Wednesday, April 25, 2007

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԻ ՈՒ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՄԱՍԻՆ

1.- Ապրիլի 23-ին ու 24-ին ուզում էի գրել ու անընդհատ չէր ստացւում՝ մի կողմից ժամանակի պատճառով, միւս կողմից էլ խառը մտքերի։ Յամենայնդէպս շատ բաներ կան, որոնց մասին ուզում եմ գրել։

2.-Ապրիլի 23-ին տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական Միութեան կազմակերպած ջահերով երթը։ Բազմահազար երիտասարդներ մասնակցեցին երթին։ Այն, ինչպէս ընդունուած է ասել, արդէն կրում է աւանդական բնոյթ, այսինքն կրկնւում է ամէն տարի։

Իմ կարծիքով ջահերով երթը Հայաստանի Երիտասարդական Միութեան ամենայաջող աշխատանքն է ցարդ իրականացուած, որովհետեւ նախ երթին մասնակցում են բազմահազար երիտասարդներ, որոնք անպայման Հ.Ե.Մ.-ի անդամ չեն եւ սա նշանակում է, որ այն սկսել է կրել ժողովրդական բնոյթ ու դուրս է եկել միութենական շրջանակից*, երկրորդ տարէցտարի շատանում է երթին մասնակցողների թիւը, երրորդ ինքնատիպ աշխատանք է եւ ունի իւրայատուկ խորհրդաւորութիւն, պատկերացրէք երեկոյեան մթութեան մէջ բազմահազար մարդիկ վառուող ջահերով բարձրանում են դէպի Ծիծեռնակաբերդի բարձունքը, դա անբացատրելի զգացում է հաղորդում մարդու, չորրորդ քարոզչական տեսակէտից կարեւորութիւն է ներկայացնում, որովհետեւ ոչ միայն Հայաստանեան, այլ արտասահմանեան (ներառեալ թրքական) լրատուամիջոցներն են անդրդառնում դրան։

Այս տարուայ նորութիւնն այն էր, որ ջահերն իրար զօդելով պատրաստել էին "ՊԱՅՔԱՐ" բառի տառերն առանձին-առանձին, որոնք իրար կողքի, պարզ է արտացոլում էին "ՊԱՅՔԱՐ", ինչպէս նաեւ խաչի նշան, սակայն դրանք տեսնելու համար պիտի վերեւից նայուէր, որը հնարաւոր չէր շարքում քայլող մարդկանց համար։ "Ազատութեան" հրապարակում դա նկատեցինք, սակայն հնարաւոր չէր պատկերն ամբողջութեամբ տեսնել։ Յետոյ դա տեսանք հեռուստացոյցից։

Լաւ կը լինէր, եթէ ուղղաթիռով նկարահանուէր այդ ամբողջը եւ ուղիղ եթերում հեռարձակուէր, բայց դա առայժմ մեր ուժերից վեր է։

Ուշ վերադարձանք տուն եւ չկարողացայ գրել։ Լուսանկարները կը տեղադրեմ այս քանի օրը (ճիշտն ասած Dial up-ով կայքում լուսանկար տեղադրելու (Upload) համար պիտի նախ հոգեպէս դրան պատրաստուել)։

3.- Երեւանում Ապրիլի 24-ին ձիւն տեղաց։ Այն շարունակուեց նաեւ այսօր՝ Ապրիլի 25-ի առաւօտեան։ 2001-ից ապրում եմ Հայաստանում եւ չեմ տեսել, որ Ապրիլին ձիւն գայ, էլ ինչ մնացած Ապրիլի վերջերին ու էդ էլ ճիշտ 24-ին։

Դրա համար էլ առաւօտեան ժամերից մինչեւ ճաշից յետոյ ժամը 5:00-6:00-ը Ծիծեռնակաբերդը մարդաշատ չէր։ Ես այցելեցի ժամը 14։30-ի սահմաններում եւ հակառակ անցեալ տարիների` ոչ միայն կարողացայ արագ բարձրանալ մինչեւ յուշարձան, այլ նոյն ճանապարհով էլ վերադարձայ, մինչդեռ նման բան անցեալ տարիներում ոչ մի կերպ հնարաւոր չէր**։

