Իրանահայ երիտասարդը սրանից տասնըմէկ տարի առաջ ներգաղթեց Հայաստան։
Ամուսանացաւ հայաստանցի աղջկայ հետ։ Երկու զաւակ ունեցաւ։ Սովորեց, աշխատեց, դարձաւ
համալսարանի դասախօս և … Ինչ զուգադիպութիւն ու ինչ հեգնանք…Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովի
փակման օրը, ընտանիքով արտագաղթեց Հիւսիսային Ամերիկա։
Ահաւասիկ երկրի տարբեր ժամանակների ղեկավարների կիրառած քաղաքականութեան
ամենփայլուն ձեռքբերումներից մէկը` Հայաստան-Սփիւռք համագործակցութեան ոլորտում։
Եւ տեսնես այս մղձաւանջը մինչև երբ պէտք է շարունակուի…
Արձակուրդ, նաև նշանակում է նստել սեփական գրադարանի առջև, հանել կարդացած ու չկարդացածդ գրքերը, թերթել, մէկից մի տող կարդալ, մէկից` մի պարբերութիւն, միւսից` մի քանի էջ, ընկնել խոհերի ու յուշերի մէջ, ինքդ քեզ ժպտալ, լրջանալ, ապրել...
"Ժողովուրդը լրջօրէն անհանգստացած էր, որովհետև ամէն դատական նիստից յետոյ միայն տհաճութիւններ էին լինում։ Անցեալ արտակարգ նիստին դատարանը վճիռ էր կայացրել, որ գիւղում ոչ միայն հողը, այլև օդը պատկանում են կոմսուհի Բալերին. դրա համար էլ բոլոր նրանք, ովքեր շնչում էին, պէտք է օդի համար հարկ վճարէին։ Ամիսը մէկ անգամ Պոմիդորոն շրջում էր գիւղի տներն ու գիւղացիներին ստիպում, որ իր ներկայութեամբ խոր շնչէին։ Շնչելիս և արտաշնչելիս նա հերթով չափում էր նրանց կրծքի ծաւալը, յետոյ հաշւում, թէ ամէն մի սպառող ինչքան պիտի վճարի"։ Չիպոլինոյի արկածները, էջ 192
Վերոշարադրուածը ձեզ հինաւուրց, լեռնային, Կովկասում գտնուող մի երկիր չի յիշեցնու՞մ...
Եւ շարունակութիւնը.-
"- Ներքոստորագրեալ կոմսուհի Աւագը և կոմսուհի Կրտսերը, որոնք սերում են Բալերի տոհմից, հաստատում են, որ օդի տէրերը լինելով` պէտք է ճանաչուեն նաև տարուայ ընթացքում տեղացող անձրևի տէրերը։ Այս պատճառով էլ նրանք քաղաքացիներից պահանջում են վճարել երկու հարիւր լիր կայծակով և որոտով ամպրոպի համար, երկու հարիւր լիր ձեան համար և չորս հարիւր լիր` կարկտի համար, բարձր ու ցածր մառախուղի, եղեամի համար հարկը կրճատուած է մինչև յիսուն լիր"։