Monday, July 16, 2007
ԱՄՍԵԿԱՆ ԾԱԽՍԵՐ (2) ԲՆԱԿԱՐԱՆ
Հայաստանում, երբ ասում են մէկ սենեականոց բնակարան, նկատի ունեն մէկ սենեակ + խոհանոց + բաղնիս + զուգարան։
Այսինքն, այլ խօսքով, Իրանում կամ ԱՄՆ-ում մէկ ննջարանով բնակարանը Հայաստանում երկու սենեականոց բնակարանն է։
Երկու ննջարանով յարկաբաժնի (Appartment) վարձը Գլենդելում սկսում է $1500-$1600-ից։
Երկու ննջարանով կիսանորոգած յարկաբաժնի վարձը Կոմիտասի տարածքում սկսում է $400-ից։ Նշեմ, որ Հայաստանում բնակարանները մեծաւ մասամբ վարձու են տալիս ապրանքով*, այսինքն բնակարանում կայ բազկաթոռ, սեղան-աթոռ, սառնարան, հեռուստացոյց, գազօջախ եւ այլ իրեր։ Ինչքան բնակարանի վարձը քիչ, այդքան նորոգութիւնն ու իրերը հին։ Վարձը շատ՝ նորոգութիւնն ու իրերը՝ նոր։
Ստորեւ չորս օրինակ վերջերս ընկերներիս ու բարեկամներիս միջոցով Երեւանում վարձուած յարկաբաժինների վայրից, վիճակից եւ գներից.-
.- Վաղարշեան փողոց (Արաբկիր թաղամաս), մէկ սենեականոց կիսանորոգած եւ առանց ապրանքի յարկաբաժին՝ վարձն ամիսը 70000 դրամ ($200-ի սահմաններում)։
.- Կոմիտասի պողոտայ, երկու սենեականոց ապրանքով կիսանորոգած յարկաբաժին՝ վարձն ամիսը $300 ԱՄՆ։
.- Քոչարի փողոց (Արաբկիր թաղամաս), չորս սենեականոց նորոգած եւ ապրանքով յարկաբաժին՝ վարձն ամիսը $800 ԱՄՆ։
.- Պուշկինի փողոց (Կենտրոն թաղամաս), երեք սենեականոց նորոգած եւ ապրանքով բնակարան՝ վարձն ամիսը $1000 ԱՄՆ։
Լաւ մնացէք։
* Այս երեւոյթն Իրանում հազուադէպ է պատահում, այսինքն բնակարանները վարձու են տալիս դատարկ։
Saturday, July 14, 2007
ԱՄՍԵԿԱՆ ԾԱԽՍԵՐ (1)
Առնուազն ինձ բազմաթիւ անգամներ ու բազմաթիւ մարդիկ այս հարցը տուել են։
Ես տարբեր առիթներով տարբեր մարդկանցից եմ լսել, որ "Եթէ ես ամիսը 100 դոլար ունենամ այ ըսենց կապրեմ"։ Ու "ըսենց" ասելիս բթամատը քաշում են կզակի տակով։ Այս պատասխանն իմ մէջ միայն զարմանք է առաջացնում։ Ինչու՞։ Որովհետեւ եթէ հէնց նոյն մարդու տունը հիւր գնաս, այնպիսի սեղան կը փռի, որը կարժենայ 100 դոլարից շատ աւելի։ Պարտք կանի՞։ Հաւանական է, սակայն չէ որ մի օր այդ պարտքը պիտի վերադարձնի։ Հետեւաբար հարցը, առնուազն իմ համար, մնում է հանելուկի մակարդակում։
Յամենայնդէպս այստեղ նպատակն այն չէ, թէ տեսնենք մարդիկ ինչպէս են ապրում, այլ փորձել մօտաւոր պատկերացում կազմել ամսեկան ծախսերի մասին։
Հեշտութեամբ ու երկու բառով չի կարելի ասել, որ մէկ հոգու կամ մի ընտանիքի ամսեկան ծախսը մի երկրում կամ մի քաղաքում ինչքան է։ Մարդիկ ապրում են տարբեր ձեւերով, տարբեր չափանիշներով ու ունեն տարբեր առաջնահերթութիւններ։ Ապրելու մասին պատկերացումները տարբեր են, նիւթական կարողութիւններն էլ նոյնպէս։ Նոյնիսկ միեւնոյն դասարանում սովորող երկու ուսանող իրար նման չեն ապրում։