Միշտ հիացած եմ եղել Ապրիլի 24-ին մարդկանց հոծ զանգուածների Ծիծեռնակաբերդ այցելութեան ձեւով։ Այն պայմաններում երբ որեւէ քարոզչութիւն որեւէ մէկի կողմից չի կատարւում, մարդիկ, ինքնակամ, գնում են Ծիծառնակաբերդ, լուռ, հանդարտ շարքերով եւ մի ճիւղ ծաղիկ դնում յուշարձանի մօտ՝ դրանով իրենց յարգանքի տուրքը մատուցելով 1,5 միլիոն զոհերի յիշատակին։ Արեւ լինի թէ երեկուայ նման ձիւն, միեւնոյնն է, մարդիկ գնում եմ Ծիծեռնակաբերդ։ Վաղ առաւօտուանից մինչեւ ուշ գիշեր։ Խաղաղ ու հանգիստ շարքերով։

* Յիշում եմ ժամանակին որոշ ընկերներ այն կարծիքին էին, որ սա Հ.Ե.Մ.-ի աշխատանքն է եւ հետեւաբար չպիտի թոյլ տալ ուրիշ միութիւններ մասնակցեն երթին կամ միայն Հ.Ե.Մ.-ի անդամները պիտի ջահ կրեն եւ այլն։ Ճիշտն ասած մինչեւ հիմա չեմ հասկացել այդ մօտեցման տրամաբանութիւնը։

** Ապրիլի 24-ին մշտական ուղին հետեւեալն է՝ բարձրանալ մարզահամալիրի աստիճանների մօտից (Կիեւեան կամրջի մօտ) մինչեւ յուշարձան եւ իջնել միւս ուղղութեամբ՝ դուրս գալով "Հրազդան" շուկայի մօտ։

Sunday, April 22, 2007

ՌՈՅԱԼ ԹԷ՞ ՍԱՐԿՈԶԻ

Այսօր հաճոյքով հետեւեցի Ֆրանսիայի նախագահական ընտրութիւններին։

Արդիւնքը՝ պահպանողական Սարկոզին՝ %30.5, ընկերվարական Ռոյալը՝ %25, Բայրուն` %18 եւ Լը Փէնը` %11.7։

Ռոյալն ու Սարկոզին կրկին մրցելու են Մայիսի 5-ին, տեսնենք ով է յաղթելու։

Ռոյալի յաղթութիւնը ոչ միայն ընկերվարականների յաղթութիւնն է՝ որպէս կուսակցութիւն, այլ դրանով նաեւ Ֆրանսիան առաջին անգամ իր պատմութեան մէջ ունենալու է կին նախագահ։

Friday, April 20, 2007

ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՆ ՅԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Ներքոյիշեալ լուսանկարները վերաբերում են Երեւանի Կոմիտասի պաղոտային, այնտեղ, որտեղ ապրում ենք մենք։ Արաբկիր թաղամասը, որում գտնւում է Կոմիտասի պողոտան, մտնում է Երեւանի երկրորդ գօտու շրջագծում։ Այն բնակելի կամ առեւտրային տարածքների գնային առումով Կենտրոնից յետոյ համարւում է երկրորդ թանգարժէք թաղամասը Երեւանում*։

Ինչպէս լուսանկարներից երեւում է՝ պողոտայի մէջտեղը քանդած է։

Ի՞նչ է պատմութիւնը։ Նախապէս այդտեղ երկաթագիծ կար։ Մի օր իշխանութիւնը որոշեց երկաթագծերը հանել (ճիշտ-սխալ, լաւ-վատ` այլ նիւթ է)։ Մի քանի հատուածում հանեցին երկաթագծերը եւ մէկ էլ աշխատանքները կանգ առան։ Ինչու՞։ Պարզուեց, որ շինարարական աշխատանքների ծախսը հոգում է ԼԻՆՍԻ հիմնադրամը եւ քանի որ ԱՄՆ-ից գումարի մի մասը ուղարկել՝ մնացածը Քըրք Քըրքորեանը** չի ուղարկել (դիւանակալական (Bureaucratic) խոչընդոտների հանդիպելու պատճառով), ուստի իշխանութիւնը գումար չունի վճարելու շինարարարական ընկերութեանը, վերջինս էլ աշխատանքները դադարեցրել է։

