածեցի սա հիմա կը թռնի։ Բայց ի զուր։Մատուցողները նրան չէին կնատում։Կինը ճարահատուած բարձր ձայնով կանչեց։Ու մի մատուցող մօտեցաւ նրան։
Վերոշարադրուածը ինչի՞ն պիտի վերագրել։Եւ ի՞նչ անել՝ մատուցողի հետ կռուե՞լ։Տնօրէնի՞ն կանչել։Հրաժարուե՞լ ճաշարան ու սրճարան գնալուց։Հանդուրժել ու համակերպուե՞լ։
Լաւ մնացէք։