Սակայն այդպէս լինելով հանդերձ փորձենք մօտաւոր պատկերացում կազմել մի չորս հոգանոց ընտանիքի մէկ ամսուայ ծախսերի մասին՝ Երեւանում եւ Լոս Անջելեսում։
Ինչու՞ Երեւանում ու Լոս Անջելեսում։ Որովհետեւ ուսումնասիրութիւնը կատարել է ԱՄՆ-ում բնակուող ընկերներիցս մէկը (Շ.Բ.), որը երկու տարի ապրել է Երեւանում։ Առիթն օգտագործելով շնորհակալութիւն եմ յայտնում նրան։
Հէնց սկզբում պիտի ասեմ, որ կարելի է համաձայնել նրա հետ, կարելի է չհամաձայնել, կարելի է ընդունել որոշ կէտեր, մերժել այլ կէտեր, այն պարզ պատճառով, որ վերեւում բացատրեցի։ Այս աշխարհում ամէն ինչ յարաբերական է։
Ինչեւէ իմ դերը կը լինի այն, որ կողքից որոշ բացատրութիւններ տամ։
Ժամանակ ունենալու դէպքում (խօսք չեմ տալիս) կը գրեմ նաեւ Իրանում ու Կանադայում մի չորս հոգանոց ընտանիքի ամսեկան ծախսերի մասին։
Լաւ մնացէք։
Յ.Գ. Հետաքրքիր կը լինի Հայաստանից ու ԱՄՆ-ից կայք էջս այցելողներն իրենց կարծիքը յայտնեն այդ մասին, իսկ այլ երկրներից այցելողները գրեն իրենց երկրների փորձառութեան մասին։
Thursday, July 12, 2007
Wednesday, July 11, 2007
ՎԵՑ ԱՄՍԵԱԿ
Առաջին գրութիւնը տպագրել եմ 2007 թուականի Յունուարի 11-ին։
Եօթնօրեակ, տասնօրեակ, քառասնօրեակ, 100-րդ օր, տարեդրաձ եւ այլն, լսել եմ, բայց վեց ամսեակ չեմ լսել։ Այնքան որ տեղեակ եմ ամիսների նշումը կատարւում է մէկ տարին չլրացրած մանուկների պարագային, երբ ծնողները ամիս առ ամիս նշում են երեխայի ծնունդը։
Ինչեւէ, այսօր ուզում եմ գրել անցած վեց ամիսների ուղու մասին եւ ներկայացնել որոշ վիճակագրական տուեալներ։
1.- Անցնող ժամանակաընթացքում փորձեցի հնարաւորութեանս սահմաններում խորանալ Weblog-երի տեխնիկական մանրամասնութիւնների մէջ, որպէսզի թէ տեղեկութիւններս շատացնեմ եւ թէ կարողանամ դրանք օգտագործել։ Այդ առումով որոշ յաջողութիւններ ունեցայ։
Օրինակ սկզբում չգիտէի ինչպէս են լուսանկար տեղադրում կայքում։ Սովորեցի։
Յետոյ փնտռեցի եւ իմացայ, թէ ինչպէս են կայք էջում տեղադրում հաշուիչ "Counter" եւ Ապրիլի 23-ին այն տեղադրեցի կայք էջում, որն ինձ հետաքրքիր տեղեկութիւններ տուեց կայք էջն այցելողների մասին։
Վստահ եմ կան շատ ու շատ այլ բաներ, որոնց մասին չգիտեմ։ Հետեւաբար պիտի շարունակեմ ուսումնասիրութիւններս։
2.- Կայք էջս այցելում են հետեւեալ երկրներից՝ ԱՄՆ (Արեւելեան եւ Արեւմտեան ափ), Հայաստան, Կանադա, Անգլիա, Լիբանան, Բրազիլ, Բելգիա, Իրան, Արգենտինա, Լեհաստան, Մոնակօ, Ճապոնիա, Մեքսիկօ, Իտալիա, Գերմանիա, Յունաստան, Աւստրալիա, Ֆրանսիա եւ այլուր եւ այնպիսի քաղաքներից, որոնց նոյնիսկ անունը չեմ լսել։