Շուտով մենք նշելու ենք Կոմիտասի պողոտան յետպատերազմական վիճակի վերածման մէկ ամեակը։

Թէ անցնող մէկ տարուայ ընթացքում քանի դէպք է պատահել անցորդներին ու մեքենաներին՝ դուք գուշակէք։ Ես նշեմ միայն մի պարագայ՝ ճիշտ իմ տան դիմացը քանդել էին մեծ խորութեամբ մի փոս ու մի երեկոյ մի մեքենայ ընկաւ այդ փոսի մէջ, որը երբ դուրս բերեցին վերածուել էր երկաթի թափօնի։ Էլի փառք Աստծոյ մեքենավարը ողջ առողջ էր։

Անձամբ ինձ հետաքրքրում է իմանալ, որ ասենք եթէ մէկ էլ ԼԻՆՍԻ հիմնադրամը դադարեցնի Հայաստանին օժանդակելը, ի՞նչ կը լինի այս պողոտայի վիճակը։ Կամ երբ մեր իշխանութիւնը յայտարարում է, որ երկիրը տնտեսական երկնիշ աճ է արձանագրում ու "վագրային թռիչք" ունի, ապա ինչպէ՞ս է պատահում, որ մէկ պողոտայի վերանորոգումը չեն կարողանում իրականացնել մէկ տարուայ ընթացքում (էլի մենք՝ հայերս բախտ ենք բերել, որ Կոմիտասի պողոտան Տորոնտոյի Yonge պողոտայի երկարութիւնը չունի, որը 1700 կիլոմետր է, թէ չէ վստահաբար նորոգութիւնը դարեր կը տեւէր)։



Փառք ենք տալիս Աստծուն, որ ներկայիս ճանապարհն այսպէս է։ Իրականում ամիսներ շարունակ քանդուած տարածքը շատ աւելի խորն էր, մէկ-երկու ամիս է ինչ հող են լցրել ու քանդուած տարածքի մակերեսը մօտեցրել ասֆալտին։


Ինչպէս ներքեւի լուսանկարում տեսնում էք , նախատեսուել են յատուկ անցուղիներ, որտեղով հետիոտն մարդիկ կարող են անցնել պողոտայի մէկ կողմից միւսը։


Ինչպէս նկատում էք ճանապարհի երկու երկայնքում զետեղուած են ազդանշաններ, որպէսզի վարորդները զգուշանան վտանգից։


Կասեան պողոտան էլ Կոմիտասի օրն ընկաւ։


Միայն պողոտայի մէջտեղը քանդած չէ, ասֆալտն էլ է առլեցուն փոսերով, ներքեւի նկարում մեքենան ընկել է փոսի մէջ (կարծում եմ աւելի ճիշտ է այս պարագային փոսիկ բառը գործածել, որովհետեւ սա միւսների համեմատ բարիք է)***։




Շունն էլ է ելք որոնում։




* Այս նախադասութիւնը գրեցի ասելու համար, որ եթէ թանգարժէք ու հարուստ (??) թաղամասի վիճակն այս է, էլ վայ խեղճ ու աղքատ թաղամասերին։

** Հետաքրքիր է իմանալ երկքաղաքացիութեան օրինագծին դէմ քուէարկող կամ ընդհանրապէս չքուէարկող Ազգային Ժողովի պատգամաւորները Կոմիտասի վերանորոգուած պողոտայով անցնելու են, թէ ասենք իրենց ճանապարհը փոխելու ու այլ փողոցներով են գնալու։ Չէ որ պողոտան վերանորոգում է Հայաստանի Հանրապետութեան ոչ քաղաքացին։ Հետաքրիքր է նաեւ իմանալ, որ Քըրք Քըրքորեանը դիմելու է երկքաղաքացի դառնալու համար թէ ոչ։

