Friday, May 4, 2018

ՉՏԵՍՆՈՒԱԾ


Այնպիսի ատելութեան ու անհանդուրժողականութեան մթնոլորտ գոյութիւն ունի այս օրերին Հայաստանում, որ չտեսնուած է...

Ասես մածունն սպիտակ չէ՝ տասը հոգի կը հայհոյեն, ասես սպիտակ է՝ էլի տասը հոգի կը հայհոյեն...

Աստուած վերջը բարի անի։

Պինդ մնացէք։

Wednesday, May 2, 2018

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Այսօր մեր տուրիստները մնացել են օդանաւակայանում։

Օդանաւը վայրէջք է կատարել ժամը 09։00-ին։ Ոչ մեր վարորդն է կարողանում հասնել օդանաւակայան, ոչ էլ նրանք են կարողանում հասնել Երևան։

Բարի գալուստ մաղթենք բոլոր տուրիստներին մի երկիր, որտեղ այս պահին անարշիզմն է տիրում։

Պինդ մնացէք։

Monday, April 9, 2018

ՎՏԱՆԳՆԵՐՈՎ ՅՂԻ ՄԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ

Այս յօդուածս հրատարակուել է Դրօշակում։


Վտանգներով յղի մի համագումարի մասին
06/04/2018
2018 թ. փետրուարի 28-ին Իրանի Արդեբիլ քաղաքի Մոհաղեղ Արդեբիլի անուան համալսարանում տեղի է ունեցել միջազգային համագումար՝ «Իսլամ, համերաշխութեան կոչ» ընդհանուր խորագրով և «Պայքար ծայրայեղականութեան և բռնութեան դէմ՝ Խոջալուի զանգուածային կոտորածների և ողբերգութեան վրայ շեշտադրումով» թեմայով։

Իրանական բազմաթիւ լրատուամիջոցներ, ինչպէս «Թասնիմ» (28 փետրուար, 2018 թ.), պետական «Ռադիօ-հեռուստաընկերութեան լրատուական գործակալութիւն» (28 փետրուար, 2018 թ.), «Առան նիւզ» (01 մարտ, 2018 թ.) և այլն, հաղորդել են այդ մասին։

Համագումարը կազմակերպել են Արդեբիլ քաղաքի Մոհաղեղ Արդեբիլի անուան համալսարանը և Ատրպատականի մշակութային հետազոտութիւնների կենտրոնը։

Համագումարին մասնակցել են Ռուսաստանի Դաշնութեան, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետութիւնների գիտահետազոտական շրջանակներ և Ադրբեջանի Հանրապետութիւնից Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան անդամներ։

Համագումարի կենտրոնական քաղաքական-կրօնական դէմքը եղել է Արդեբիլ նահանգում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ և Արդեբիլ քաղաքի ուրբաթօրեայ աղօթապետ Այաթօլլահ Հասան Ամելին։







«Առան նիւզը» հաղորդում է, որ Խոջալուի զանգուածային կոտորածների քսանվեցերորդ տարելիցի առիթով կազմակերպուած այս միջոցառման ժամանակ նշեալ համալսարանն ընդունուել է որպէս Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան պատուոյ անդամ, իսկ համալսարանի դասախօս դոկտ. Ասադին դարձել է այդ կազմակերպութեան պաշտօնական անդամ։

Համալսարանի տնօրէն Գուդարզ Սադեղին իր ելոյթում ասել է. «Խոջալուի շրջանում 600 հոգուց աւելի անխղճօրէն կոտորուել և նահատակուել են, որոնց մէջ եղել են անմեղ կանայք ու երեխաներ, բայց Հայաստանն իր այս վայրագ գործողութիւնը հերքում է… Ղարաբաղի հարցում պէտք է պարզաբանումներ կատարուեն. Իրանը յատուկ կարևորութիւն է տալիս մուսուլմանների իրաւունքների պաշտպանութեանը»։

Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան ներկայացուցիչ Ակեֆ Նաղի Մոալեմը յայտարարել է. «Արդեբիլի ուրբաթօրեայ աղօթապետի հետ հանդիպում ենք ունեցել, որը տևել է երեք ժամից աւելի, և լսել ենք աղօթապետի ցուցմունքները Ղարաբաղի հարցի լուծման վերաբերեալ»։

Հանդիպման ընթացքում Այաթօլլահ Ամելին ընդունել է Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան անդամների առաջարկը և դարձել նշեալ կազմակերպութեան պատուոյ անդամ։ Ամելին յայտնել է. «Ես, իմ կրօնական պարտականութիւնը կատարելու նպատակով, պատուով ընդունում եմ այս կազմակերպութեանն իմ անդամակցութիւնը, որը անաղարտ ու արժանի կազմակերպութիւն է, և իմ պատրաստակամութիւնն եմ յայտնում աշխատել այս կազմակերպութեան սրբազան նպատակների իրագործման ուղղութեամբ»։

Ամելին փորձել է Արցախի ազգային-ազատագրական պայքարը քաղաքականից փոխադրել կրօնական դաշտ. «Ղարաբաղը իսլամ աշխարհի մէկ մասնիկն է, և այն գրաւելը ոտնձգութիւն է բոլոր մուսուլմանների նկատմաբ: Այդ պատճառով էլ նրա գրաւումը մենք համարում ենք մեր խնդիրը… Ադրբեջանի Հանրապետութիւնում Ղարաբաղի ազատագրութեան համար լուրջ կամքի առկայութեան դէպքում, Իրանի մուսուլման երիտասարդներից շատերը պատրաստ են մասնակցել Ղարաբաղի ազատագրութեան պայքարին»։

Իրանի քաղաքական անցուդարձերին հետևող անձանց համար, իհարկէ, նորութիւն չեն Ամելիի արտառոց ելոյթներն ու արարքները, որոնք յաճախ զաւեշտի են վերածւում, սակայն այս անգամ նա անցել է սահմանը։ Փաստօրէն Իրանի առաջնորդի ներկայացուցիչը արցախեան հարցին տալիս է կրօնական բնույթ, որը չի համապատասխանում ոչ միայն իրականութեանը, այլև արցախեան հարցի կապակցութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան՝ ցարդ որդեգրած դիրքորոշմանը։

Աւելին՝ նա Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև սերմանում է ատելութիւն՝ յայտարերելով, որ Իրանցի մուսուլման երիտասարդները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի ազատագրութեանը։ Ամելիին յիշեցնենք, որ միլիոնաւոր իրանցի մուսուլման երիտասարդներ, ընդ որում՝ Արդեբիլ նահանգից, պատրաստ են Իրանի ղեկավարութեան լուրջ կամքի առկայութեան դէպքում վերջ դնել արհեստածին Ադրբեջանի Հանրապետութեան գոյութեանը, որն սպառնալիք է Իրանի ազգային անվտանգութեանը։

Ի վերջոյ Արդեբիլ նահանգում Իրանի առաջնորդի ներկայացուցիչը և Արդեբիլ քաղաքի ուրբաթօրեայ աղօթապետը դառնում է Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան պատուոյ անդամ և պատրաստ է աշխատել այդ կազմակերպութեան «սրբազան» նպատակների իրականացման ուղղութեամբ։

Մնում է մի քանի հարց տալ.
Իրանի առաջնորդը տեղեա՞կ է իր ներկայացուցչի գործունէութիւնից և դա հաստատու՞մ է։

Իրանի նախագահը և, յատկապէս, անվտանգութեան պատասխանատուները համաձա՞յն են Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև ատելութեան սերմանմանը։

Իրանի ղեկավարութիւնը համաձա՞յն է Արցախի հարցի և Խոջալուի դէպքերի վերաբերեալ Ամելիի տեսակէտներին և նշեալ համալսարանի տնօրինութեան արտայայտութիւններին։ Յիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետութեան ժամանակի նախագահ Այազ Մութալիբովի վկայութեամբ ներքաղաքական պատճառներով ադրբեջանցիներն իրենք են կազմակերպել ադրբեջանցիների կատորածները, որն այժմ յանիարաւի վերագրւում է հայերին։