Որոշ երկրներից այցելում են կանոնաւոր կերպով, որոշներից էլ երբեմն-երբեմն, իսկ որոշ երկրներից էլ հաւանաբար պատահմամբ են յայտնուել կայք էջում, որովհետեւ մէկ անգամ եկել ու գնացել` էլ յետ չեն եկել։
3.- Եօթանասուն եօթ օրուայ ընթացքում կայք էջս այցելել են 562 անգամ, միջին հաշուով օրը հինգ հոգի եւ օրը 8 էջ։ Օր է եղել, որ այն այցելել են 27 անգամ եւ օրը է եղել` 0 անգամ։ Ներկայիս այցելուների 40 տոկոսը երկուսից տաս եւ տասից աւելի անգամ են այցելել կայք էջս։ Այցելուների 20 տոկոսից աւելին մէկ ժամից աւելի են մնացել կայք էջում։
4.- Անձնական նամակներով, հեռախօսով եւ հանդիպումների ժամանակ այցելուներն իրենց կարծիքն են յայտնում այս կամ այն նիւթի կամ էլ ընդհանրապէս կայք էջիս մասին, բայց "Comment"-ների բաժնում տեսակէտ չեն գրում։ Ինչու՞։ Չգիտեմ։
Բոլոր դէպքերում այցելուների տեսակէտներն ու առաջարկները կարող են ինձ (հաւանաբար նաեւ միւս այցելուներին) օգտակար լինել։
5.- Պիտի փորձեմ կանոնաւոր կերպով շարունակել գրել։ Գրելու նիւթ յաճախ կայ, թէ առօրեայ կեանքում պատահածներ ու նկատածներ, թէ ընդհանրապէս մտորումներ ու ազգային ու միջազգային խնդիրներ։ Գրելու համար պարզապէս ժամանակ է պէտք եւ հանգիստ միտք։ Նախապայմաններ, որոնց սակաւութիւնն օրէցօր աւելի է զգալի դառնում, այդուհանդերձ պիտի փորձեմ շարունակել գրել։
Լաւ մնացէք։
Thursday, July 5, 2007
ՆԵՐԿԱՅԻՍ ԻՄ ՎԻՃԱԿԸ
Տղան նստած էր էշին, մարդն էլ քայլում էր նրանց կողքով։
Մի խումբ մարդիկ տեսան ու ասացին` "Տես այս մարդը խելք չունի, փոխարէն ինքը նստի էշի վրայ, տղային է նստեցրել էշին, իսկ տղան չի էլ ամաչում, խեղճ մարդ "։
Մարդը տղային իջեցրցեց իշուց ու ինքը նստաւ էշի վրայ։
Մի խումբ մարդիկ տեսան ու ասացին՝ "Տես այս մարդը չի էլ ամաչում, ինքը նստել է էշին, իսկ խեղճ տղան ոտով նրանց յետեւից գնում է, տղան մե՞ղք չի"։
Մարդն իջաւ իշուց ու ինքն ու տղան սկսեցին քայլել էշի հետեւից։
Մի խումբ մարդիկ տեսան ու ասացին՝ "Տես սրանք խելք չունեն, փոխարէն նստեն էշի վրայ, երկուսով քայլում են էշի հետեւից"։
Հայրն ու տղան երկուսով նստեցին էշի վրայ։
Մի խումբ մարդիկ տեսան ու ասացին՝ "Տես սրանք ինչ անխիղճ մարդիկ են, երկուսով նստել են էշին։ Բա էշը մեղք չի, այդքան ծանրութիւն ո՞նց տանի"։
Եզրակացութիւն։ Ինչ էլ անես՝ մարդիկ կը խօսեն, ուրեմն արա այն ինչ քո խելքով տրամաբանական է։
Լաւ մնացէք։
Thursday, June 28, 2007
ՀԱՍԱՐԱԿԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՄԻՋՈՑԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Մի այլ տեղ՝ "...հասարակավար-ժողովրդավարութեան առանձին ջոկատներ ընդունում էին նաեւ մարքսականութեան յեղափոխական ճանապարհով միջոցավարութեան վերացման եւ հասարակավարութեան (սոցիալիզմի) հաստատման դրոյթը"։