*** Որոշ պարագաներում այս փոսերն այնքան խորն են (այս պարագային աւելի ճիշտ է ասել հոր), որ ակամայ մտածում եմ մարդ տնից դուրս գալիս իր հետ պիտի վերցնի հաց ու մի երկու տուփ պահածոյ, որպէսզի եթէ ընկաւ այդ հորերի մէջ, մինչեւ տնեցիներն իմանան ու այդտեղից մարդու դուրս բերեն, գոնէ սովածութիւնից չմահանայ։

Tuesday, April 17, 2007

ՄԱԼԵՆԱ


Երեկ գիշեր դիտեցի "Մալենա" (Malena) տեսաերիզը։ Գեղեցիկ էր։ Արտադրուել է 2000 թուականին։ Տեւողութիւնն է 109 րոպէ։
Բեմադրիչն է Ջոզէփփէ Տորնատորէն (Guiseppe Tornatore)։
Փայլուն դերակարութեամբ Մոնիկա Բելլուչիի (Monica Bellucci)։

Այն համարւում է դրամա ռոմանտիկ ժանրում։
Բաւականին էռոտիկ է, այդ պատճառով էլ արժանացել է որոշ քննադատների դիտողութեանը եւ որոշ երկրներում ցուցադրուել է տեսաերիզի խմբագրուած տարբերակը (օրինակ ԱՄՆ-ում կրճատուել է տեսաերիզի 17 րոպէն)։

Շօշափում է հասարակական եւ հոգեբանական խնդիրներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն են։ Իտալիան ներքաշւում է պատերազմի մէջ։ Երիտասարդ գեղեցիկ կնոջ ամուսինը մեկնում է պատերազմի։ Ու սկսում է բամբասանքների անվերջանալի ալիքը, որն ի վերջոյ աւերում է կնոջ կեանքը։ 12 տարեկան Ռենատօն սիրահարւում է Մալենային եւ պատանու սէրը կնոջ նկատմամբ կազմում է տեսաերիզի առանցքներից մէկը։


Հակառակ Մալենայի կապակցութեամբ տարածուած անհարկի շշուկներին, նա հաւատարիմ է մնում ամուսնուն, սակայն նիւթական ծանր վիճակը, վաւաշոտ հայեացքներն ու հասարակական ճնշումը ...

Գեղարուեստական առումով տեսաերիզին առանձնայատուկ գրաւչութիւն է հաղորդում այն, որ գլխաւոր հերոս՝ Մոնիկա Բելլուչին ամբողջ տեսաերիզի ընթացքում արտասանում է ընդամնէնը մի քանի բառ։

Մէկ նախադասութեամբ պիտի ասեմ, որ գեղեցկօրէն պատկերուել է այն, թէ ինչպէս ասէկօսէները, հետեւախօսութիւնն ու բամբասանքը կարող են քայքայել մարդկանց կեանքն ու խորտակել ճակատագրեր։

Խորհուրդ կը տամ դիտել։

Լաւ մնացէք։

Sunday, April 15, 2007

ՍԷՐԸ ԽՈԼԵՐԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ (5)

Աւարտեցի Գաբրիէլ Գարսիա Մարկէսի "Սէրը խոլերայի ժամանակ" գիրքը։ Այն սիրային վէպ է։ Գրուել է 1985 թուականին։ Անգլերէնից թարգմանուել է հայերէն եւ հրատարակուել է 2004 թուականին, Հայաստանում, "Նոյան Տապան" հրատարակչութեան կողմից։ Թարգմանիչն է Անիկ Քըլջեանը։ Ծաւալը 348 էջ է։ Տապաքանակը՝ 500 օրինակ։ Գինը 1500-2000 դրամ։

Թարգմանութիւնն իմ կարծիքով յաջող է։ Ցաւօք գրքում առկայ են բազմաթիւ տառասխալներ։

Գիրքը "յաւերժական թեմաներ"-ից մէկի՝ սիրոյ մասին է։ 50 տարուց աւելի տեւած սիրոյ պատմութիւն, որը տեղի է ունենում 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին, Կարիբեան կղզիներում։