Իրանի Գիտութիւնների, հետազոտութիւնների և տեխնոլոգիաների նախարարը տեղեա՞կ է, որ Արդեբիլ քաղաքի Մոհաղեղ Արդեբիլի անուան համալսարանն ու նրա տնօրինութիւնը կատարում են հակագիտական գործ՝ խեղաթիւրելով պատմութիւնն ու իրանցի նոր սերնդի մէջ տարածում ապատեղեկատւութիւն և ատելութիւն հայութեան նկատմամբ, իսկ եթե տեղեակ է, ի՞նչ վերաբերմունք ունի այս ամենի նկատմաբ:

Սարգիս Մկրտչեան
Սոցիոլոգ

http://www.arfd.info/Droshak/?p=724


Thursday, December 14, 2017

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՊՐՆ. Վ. ԳԱՍՊԱՐԵԱՆԻՆ



Այս բաց նամակը հրատարակուել է ՀԵՏՔ-ում։ 


ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՊՐՆ. Վ. ԳԱՍՊԱՐԵԱՆԻՆ

14 դեկտեմբեր, 2017 թ.
          Յարգելի Պրն. Գասպարեան,

          2017 թ. նոյեմբերի 30-ի ժամը 18։00-ին Երևան քաղաքի Յովսէփ Էմին փողոցի կամուրջի վրայ տղաս՝ 12 տարեկան Մհեր Մկրտչեանը, վրաերթի է ենթարկուել 73PP777 սպիտակ գոյնի շևրոլետ նիւայի վարորդի կողմից։ Ականատեսները կանչել են շտապօգնութիւն։ Վարորդը մնացել է պատահարի վայրում։ Շտապօգնութեան մեքենան տղայիս տեղափոխել է Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ իրեն ցուցաբերուել է բժշկական օգնութիւն։ Բժշկական կենտրոնից տղայիս դուրս են գրել դեկտեմբերի 7-ին։ Տղաս ստացել է մարմնական վնասուածքներ՝ ուղեղի ցնցում, ճակատին տասը կար են դրել, քիթը կոտրուել է, աջ այտը և շրթունքը խիստ քերծուել են... Էպիկրիզում արձանագրուած է. «Ընդունվելիս ընդհանուր վիճակը գնահատվում է միջին ծանրության...»։

          Այսօր դեկտեմբերի 14-ն է։ Պատահարից անցել է 15 օր։ Այդ թուականից մինչ այս պահը որևէ քննիչ տղայիս, որպէս տուժողի, կամ կնոջս ու ինձ, որպէս տուժողի իրաւայաջորդի, չի հանդիպել, եղելութիւնը չի քննել։

          Ես դեկտեմբերի 8-ի առաւօտեան ժամը 11։00-ին կապուել եմ ոստիկանութեան թեժ գիծ՝ 177 հեռախօսահամարով և հետաքրքրուել քննիչի մասին։ Ինձ պատասխանել են, որ զանգեմ ճանապարհային ոստիկանութեան հերթապահ մաս։ Զանգել եմ։ Ինձ տուել են քննիչի անուն-ազգանունն ու հեռախօսահամարը և ասել, որ կապուեմ։ Չեմ կապուել, որովհետև ստացւում է, որ այս պարագայում տուժողը ինքը պիտի կապուի ոստիկանութիւն, գտնի քննիչին, խնդրի, որ գան իրեն հարցաքննեն ու պարզեն դէպքի հանգամանքները։