Առաջին անգամն էի հանդիպում հասարակավարութիւն եւ միջոցավարութիւն բառերին։
Հասարակավարութիւնը հէնց նոյն ընկերվարութիւնն է (սոցիալիզմ) եւ միջոցավարութիւնը՝ դրամատիրութիւնը (կապիտալիզմ)։ Հեղինակը նոր բառեր է օգտագործել։
Արեւմտահայերը Social-ը թարգմանում են ընկերային, իրանահայերը՝ հասարակական, իսկ հայաստանահայերը՝ սոցիալական։
Սոցիալիզմը հայերէնում ընդունուած է ասել ընկերվարութիւն, իսկ թէեւ տրամաբանօրէն ճիշտ է հնչում նաեւ հասարակավարութիւնը, սակայն ականջիս մի տեսակ խորթ է։
Ինչ վերաբերում է միջոցավարութեանը, ապա պիտի ասել, որ սա արդէն ամբողջութեամբ նորութիւն է։ Կապիտալիզմը թարգմանւում է դրամատիրութիւն։ Չեմ կարծում, եթէ մէկին ասես միջոցավարութիւն, կը կռահի թէ խօսքն ինչի մասին է։
Այլ բան։
Գրքի առաջին էջում կարդում ենք՝ "Քաղաքականութեան փիլիսոփայութեանը նուիրուած հայերէն առաջին աշխատութեան* մէջ ..."։ Ապա առաջաբանում գրողն ասում է, որ օգտագործել է որոշ աղբիւրներ, որոնցից Ա.Ս.Պանարինի գիտական աշխատութիւնները։ Գրքի ներածութեան բաժնում գրուած է "Օգտագործւում են քաղաքական փիլիսոփայութեան մի քանի սահմանումներ։ Դրանցից մէկը պատկանում է նշուած առարկայի (խօսքը քաղաքական փիլիսոփայութեան մասին է) ԱՊՀ-ում առաջին դասագրքի հեղինակ Ա.Ս.Պանարինին"։
Նախ ԱՊՀ-ն պիտի լինի ԵՊՀ, այսինքն Երեւանի Պետական Համալսարան եւ ոչ ԱՊՀ, այսինքն Անկախ Պետութիւնների Համագործակցութիւն։ Սա տպագրական սխալ է։
Երկրորդ` չգիտեմ սա ինչ սէր է որոշների մօտ, որ փորձում են ամէն ինչում լինել առաջինը կամ այդպէս ձեւանալ։ Մի կողմից ասւում է, որ սա առաջին գիրքն է եւ միւս կողմից ասւում է, որ օգտագործուել է ԵՊՀ-ի առաջին դասախօներից մէկի աշխատութիւնները։ Եթէ օգտագործուել է, ուրեմն եղել է, եթէ եղել է, ուրեմն սա ինչպէ՞ս է առաջինը։
Երրորդ՝ քաղաքականութեան փիլիսոփայութեան կապակցութեամբ բազմաթիւ գրքեր կան։ Եթէ այդ բնագաւառում նոր բան չես ասում, աւելի լաւ չէ արտասհամանում գրուած քաղաքական փիլիսոփայութեան մի լաւ գիրք թարգմանէս։
Լաւ մնացէք։
* Խօսքը հէնց այս գրքի մասին է։
Tuesday, June 26, 2007
ԹԱՔՆՈՒԱԾ ԽԵՆԹԵՐԻ ՔԱՂԱՔԸ
Քիչ յետոյ մի այլ խումբ բեմ բարձրացաւ ու սկսեց ելոյթ ունենալ։ Ասացին, որ իրանահայ երիտասարդներ են։
Հանդիպեցի ծանօթ մարդկանց ու հետաքրքրուեցի՝ թէ սա ինչի՞ առիթով է։ Ասացին, որ Ֆրանսիայի դեսպանութեան նախաձեռնութիւնն է։ Ֆրանսիայում կայ աւանդոյթ, ըստ որի ամառուայ ամենաերկար օրը քաղաքներում տարբեր ոճի երաժշտական խմբեր ելոյթ են ունենում եւ այժմ Ֆրանսիայի դեսպանութիւնը նմանատիպ միջոցառում Երեւանում կազմակերպելով ուզում է այդ աւանդոյթը տարածել Հայաստանում։