Գիրքը կարդացի հաճոյքով, թէեւ կուզէի այլ կերպ աւարտուէր։

Այնտեղ առկայ են հետաքրքիր ե խորիմաստ մտքեր, որոնք ընթերցողին մղում են մտածելու կամ վերապրելու իր ունեցած ապրումները։ Դրանցից որոշները նախկին էջերում գրել եմ, այժմ էլ գրում եմ երկուսը, նշելով որ կան այլ մտքեր եւս, որոնց թողնում եմ ընթերցողներին։

"Ինքն էլ չէր կարողանում հաւատալ, մանաւանդ՝ իր կեանքի այն շրջանում, երբ ողջ էութեամբ նուիրուել էր հարազատ քաղաքի ճակատագրին, որի նմանն, ինչպէս որ յաճախ ու անվերապահօրէն կրկնել էր, աշխարհում չկայ։ Փարիզեան ուշ աշնանը պատահական սիրեցեալի հետ թեւանցուկ թափառելիս, թերեւս, հնարաւոր չէր պատկերացնել առաւել ջինջ մի երջանկութիւն, քան խորոված շագանակի փայտեղէն հոտը տապակի վրայ, ակորդէոնի մեղրածոր մեղեդիներն ու բաց պատշգամբում համբուրուող անյագուրդ սիրահարներին, եւ այնուհանդերձ՝ ձեռքն ի սիրտ կարող էր երդուել, որ այդ ամէնը կարիբեան ապրիլի մէկ օրուայ հետ իսկ չի փոխի։ Նա դեռ շատ երիտասարդ էր հասկանալու, որ սրտի յիշողութիւնը ջնջում է վատը եւ գունազարդում լաւը, եւ հէնց այդ հնարքի շնորհիւ է, որ դիմանում ենք անցեալին։ Բայց երբ նաւի բազրիքից կրկին տեսաւ հին գաւառի ճերմակ հրուանդանը, կտուրներին արձանացած ուրուրներին, պատշգամբում չորացող աղքատների լուացքը, այն ժամանակ միայն հասկացաւ, թէ որքան յիմար էր` այդքան հեշտ տրուելու կարօտախտի կենարար խաբկանքին"։ (էջ 104)

"Քիչ անց փակ կառքում մօր կողքին շոգից խեղդուելով՝ այլեւս անկարող էր տանել լուսամուտից ներս խուժող դաժան իրողութիւնը։ Ովկիանոսի վրայ, ասես, մոխիր էր շաղ տուած, մարքիզների հնամենի պալատները փլուզման եզրին էին, եւ բաց կոյուղիներից ելնող մահաբեր շոգի պատճառով անհնար էր նշմարել յասմիկի զգլխիչ բուրմունքը։ Ամէն ինչ նրան շատ աւելի փոքր թուաց, քան երբ մեկնում էր` առաւել թշուառ ու թախծալի, եւ փողոցների աղբակոյտներում այնքան անօթի առնետներ էին վխտում, որ կառքին լծուած ձիերը վախից սայթաքում էին։ Նաւահանգստից մինչեւ իրենց տուն՝ Փոխարքաների թաղամասի կենտրոն տանող երկար ճանապարհին ոչինչ չգտաւ, որ արդարացնէր իր կարօտը։ Պարտուած՝ գլուխը շրջեց, որ մայրը չտեսնէր լուռ արտասուելը"։ (էջ 105)

Յ.Գ. Ամերիկեան ֆիլմ արտադրող մի ընկերութիւն 3 միլիոն դոլլար վճարել է գրքի հեղինակին` նրանից ստանալով գրքի վրայից ֆիլմ պատրաստելու թոյլտւութիւն։

Friday, April 13, 2007

SONY CYBERSHOT DSC-H5


Այս թուային լուսանկարչական տեսախցիկը նոր եմ գնել՝ Sony CyberShot DSC-H5։ Համացանցով երկար փնտրեցինք (կինս ու ես) ու վերջը կենտրոնացանք Sony-ի վրայ (տեսախցիկի գնելն են ունի իր առանձին ու հետաքրքիր պատմութիւնը, որին կանդրադառնամ մէկ այլ առիթով)։

