Saturday, April 30, 2011

ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿԵՄ

Ոստիկանութիւն, դատախազութիւն, անձրեւ ու անձրեւ, խառը մտքեր, անհեռանկար երկիր, ծուլութիւն ... ահաւասիկ կայքէջս չթարմացնելու պատճառներից մի քանիսը։

Առայժմ այսքանն ասեմ, որ Հայաստանում մի քանի բան չէի արել, մի երկուսը եղաւ, ոտս ոստիկանութիւն չէր հասել` հասաւ, ոտս դատախազութիւն չէր հասել` այդտեղ էլ հասաւ, տեսնենք թէ ոտս էլ ուր կը հասնի*։

Յամենայնդէպս պիտի շարունակեմ գրել։

Լաւ մնացէք։

(Յ.Գ.) Դրանց մանրամասնութեան մասին, ըստ անհրաժեշտութեան, հետագային։

Monday, April 11, 2011

ԲԱԼԵՆԻ

Անցեալ շաբաթ օրը տանս բակում բալենի եմ տնկել։ Կը կպնի, չի կպնի, միրգ կը տայ, միրգ չի տայ... չգիտեմ։

Պիտի սպասել։

Լաւ մնացէք։

Saturday, March 19, 2011

"ՊԱՅՄԱՆ"

Իրանում հրատարակուող "Պայման" հանդէսի 52-րդ համարում, որը հրատարակուել է վերջերս, տպագրուել է հայերէնից պարսկերէն իմ թարգմանութեամբ Կարէն Խանլարիի "Հ.Յ.Դ. Ծրագրային հիմնադրոյթները" յօդուածը։ Այդ յօդուածը նախապէս տպագրուել էր "Դրօշակ"-ում։

"Պայման"-ին ծանօթանալու համար կարող էք այցելել հետեւեալ կայքէջը։

Սա էլ առ ի տեղեկութիւն։

Լաւ մնացէք։

Friday, March 11, 2011

"ԱՉՔԸ ԼՈՅՍ ՀԱՅ ՄԵՌԵԱԼՆԵՐԻ"

Կարժէ կարդալ այս յօդուածը։

Ստորեւ մի հատուած.- "... Ստալինի երազը իրականացրեց մեր անկախութիւնը, նախ ժողովուրդը տեղափոխուեց, ոչ թէ Սիբիր, այլ աւելի հեռաւոր ափեր, ապա ԱՐԱՐԱՏԻ տնազը, կամ այսպէս ասած՝ խճապատկերը, տեղափոխեցին նրանց գերեզմանատանը, որպէս հայ մեռելների յաւերժութեան խորհրդանիշ։

Հրաշալի է, Արարատի լանջերին ապրելու փոխարէն, այս հեռաւոր ափերում թաղւում ենք նրա պատկերի տակ ու գլուխ գովում՝ "հպարտ եմ, որ հայ եմ""։


Լաւ մնացէք։

Thursday, March 10, 2011

ԻՆՉՈՒ՞ ՄԻԱՅԻՆ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Սփիւռքի նախարարի իրեն ֆիզիկոս հռչակած 19 ամեայ երիտասարդին ընդունելը սուր քննադատութիւնների ու արձագանքների տեղիք է տուել լրատուամիջոցներում։ Այդ քննադատութիւններին հակազդել է Սփիւռքի նախարարութիւնը կոշտ յայտարարութեամբ, որի կարիքը, իմ կարծիքով, չկար։

Սակայն այս ամբողջի մէջ, ի շարս այլ հարցերի, ինձ հետաքրքրում են նաեւ հետեւեալ հարցերը։ Ինչու՞ քննադատութիւնները ուղղուել են Սփիւռքի նախարարին ու նախարարութեանը եւ ոչ առաջին անգամ այդ երիտասարդի մասին հաղորդում պատրաստած ու սփռած "Հ1"-ին ու մանաւանդ "Հայլուրին"։ Ինչու՞ ոչ ոք չի խօսում Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարէն Կարապետեանի կողմից այդ երիտասարդի ընդունելութեան մասին։

