Փետրուարի 2-ին մի խումբ երիտասարդների (որոնց մէջ նաեւ ուսանողների) համար դասախօսութիւն կարդացի "Համաշխարհայնացումը եւ ազգային ինքնութիւնը" նիւթի վերաբերեալ։
Ասացի, որ իմ կարծիքով համաշխարհայնացումը նոր երեւոյթ չէ։ Այն տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ձեւերով է դրսեւորուել։ Օրինակ տուեցի Քրիստոնէութիւնը։ Ասացի սրանից երկու հազար տարի առաջ հրապարակ իջաւ մի գաղափար, որին տարբեր երանգներով, սակայն ընդհանուր առմամբ այսօր երկու միլիարդից աւելի մարդ է հետեւում։ Սա համաշխարհայնացում չէ՞։
Այդուամենայնիւ համաշխարհայնացման մասին աւելի շատ սկսեցին խօսել 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի առաջին տասնամեակներում, որովհետեւ մինչ այդ եւ մանաւանդ այդ երկու տասնամեակում մեծ, արմատական ու կտրուկ փոփոխութիւններ առաջացան հաղորդակցական միջոցների մէջ՝ համացանց, բջջային հեռախօս եւ այլն։
Ասացի, որ ազգային ինքնութիւնը պահելու հարց միշտ էլ եղել է, սակայն արդի ժամանակաշրջանում, հաղորդակցական միջոցների ներկայիս զարգացման պայմաններում, այն պահպանելու հարցն աւելի հրատապ է ու լուրջ։
Յետոյ օրինակ բերեցի Թարգմանչաց տօնը։ Ասացի, որ հինգերորդ դարում մեր թարգմանիչների կատարած գործի համար, մեր եկեղեցին տօն է սահմանել։ Այսինքն արժեւորել է թարգմանիչների կատարած գործը, որը ոչ այլ ինչ էր, քան սեփական ժողովրդին ծանօթացնել օտար մտքի արգասիքը։ Միթէ՞ այն ժամանակ վախ չկար ազգային ինքնութիւնը կորցնելու կապակցութեամբ։
Բնականաբար կար, սակայն ժողովրդների միջեւ յարաբերութիւններն այսօրուայ ծաւալը չունէին եւ հաղորդակցական միջոցները, կրկնենք, այսքան զարգացած չէին, օրինակ՝ այն ժամանակ արբանեակային հեռուստահաալիքներ չկային եւ այլն։
Հիմա, օրինակ, անգլերէնը դարձել է տիրապետող։ Ամէն ոք ձգտում է անգլերէն սովորել։ Նոյնիսկ ֆրանսացիներն ու գերմանացիներն են ելքեր խորհում անգլերէնի ազդեցութեան առաջն առնելու համար։ Իսկ լեզուն իր հետ բերում է նաեւ մտածողութիւն եւ այլն։
Յետոյ խօսեցի ինքնութեան մասին ընդհանուր առմամբ։ Յետոյ անհատական եւ հաւաքական ինքնութեան մասին։ Յետոյ ինքնութեան տագնապի մասին։ Յետոյ մարդու հասարակականացման մասին (socialization) եւ այլն։
Եւ եզրակացրեցի, որ համաշխարհայնացման ընթացքն անկասելի է։ Դրա դիմաց պայքարել նշանակում է տիրապետել նրա ընձեռած հնարաւորութիւններին եւ այն օգտագործել ազգային ու անհատական ինքնութիւնը պահպանելու համար։ Այլ խօսքով ծիծաղելի է մարդկանց ասել համացանցից կամ բջջային հեռախօսից մի օգտուէք, սակայն կարելի է ու պէտք է ասել օգտուէք այդ հնարաւորութիւններից ձեր խնդիրները լուծելու ու ձեր ազգային ինքնութիւնը պահպանելու ուղղութեամբ։
Մի խօսքով խօսեցի յիսուն րոպէ։ Մօտաւորապէս նոյնքան րոպէ էլ պատասխանեցի հարցումներին։
Լա՞ւ էր, վա՞տ էր, չգիտեմ, բայց վերջում մի բաժակ դառը սուրճ տուեցին։
Լաւ մնացէք։