Այս (եւ մի քանի այլ) սարքաւորումներ գնելուս փորձառութիւնն ինձ բերել է այն եզրակացութեան, որ համացանցով շատ աւելի հեշտ եւ աւելի արդիւնաւէտ է նոր ապրանք ձեռք բերելու կապակցութեամբ ուսումնասիրութիւն կատարելն ու որոշում կայացնելը, քան ուղղակի խանութներ այցելելը։ Աւելի պարզ ասեմ։ Օրինակ ես թուային լուսանկարչական տեսախցիկների մասնագիտական յատկանիշների վերաբերեալ բաւարար տեղեկութիւն չունէի։ Փորձառութիւնս էլ ինձ ասում էր, որ նման սարքաւորումներ վաճառող խանութների աշխատակիցները կամ իրենք էլ մանրամասնութեամբ տեղեակ չեն սարքաւորումի գործառոյթներից ու պարզապէս ունեն ընդհանուր տեղեկութիւններ, որովհետեւ աշխատում են որպէս վաճառող եւ պարտաւոր են առնուազն այդքանն իմանալ, կամ տեղեակ են, բայց ինչ-ինչ պատճառներով (ասենք՝ զբաղուած են, որովհետեւ խանութում շատ յաճախորդ կայ, կամ այդ օրը անտրամադիր են, կամ էլ պարզապէս յաճախորդի դէմքը չեն սիրել) քիչ են բացատրութիւն տալիս կամ էլ ընդհանրպէս բացատրութիւն չեն տալիս։

Համացանցի պարագային հարցը լուծւում է։ Մարդ կարողանում է տեղեկութիւններ ձեռք բերել մի սարքաւորման մասին, որից ընդհանրապէս գաղափար չունի, իմանալ տուեալ սարքաւորման պարագային որ յատկանիշներն են առաջնային եւ որոնք են երկրորդական (որը շատ կարեւոր է, որովհետեւ երբեմն մարդ դէսից դէնից որոշ բաներ լսել է, որոնք համարում է ճիշտ, սակայն յետոյ պարզւում է, որ այդ տեղեկութիւնները կամ սխալ են կամ էլ ամբողջական չեն), յետոյ այն համեմատել նմանատիպ այլ սարքաւորումների հետ, եւ ի վերջոյ կողմնորոշուել։ Թերեւս միակ բացասական բանն այն է, որ համացանցի պարագային ուղղակի չես կարողանում շօշափել այդ սարքաւորումը։

Ի վերջոյ երկար-բարակ ուսումնասիրելուց յետոյ գնեցինք Sony DSC-H5։ Սրանով այսուհետ կը կարողանամ լուսանկարել այն ինչ կը հետաքրքրի ինձ ու դրանք տեղադրել կայք էջում՝ այն դարձնելով աւելի հետաքրքիր։ Բայց առաջին հերթին պիտի սկսեմ սովորել նրանից ճիշտ օգտուելու ձեւը։

Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք այցելել www.digitalcamera-hq.com կայք էջը։

Լաւ մնացէք։


Wednesday, April 11, 2007

ՍԷՐԸ ԽՈԼԵՐԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ (4)

"Ուզում էր վերստին գտնել իրեն, դառնալ առջաուանը, վերականգնել այն ամենն, ինչից ստիպուած էր եղել հրաժարուել ստրկութեան յիսուն տարիների ընթացքում, որ, անկասկած, երջանիկ տարիներ էին եղել, սակայն ամուսնու մահուանից յետոյ իր անհատականութեան փշուրն անգամ չէր մնացել։ Ինքը մի ուրուական էր այդ օտար տան մէջ, որ մի գիշերուայ մէջ ամայացել, դարձել էր անծայրածիր ու ամայի, եւ որի միջով աննպատակ թափառելով հարց էր տալիս իրեն, թէ իրենցից որ մէկն էր աւելի մեռած՝ նա՞, ով մահացել էր, թէ՞ նա, ում թողել էր յետեւում"։ (էջ 277)

