Wednesday, January 31, 2007

ՄՏՔԵՐ՝ ԸՆԿ. ՀՐԱՆՏԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐԻՑ

Յունուարի 29-ին ընկ. Հրանտը մամլոյ ասուլիս է ունեցել։

Յունուարի 30-ին էլ առանձին հարցազրոյց է տուել "Իրաւունք" թերթին։

Ստորեւ երկու հարցազրոյցներում նրա արտայայտած մտքերից մի քանիսը.-

"Մի ժամանակ էր, որ դաշնակցականը հնչակեանին աղջիկ չէր տալիս, հնչակեանը՝ ռամկավարին։"

"Այս կուսակցութիւնն իմը չէ, որ ես յառաջիկայ 4 տարուայ մասին մտածեմ, իշխանութեան մաս կազմեմ։ Ես չեմ կարող 4 տարուայ առաւելութեան համար վտանգել իմ կուսակցութեան ապագան։"

"2008 թուականի նախագահական ընտրութիւններին Դաշնակցութիւնը մասնակցելու է սեփական թեկնածուով։"

"Այս կառոյցը (Հ.Յ.Դ.) իր ղեկավարութեանը ղեկավարել գիտի, իր ղեկավարութեանը զսպել գիտի, իր ղեկավարութիւնից հաշուետւութիւն պահանջել գիտի։"

"Կառավարութեան մաս կազմել-չկազմելը Հ.Յ.Դ.-ի համար ինքնանպատակ չէ։"

"Պահն այնպիսին է, որ մեր կուսակցութեան օգտին կը քուէարկեն նաեւ նրանք, ովքեր չնայած մեզ չեն ընդունում, սակայն առաջնորդւում են տեսակի ու որակի մտահոգութեամբ։"

"Դաշնակցութեան նպատակն է ստեղծել այնպիսի երկիր, ուր վզի հաստութիւնն ու բազուկների լայնութիւնը մարդկանց իրաւունք չտայ օրէնքը խախտել։"


Tuesday, January 30, 2007

ՅՕԴՈՒԱԾՆԵՐ՝ ՁԵԱՆ ՄԱՍԻՆ

Պարզւում է, բարեբախտաբար, Երեւանի քաղաքապետարանի ու թաղապետարանների գործունէութիւնից միայն ես դժգոհ չեմ։

Էս էլ այսօրուայ մամուլում հրատարակուած երկու յօդուած Երեւանում երեկ տեղացած ձեան ու դրա հետեւանքների մասին։

http://www.azg.am/?lang=AR&num=2007013018

http://www.aravot.am/2007/aravot_arm/January/30/u02.htm

Լաւ մնացէք։

Monday, January 29, 2007

ԷԼԻ ՁԻՒՆՆ ՈՒ ԵՐԵՒԱՆԸ

Տնիցս (Կոմիտասի փողոց) մինչեւ Բիւրոյի շէնք (Հանրապետութեան Հրապարակ) երթուղայինով տեւում է 20-25 րոպէ։ Առաւելագոյնը կէս ժամ։

Այս առաւօտ այդ ճանապարհը տեւել է մէկ ժամ տասնըհինգ րոպէ։

Ինչու՞։

Որովհետեւ երեկ գիշերուանից Երեւանում էլի ձիւն է գալիս ու էլի անանցանելի փողոցներ, ու էլի խցանում։

Կիսատ-պռատ ձիւն ու կիսաանդամալոյծ քաղաք։

Անձնական մեքենայ չունեցողների համար հարցն էլ աւելի է բարդանում, երբ ձեան ժամանակ, իրաւացիօրէն կամ յանիարւի, պակսում են երթուղային մեքենաները։

Այսինքն օրինակ, եթէ այսինչ գծում (Կոմիտաս-Հրանրապետութեան Հրապարակ) սովորական ժամանակ աշխատում է 25 երթուղային, ձիւնառատ օրերում 25-ի փոխարէն աշխատում են 15-20։ Այսինքն ոչ բոլորը։ Պատճառը պարզ է՝ երթուղայինի վարորդը վախենում է մեքենան դուրս բերել` արկածներից խուսափելու նպատակով։ Յատկապէս որ ապահովագրութեան համակարգը Հայաստանում դեռ ձաւաւորուած չէ (նոր նոր որոշ փորձեր արւում են) եւ տակաւին համատարած բնոյթ չի կրում։ Ուստի արկածի դէպքում վարորդը կարող է լուրջ գլխացաւանքի մէջ ընկնել։

Արդիւնքը՞։
Նախ երկար պիտի սպասել կանգառում, յետոյ էլ ճարահատուած 12 աթոռ ունեցող երթուղայինում պիտի նստել-կանգնել-իրար շալակ բարձրանալ 25-30 հոգով եւ ...

Եւ սա առանձին նիւթ է, որի մասին կը գրեմ յետոյ։

Լաւ մնացէք։

Wednesday, January 24, 2007

ՍԲ. ՍԱՐԳԻՍ՝ ՄՐՑՈՅԹ

Գեղեցիկ մտայղացմամբ Հայաստանում Արարատեան Հայրապետական թեմը կազմակերպել է մրցոյթ երիտասարդների եւ սիրոյ հովանաւոր Սբ. Սարգսի տօնի կապակցութեամբ։

Պարգեւատրման անուանակարգերն են՝
- Սիրոյ լաւագոյն բանաձեւ,
- Ամենառոմանտիկ սէր,
- Ամնայարատեւ սէր,
- Սէր առ հայրենիք եւ այլն։

Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք այցելել հետեւեալ կայքէջը.-

http://www.qahana.am

Սա էլ Արարատեան Հայրապետական թեմի պաշտօնական կայքէջի հասցէն է.-

http://www.araratian-tem.am

Շատ լաւ մտայղացում է դիմակայելու օտարամուտ արժէքների ներթափանցումը, աւելի պարզ ասեմ Վալենտայնի (Valentine) տարածումը։

