Thursday, May 12, 2011

ՎԵՐԵԼԱԿՆ ՈՒ ՍՓԻՒՌՔԱՀԱՅԵՐԸ

Բնակարանը, որում ներկայիս ապրում եմ պանելային շէնքում է։ Երկու տարուց աւելի է ինչ ապրում եմ այս բնակարանում։ Չէի ուզում վարձել, որովհետեւ պանելային շէնքերի պահպանման կապակցութեամբ լաւ կարծիքի չէի։ Օրինակ իմ բարեկամներից մէկը բնակարան էր գնել մի պանելային շէնքի չորրորդ յարկում։ Աղբը ժամանակին չէին տանում եւ ես անձամբ եմ ականատես եղել երրորդ-չորրորդ յարկերում այս կողմ, այն կողմ վազող կռիսների։ Վերելակը մի օր աշխատում էր, մի օր ոչ։ Վերելակում ոմանք իրենց մարմնի արտադրանքն էին թափում եւ այլն։ Մի խօսքով լաւ կարծիքի չէի։

Բնակարանը, որում ներկայիս ապրում եմ, վարձեցի, որովհետեւ կինս հաւանեց, անշարժ գոյքի գործակալ կինը ստիպեց, երդուեց, զանգեց ու նորից զանգեց։ Բնակարանատէրը ճանապարհային ոստիկան է։ Հետաքրքիր էր անշարժ գոյքի գործակալի խօսքը։ Ասում էր "Սարգիս ջան, ճիշտ է ոստիկան է, բայց հաւատացնում եմ լաւ մարդ է"։

Մի խօսքով վարձեցի։ Վարձեցի ու շատ գոհ եմ։ Բնակարանատէրը իրօք հոյակապ մարդ է։ Իսկ շէնքը չունի այն խնդիրները, որ վերեւում նշեցի։ Աղբը տանում են ժամանակին։ Վերելակը շատ լաւ աշխատում է եւ դեռ որեւէ մէկն էլ իր մարմնի տարատեսակ արտադրանքը վերելակում չի թափել։ Կարճ ասած գոհ եմ։

Բայց այս ամբողջից յետոյ մի հարցի պատասխանը չեմ գտնում։ Մօտաւորապէս երբ Սփիւռքից հիւր ունենք կամ վերելակը չի աշխատում կամ վերելակի դուռը չի բացւում ու մարդիկ մնում են վերելակի մէջ։ Հիւրերը ի վերջոյ տուն են մտնում եւ մենք պարտաւոր ենք կէս ժամ բացատրել ու երդուել, որ սա բացառութիւն է ու վերելակը բնականոն աշխատում է, որ սա պատահականութիւն է։ Հիւրերն էլ հաւատում են կամ ձեւացնում են, որ հաւատում են։ Բայց երբ հիւրասիրութիւնն աւարտւում է ու հիւրերը գնում են, ընկնում եմ մտքերի մէջ՝ ինչու՞ վերելակը Սփիւռքահայ հիւրերի պարագային չի աշխատում։

Վերելակը ամէն մի երկրում ու ամէն մի շէնքում էլ կարող է չաշխատել, փչանալ, բայց որ հայրենիքում է վերելակը փչացած լինում ... Արի ու համոզիր, որ պատահականութիւն է։

Լաւ մնացէք։

Saturday, April 30, 2011

ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿԵՄ

Ոստիկանութիւն, դատախազութիւն, անձրեւ ու անձրեւ, խառը մտքեր, անհեռանկար երկիր, ծուլութիւն ... ահաւասիկ կայքէջս չթարմացնելու պատճառներից մի քանիսը։

Առայժմ այսքանն ասեմ, որ Հայաստանում մի քանի բան չէի արել, մի երկուսը եղաւ, ոտս ոստիկանութիւն չէր հասել` հասաւ, ոտս դատախազութիւն չէր հասել` այդտեղ էլ հասաւ, տեսնենք թէ ոտս էլ ուր կը հասնի*։

Յամենայնդէպս պիտի շարունակեմ գրել։

Լաւ մնացէք։

(Յ.Գ.) Դրանց մանրամասնութեան մասին, ըստ անհրաժեշտութեան, հետագային։

Monday, April 11, 2011

ԲԱԼԵՆԻ

Անցեալ շաբաթ օրը տանս բակում բալենի եմ տնկել։ Կը կպնի, չի կպնի, միրգ կը տայ, միրգ չի տայ... չգիտեմ։

Պիտի սպասել։

Լաւ մնացէք։

Saturday, March 19, 2011

"ՊԱՅՄԱՆ"

Իրանում հրատարակուող "Պայման" հանդէսի 52-րդ համարում, որը հրատարակուել է վերջերս, տպագրուել է հայերէնից պարսկերէն իմ թարգմանութեամբ Կարէն Խանլարիի "Հ.Յ.Դ. Ծրագրային հիմնադրոյթները" յօդուածը։ Այդ յօդուածը նախապէս տպագրուել էր "Դրօշակ"-ում։