Հետաքրքիր է իմանալ պատճառը։

Լաւ մնացէք։

Wednesday, March 9, 2011

Ո՞ՐՆ Է ԲՌՆՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Կանանց եւ գեղեցկութեան տօնի կապակցութեամբ երեկ հեռուստաալիքներից մէկով մի կին դասախօս ելոյթ էր ունենում։ Նա իր խօսքերի մէջ ասաց, որ եթէ տղամարդը նստում է տանը եւ թերթ է կարդում կամ հեռուստացոյց է դիտում եւ կնոջն ասում է` ինձ համար սուրճ դիր, դա արդէն բռնութիւն է կնոջ նկատմամբ։

Եթէ համաձայնենք այս մտքի հետ, ապա կարծում եմ չենք կարող չհամաձայնել նաեւ հետեւեալ մտքի հետ, որ եթէ կինը տանը նստած թերթ է կարդում կամ հեռուստացոյց է դիտում եւ տղամարդուն ասում է՝ ինձ համար սուրճ դիր, դա եւս բռնութիւն է, միայն այս պարագային տղամարդկանց նկատմամբ։

Այստեղից արդէն նոր մտքեր ու նոր հարցեր են առաջանում։ Ո՞վ պիտի սուրճ դնի տանը։ Արդե՞օք ամէն մարդ իր համար առանձին սուրճ պիտի դնի տանը, որպէսզի բռնութիւն տեղի չունենայ։ Իսկ ի՞նչ պիտի ասենք տնային այլ պարտականութիւնների ու հոգսերի մասին։ Հաւանաբար ամէն մարդ առանձին կերակուր պիտի եփի ու առանձին շոր լուանայ ու տունն առանձին մաքրի։ Հաւանաբար պիտի նաեւ առանձին երեխայ ունենալ...

Եզրակացութիւն։ Այն որ մեր հասարակութեան մէջ կանայք եւ տղամարդիկ իրականում իրաւահաւասար չեն, ընդունելի է, բայց թէ ի՞նչն է բռնութիւն ու ո՞րն է դրա սահմանը՝ վիճելի է։ Հետեւաբար նախ սա պիտի յստակեցնել։

Այսպէս թէ այնպէս՝ Շնորհաւոր Կանանց եւ գեղեցկութեան տօնը։

Միշտ լաւ մնացէք։

Friday, February 25, 2011

ԶԱՒԵՇՏԱԼԻ ՅՈՒՇԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի իշխանական երեք կուսակցութիւնների միջեւ Փետրուարի 17-ին ստորագրուած նոր յուշագիրը խօսում է ներհայաստանեան քաղաքական դաշտի զաւեշտալի ու ողբերգական իրականութեան մասին։

Կարճ ասած դրանով Հայաստանի բնակչութեան ճնշիչ մեծամասնութեանը առաջարկւում է ընտրել ներքոյիշեալ երեք տարբերակներից մէկը.-
  1. Դիմել յեղափոխական պայքարի մեթոդներին ազատուելու համար ազգակործան այս ռեժիմից։ Անկեղծ ասած պայքարի այդ մեթոդին դիմող ոչ միայն ներկայիս չի երեւում, այլեւ նոյնիսկ հեռաւոր հորիզոնում էլ չի նշմարւում։
  2. Հետեւել յայտնի երաժիշտի՝ ասացուածքի վերածուած "Եղիր հեզ, խոնարհ եզ..." բառերին ։ Եթէ ընդունենք վիճակագրական պաշտօնական տուեալները, ըստ որի երկրում ապրում է երեք միլիոնից մի քիչ աւելի մարդ, ապա կարծում եմ սխալ չի լինի եթէ ասենք, որ ներկայիս երեք միլիոնի վիճակը սա է` մնացածն էլ տէրերն են։
  3. Յայտարարել, որ եղբայր, Հայաստան երկիր դրախտավայրը թողնում եմ քեզ, ես ուզում եմ գնալ դժոխք ռուսաստաններում ու ամերիկաներում ապրել։ Լա՞ւ է։ Գո՞հ էք։

Յուշագրի պատգամը սա է։ Իսկ մեզ մնում է այլ տարբերակներով խառնել ժողովրդին պարտադրուող խաղի կանոնները։

Պինդ մնացէք։