Արդէն իսկ Երեւանի փողոցներում տեսնում ենք տարբեր միջոցառումների յայտարարութիւններ՝ Վալենտայնի օրուայ կապակցութեամբ։ Օպերայի շրջափակում տեղադրուած յայտարարութիւններից մէկում կարդացի՝ "Սբ. Վալենտայնի տօնի կապակցութեամբ տեղի է ունենալու այսինչ միջոցառումը"։

Երբ մենք ունենք մեր ազգայինն ու քրիստոնէականը, ինչու՞ պիտի ընդօրինակենք ուրիշինը։

Ինչու՞ Սբ. Վալենտայն եւ ոչ Սբ. Սարգիս ։

Այս առումով գնահատելի է Արարատեան Հայրապետական թեմի աշխատանքը։

Մնացէք սիրով՝

Monday, January 22, 2007

ԱՊՐԵԼ Է ՊԷՏՔ

"Մի հայ մտաւորական սպանուեց Թուրքիայում"։

"Մի հայ երիտասարդ սպանուեց Ռուսաստանում"։

Սրանք են աշխարհի լրատուամիջոցների գլխաւոր լուրերը վերջին օրերում։

Որո՞նք են վերոյիշեալ նախադասութիւններում կրկնուող բառերը։

"մի հայ սպանուեց", "մի հայ սպանուեց"։

Ու՞ր է տանում հայատեացութեան այս ալիքը։

Չէ որ սա ամենից առաջ մեզ՝ հայերիս պիտի մտահոգի։

Ո՞վ է մեղաւոր։ Ո՞վ է պատասխանատու։

Ունի՞ արդեօք հայրենի իշխանութիւնը հայահաւաքի ծրագիր։

Մտածու՞մ է այս ուղղութեամբ։

Անկախութիւնից 15 տարի անց կա՞յ արդեօք նման օրակարգ։

Էլ ինչքա՞ն հայ պիտի սպանուի հայ լինելու պատճառով` ազգատեացութեան հողի վրայ։

Ե՞րբ պիտի վերջ տանք մեր նկատմամբ այսպիսի նուաստացուցիչ վերաբերմունքի։

Ե՞րբ պիտի սթափուենք։

Յոգնեցինք մեռնելուց, ապրել է պէտք։

Sunday, January 21, 2007

ՔԵՆԻԱ 2007

Երեկուանից Քենիայի մայրաքաղաք՝ Նայռոբիում սկսել է Համաշխարհային Ընկերային Ֆորումը (World Social Forum)։ Ֆորումը նոր-ազատական (Neo-Liberal) քաղաքականութիւնից դժգոհ մարդկանց հանդիպման վայր է։ Այն սկիզբ է առել 2001 թուականին Բրազիլիայի Պորտօ Ալեգրէից։

Ֆորումին մասնակցում են աւելի քան հարիւր հազար հոգի։ Քենիայի ընտրութիւնը որպէս եօթերորդ Ֆորումի հաւաքավայր նպատակ ունի աշխարհի ուշադրութիւնը սեւեռել Աֆրիկեան ցամաքամասի վրայ։

Համաշխարհային Ընկերային Ֆորումի ընդհանուր բնաբանն է "Այլ աշխարհ հնարաւոր է"։

Մեր երիտասարդականը 2002 թուականից մասնակցել է Ֆորումի տարածաշրջանային (Regional) եւ, հնարաւորութեան դէպքում նաեւ համաշխարհային հաւաքներին։ Այս տարի նիւթական դժուարութիւնների պատճառով ցաւօք չկարողացանք պատուիրակութիւն ուղարկել։ Ախր Հայաստանը որտեղ, Քենիան որտեղ։ Ափսոս։

Համաշխարհային Ընկերային Ֆորումի մասին յաւելեալ տեղեկութիւններ ձեռք բերելու համար կարող էք այցելել Ֆորումի պաշտօնական կայքէջը՝

http://www.forumsocialmundial.org.br

Բարեւներով՝

Friday, January 19, 2007

ԴԻՆՔ ՈՉ ԵՒՍ Է

Թուրքի ձեռքով մէկ հայի արիւն էլ թափուեց։

Այսօր Երեւանի ժամով ճաշից յետոյ ժամը 5։00-ին Պոլսի Ակօս թերթի խմբագիր Հրանտ Դինքը իր խմբագրութեան առջեւ տեռորի ենթարկուեց ու սպանուեց։

Կարծես թուրքերի հայի արիւն խմելուն յագուրդ չկայ։

Սրանով թուրքերը մէկ անգամ եւս ապացուցեցին, որ նոյն արիւնարբուն են ինչ եղել են միշտ։ Ոչ մի տարբերութիւն, ոչ մի առաջընթաց դէպի մարդկայնութիւն ու մարդկային քաղաքակրթութիւն։

Նոյն անհանդուրժողականութիւնը ինչ եղել է դարերի ընթացքում դէպի մեզ։ Նոյն ատելութիւնը հայի նկատմամբ։

Ու դեռ Դինքը նրանցից էր, որ ասում էր Թուրքիան փոխուել է։ Թուրքիան փոխուե՞լ է։

Հետաքրքիր է իմանալ հիմա ի՞նչ ունեն ասելու հայ-թուրքական հաշտութեան ջատագովները։

Հաշտութիւն ո՞ր թուրքի հետ եւ ի՞նչ գնով։

Յոյսով եմ մեր երկրի ղեկավարները անհրաժեշտ դասերը կը քաղեն այս սպանութիւնից։

Ամուր մնացէք՝