          Կիրակի՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 19։39-ին ինձ զանգել է քննիչը, հետաքրքուել երեխայիս առողջական վիճակով։ Իմ հարցին, թէ ինչու՞ մինչ այդ ինքը չի հանդիպել երեխային, պատասխանել է, որ նշեալ պատահարի օրը 11 պատահար է տեղի ունեցել և, ինքը զբաղուած է եղել... Տեղեկացրել եմ, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, տղայիս պէտք է հիւանդանոց տանեմ՝ կարերը հանելու համար։ Ասել է` իրեն տեղեակ պահեմ, որպէսզի ինքն էլ ներկայ լինի։ Առաւօտեան կապուել եմ։ Բջջայինը ինքնապատասխանիչի վրայ է։ Հաղորդագրութիւն եմ ուղարկել։ Չի եկել։ Որպէսզի թիւրիմացութիւն չառաջանայ, նշեմ, որ չեմ ճանաչում քննիչ(ներ)ին, ուստի նրա (կամ նրանց) նկատմամբ անձնական հարց չունեմ։   

          Հետևելով ՀՀ ոստիկանութեան կայքէջի ճանապարհային պատահարներ էջին՝ նկատել եմ, որ տղայիս հետ կապուած պատահարի լուրը տեղադրուած չէ կայքէջում։ Երկուշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, այդ հարցով կապ եմ հաստատել ՃՈ հանրային կապերի բաժնի հետ, որից ստացել եմ հետևեալ պատասխանը. «Բարև Ձեզ։ Հարգելի Սարգիս Մկրտչյան, մեր էջում ոչ բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարներն են տեղադրվում։ Եթե դուք ցանկություն ունեք, որ նշված դեպքը տեղադրվի, մենք կարող ենք ավելացնել»։ Խնդրել եմ աւելացնել։ Աւելացրել են։

          Ես՝ Սարգիս Մկրտչեանս, Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացի եմ, 2001 թուականից մնայուն կայք եմ հաստատել Հայաստանի Հանրապետութիւնում և, 2012 թուականից ՀՀ քաղաքացի եմ։ Ապրելով ՀՀ-ում՝ տեղեակ եմ, որ պատահարներից քիչ անց քննիչ(ներ)ը հանդիպում են կողմերին, հարցաքննում։ Պատահարի հետ կապուած իմ ընտանիքի մասով նման բան չի եղել։

          Այժմ ինձ հետաքրքրում է երկու հարց.

          Առաջինը՝ ՀՀ բոլոր քաղաքացիների դէպքու՞մ է այդպէս, երբ պատահարից 15 օր անց տուժողին կամ նրա իրաւայաջորդին որևէ քննիչ չի հանդիպում ու չի պարզում մնարմասնութիւնները, թէ՞ այս մէկը բացառութիւն է։

          Երկրորդ՝ ՀՀ ոստիկանութեան նմանատիպ պահուածքը կապ ունի՞ տուժող(ներ)ի սփիւռքահայ լինելու, այն է՝ «հարիֆ», «անճար», «օրենքից անտեղեակ», «անգրագետ» ու ՀՀ հասարակութեան որոշ խաւի մօտ սփիւռքահայերի նկատմամբ առկայ այդ տեսակի այլ կարծրատիպերի հետ, թէ՞ ոչ։

          Կրկնութեան գնով ասեմ, որ ինձ հետաքրքրում է երևոյթը և այն, որ արդեօ՞ք ՀՀ-ում բոլորն օրէնքի առջև հաւասար են, թէ՞ որոշներն աւելի հաւասար են, քան միւսները։

          Շնորհակալ կը լինեմ, եթէ Ձեր պատասխաններով պարզաբանէք իմ մտքում առաջացած հարցերը։

          Յարգանքներով՝
          Սարգիս Մկրտչեան
          Սոցիոլոգ

          Յ.Գ. Նկատի ունենալով, որ հաւանաբար այսքանից յետոյ հետաքրքրուած կը լինէք տղայիս առողջական վիճակով, տեղեկացնեմ, որ Փառք Աստծոյ, աւելի լաւ է, յոյսով ենք միւս երկուշաբթի օրուանից կսկսի դպրոց յաճախել։