"Պայման"-ին ծանօթանալու համար կարող էք այցելել հետեւեալ կայքէջը։

Սա էլ առ ի տեղեկութիւն։

Լաւ մնացէք։

Friday, March 11, 2011

"ԱՉՔԸ ԼՈՅՍ ՀԱՅ ՄԵՌԵԱԼՆԵՐԻ"

Կարժէ կարդալ այս յօդուածը։

Ստորեւ մի հատուած.- "... Ստալինի երազը իրականացրեց մեր անկախութիւնը, նախ ժողովուրդը տեղափոխուեց, ոչ թէ Սիբիր, այլ աւելի հեռաւոր ափեր, ապա ԱՐԱՐԱՏԻ տնազը, կամ այսպէս ասած՝ խճապատկերը, տեղափոխեցին նրանց գերեզմանատանը, որպէս հայ մեռելների յաւերժութեան խորհրդանիշ։

Հրաշալի է, Արարատի լանջերին ապրելու փոխարէն, այս հեռաւոր ափերում թաղւում ենք նրա պատկերի տակ ու գլուխ գովում՝ "հպարտ եմ, որ հայ եմ""։


Լաւ մնացէք։

Thursday, March 10, 2011

ԻՆՉՈՒ՞ ՄԻԱՅԻՆ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Սփիւռքի նախարարի իրեն ֆիզիկոս հռչակած 19 ամեայ երիտասարդին ընդունելը սուր քննադատութիւնների ու արձագանքների տեղիք է տուել լրատուամիջոցներում։ Այդ քննադատութիւններին հակազդել է Սփիւռքի նախարարութիւնը կոշտ յայտարարութեամբ, որի կարիքը, իմ կարծիքով, չկար։

Սակայն այս ամբողջի մէջ, ի շարս այլ հարցերի, ինձ հետաքրքրում են նաեւ հետեւեալ հարցերը։ Ինչու՞ քննադատութիւնները ուղղուել են Սփիւռքի նախարարին ու նախարարութեանը եւ ոչ առաջին անգամ այդ երիտասարդի մասին հաղորդում պատրաստած ու սփռած "Հ1"-ին ու մանաւանդ "Հայլուրին"։ Ինչու՞ ոչ ոք չի խօսում Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարէն Կարապետեանի կողմից այդ երիտասարդի ընդունելութեան մասին։

Հետաքրքիր է իմանալ պատճառը։

Լաւ մնացէք։

Wednesday, March 9, 2011

Ո՞ՐՆ Է ԲՌՆՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Կանանց եւ գեղեցկութեան տօնի կապակցութեամբ երեկ հեռուստաալիքներից մէկով մի կին դասախօս ելոյթ էր ունենում։ Նա իր խօսքերի մէջ ասաց, որ եթէ տղամարդը նստում է տանը եւ թերթ է կարդում կամ հեռուստացոյց է դիտում եւ կնոջն ասում է` ինձ համար սուրճ դիր, դա արդէն բռնութիւն է կնոջ նկատմամբ։

Եթէ համաձայնենք այս մտքի հետ, ապա կարծում եմ չենք կարող չհամաձայնել նաեւ հետեւեալ մտքի հետ, որ եթէ կինը տանը նստած թերթ է կարդում կամ հեռուստացոյց է դիտում եւ տղամարդուն ասում է՝ ինձ համար սուրճ դիր, դա եւս բռնութիւն է, միայն այս պարագային տղամարդկանց նկատմամբ։

Այստեղից արդէն նոր մտքեր ու նոր հարցեր են առաջանում։ Ո՞վ պիտի սուրճ դնի տանը։ Արդե՞օք ամէն մարդ իր համար առանձին սուրճ պիտի դնի տանը, որպէսզի բռնութիւն տեղի չունենայ։ Իսկ ի՞նչ պիտի ասենք տնային այլ պարտականութիւնների ու հոգսերի մասին։ Հաւանաբար ամէն մարդ առանձին կերակուր պիտի եփի ու առանձին շոր լուանայ ու տունն առանձին մաքրի։ Հաւանաբար պիտի նաեւ առանձին երեխայ ունենալ...

Եզրակացութիւն։ Այն որ մեր հասարակութեան մէջ կանայք եւ տղամարդիկ իրականում իրաւահաւասար չեն, ընդունելի է, բայց թէ ի՞նչն է բռնութիւն ու ո՞րն է դրա սահմանը՝ վիճելի է։ Հետեւաբար նախ սա պիտի յստակեցնել։

Այսպէս թէ այնպէս՝ Շնորհաւոր Կանանց եւ գեղեցկութեան տօնը։

Միշտ լաւ մնացէք։