"Երբ լուսաբացին առաջին անգամ արթնացաւ որպէս այրի եւ աչքերը փակ քնելու համար աւելի յարմար դիրք որոնելով շրջուեց անկողնում, հէնց այդ պահին էր, որ նրա համար ամուսինը մահացաւ։ Որովհետեւ միայն այդ պահին անդրադարձաւ, որ տարիներ ի վեր նա առաջին անգամ էր տնից դուրս գիշերում։ Միւս անգամ, երբ այդ հասաւ գիտակցութեանը, սեղանի շուրջն էր, ոչ թէ այն պատճառով, որ իրեն մենակ էր զգում, որ ի դէպ` իսկապէս այդպէս էր, այլ այն տարօրինակ զգացողութեան, որ ճաշում էր մի մարդու հետ, որն այլեւս գոյութիւն չունի"։ (էջ 277-8)

"Անկախ ամէն ինչից, վճռեց ինչ ուզում է լինի՝ անպայման շարունակել ապրել՝ ամուսնուն յիշելով այնպէս, ասես նա չէր էլ մահացել"։ (էջ 279)

"Ֆլորենտինօ Արիզան միշտ մոռանում էր, թէեւ երբէք չի կարելի մոռանալ, որ կանայք հարցի թաքուն իմաստն աւելի շուտ են ընկալում, քան բուն հարցը"։ (էջ 285)

"... Մօր անկողնում քնած էր եղել. Նրա սնեակը թողել էր եղածի պէս եւ մի քանի անգամ չափից աւելի միայնակ չզգալու համար այնտեղ էր քնել, երբ մենակութիւնը նեղում էր"։ (էջ 286)

"Այդ ցնորքը պէտք է նրան սովորեցնէր, որ սէրը ազնուաշնորհ վիճակ է. ոչ թէ ինչ որ բանի միջոց, այլ ինքնին՝ ամէն ինչի սկիզբն ու վերջը, գերագոյն նպատակը"։ (էջ 291)

""Միշտ յիշիր, որ լաւ ամուսնութեան մէջ ամենակարեւորը ոչ թէ երջանկութիւնն է, այլ՝ կայունութիւնը"։ Այրիութեան սկզբնական միայնութեան մէջ հասկացել էր, որ դա ոչ թէ խղճուկ սպառնալիք էր, որ այն ժամանակ վերագրել էր նրա խօսքերին, այլ այն ճիւղը, որի վրայ խարսխուած էր եղել իրենց երկուստէք երջանկութիւնը"։ (էջ 297)

"Որովհետեւ հակառակ համընդհանուր կարծիքի՝ նա այնքան էլ կոկիկ չէր, այլ կոկիկ երեւալու սեփական յուսահատական մեթոդն ունէր, պարզապէս թաքցնում էր անկարգութիւնը"։ (էջ 299)

"Չեմ հաւատում Աստծուն, սակայն վախենում եմ նրանից"։ (էջ 301-2)

"Եթէ մեզ՝ այրիներիս համար մի առաւելութիւն է մնացել, այդ այն է, որ այլեւս ոչ ոք չի կարող մեզ հրամայել"։ (էջ 322)

"Իր ամուսնուց լաւ ամուսին չէր էլ կարող պատկերացնել եւ այդուհանդերձ՝ իրենց համատեղ կեանքը վերյիշելիս աւելի շատ դժուարութիւններ էր մտաբերում, քան հաճելի վայրկեաններ, չափից դուրս շատ անփոխհասկացողութիւն, անտեղի վիճաբանութիւններ, կուտակուած մաղձ ու բարկութիւն։ Յանկարծ հառաչեց. "Անհաւատալի է, թէ մարդ ինչպէս կարող է այդքան տարի երջանիկ լինել այդքան վէճերի ու պրոբլեմների մէջ եւ, գրողը տանի, չիմանալ՝ արդեօ՞ք սէր էր դա, թէ՝ ոչ"։ (էջ 327)

"Սէրը միշտ էլ սէր է. ամէն ժամանակ ու ամենուր, սակայն որքան մահը մօտենում է, այնքան սէրն աւելի ամուր է դառնում"։ (էջ 344)

"... Ոչ թէ մահը, այլ կեանքն է, որ սահման չի ճանաչում"։ (էջ 346)