Տղաս Ռոքի ազդեցութեան տակ՝
40-50 որպէ մնալուց յետոյ շարունակեցինք քայլել ու Աբովեան-Թումանեան խաչմերուկից քիչ վերեւ՝ "Art Bridge" սրաճարանի առջեւ տեսանք մի այլ խումբ, որոնք երգում ու նուագում էին։ Հետաքրքիր էր ջազը դրել էին մայթում ու նուագում էին։ Մի կէս ժամ էլ այդտեղ կանգնեցինք։
Շարունակեցինք քայլել եւ մի հարիւր մետր այն կողմ նկատեցինք երկու տղայի՝ մէկը գիթառով եւ միւսը այլ նուագարանով (անունը հայերէնով չգիտեմ), որոնք նստած էին մի ծառի տակ ու երգում էին։ Ականջիս կպաւ պարսկերէն բառեր։ Մօտեցայ ու տեսայ պարսիկներ են եւ երգում են պարսկերէն։ Քիչ անց բաւականին մարդ էր հաւաքուել։ Ուշադրութիւն դարձրի երգի բառերին ու ինչ տեսնեմ՝ երգում են հայրենիքի ցաւից։ Յետոյ սկսեցին երգել մի երգ, որի բառերը ծայրից ծայր հայհոյանք էր։ Թէ ում էին հայհոյում՝ յայտնի չէր, երգը, ըստ երեւոյթին, հասցէատէր չունէր, վստահ էլ չեմ, որ հաւաքուածները հասկանում էին բառերի իմաստը, որովհետեւ օրինակ ներկաներից մէկն իր կողքինից հարցրեց՝ "սրանք ինչերէ՞ն են երգում"։ Նշանակում է հաւաքուածներից ոչ բոլորն էին իմանում երգերի լեզուն։
Ազատութեան հրապարակում ջոկուեցի կնոջիցս։ Երբ քայլելով գնում էի միանալու ընկերներիս՝ մտածում էի երեւոյթի մասին ու մտքումս եկաւ այն՝ թէ Երեւանը կարելի է համարել թաքնուած խենթերի քաղաք։ Սովորական ժամանակ ամէն ինչ բնականոն հունով է ընթանում, սակայն մէկ էլ քաղաքը լցւում է խենթերով։
Գիշերուայ ժամը մէկ անց կէս երբ տուն հասայ կնոջիցս իմացայ, որ մեր ջոկուելուց յետոյ, երբ նա քայլելով հասել է Կոնսերուատորիայի դիմացի այգին, տեսել է, որ Կոմիտասի արձանի շրջակայքում դասական երաժշտութեան ելոյթ կայ, որը տեւել է մինչեւ ուշ գիշեր։ Ըստ նրա բաւականին յաջող եւ բարձր մակարդակի։
Իմ կարծիքով գեղեցիկ աւանդութիւն է եւ երեւոյթը ողջունելի է ու դրական։ Առնուազն մենք ընտանեօք հոգեկան բաւարարութիւն ապրեցինք։
Լաւ մնացէք։
Յ.Գ. (1) Առաջին անգամը չէ, որ Ռոք համերգ եմ լսում։ Մի բան, որ զանազանում է Ռոքի սիրահարներին` օրինակ դասականի սիրահարներից, դա նրանց արտաքինն է։ Ունկնդիրները կամ երկար մազ ունեն՝ պոչ արած (խօսքս տղաների մասին է), կամ ընդհանրապէս մազ չունեն (այսինքն խուզել են), կամ ոտից գլուխ տատու (Tatoo) արած են։ Հագուստներն էլ այլ կերպ է։ Եւ ամէն անգամ այս տիպի ռոքասէրների տեսնելիս մտածում եմ` սրանք հաւանաբար մի բաներ Ռոքի մասին լսել են, բայց թէ ինչ է այն իրականում` չեմ կարծում, որ գիտեն։
Յ.Գ. (2) Խօսքերն աւելորդ են.-
