Tuesday, April 10, 2007

ՍԷՐԸ ԽՈԼԵՐԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ (3)

"...Չէր պատկերացնում աւելի ստորացուցիչ բան, քան սիրոյ համար վճարելը"։ (էջ 179)

"Ֆրորենտինօ Արիզան իր մանկութիւնից յիշեց կնքահօր՝ ընտանեկան բժշկի արտայայտութիւնն իր մշտական փորկապութեան մասին."Աշխարհը բաժանւում է նրանց, ովքեր կարող են քաքել եւ նրանց, ովքեր չեն կարող"։ Այս դրոյթի վրայ հիմնուելով՝ բժիշկը մարդկային բնաւորութեան մասին մի ամբողջ տեսութիւն էր հնարել, որ աւելի ճշգրիտ էր համարում, քան աստղագիտութիւնը"։ (էջ 180)

"... Վերջապէս հասկացաւ, որ հնարաւոր է կնոջ հետ ընկեր լինել ու չպառկել հետը"։ (էջ 185)

"... Սէրն, անկախ ամէն ինչից, բնածին տաղանդ է։ "Կամ ծնուած օրուանից գիտես, կամ այդպէս էլ երբէք չես իմանայ""։ (էջ 185-6)

"... Ֆլորենտինօ Արիզան եկել էր այն համոզման, որ աշխարհը լի էր երջանիկ այրիներով։ Նա դրանց տեսել էր իրենց ամուսնու դիակի մօտ վշտից խենթացած պաղատելիս, որ իրենց էլ կենդանի թաղեն նոյն դագաղում, որ ստիպուած չլինեն դիմագրաւելու ապագան առանց նրա, սակայն երբ սկսում էին աստիճանաբար հաշտուել նոր վիճակին, տեսել էր նաեւ, թէ ինչպէս են փիւնիկի պէս յառնում մոխիրներից"։ (էջ 200)

"Հասարակական կեանքի նպատակը սարսափը յաղթահարելն է. ամուսնական կեանքի նպատակը՝ ձանձրոյթը յաղթահարելը"։ (էջ 209)

"Նրանք հէնց այն էին, ինչ որ պատկերացնում էր. ճիշտ ինչպէս քաղաքները, որ նրա համար ոչ թէ աւելի լաւը կամ վատն էին, այլ պարզապէս այնպիսին, ինչպիսին ստեղծել էր իր սրտում"։ (էջ 209)

"Այն ժամանակ Ֆերմինա Դազան սկսեց գիտակցել, որ անձնական կեանքն` ի տարբերութիւն հասարակականի, յեղյեղուկ ու անկանխատեսելի է։ Նրա համար երեխաների եւ մեծահասակների միջեւ եղած տարբերութիւնն իրականում այնքան էլ պարզ չէր, սակայն ի վերջոյ` նախապատւութիւնը տալիս էր երեխաներին, որովհետեւ նրանց դատողութիւններն աւելի վստահելի էին"։ (էջ 218)

"Նա կատարեալ ամուսին էր. երբէք յատակից ոչինչ չէր բարձրացնի, ոչ մի լոյս չէր հանգցնի, ոչ մի դուռ չէր փակի։ Երբ վաղորդեան մութնուլուսին հագուստի վրայ պակաս կոճակ լինէր, կասէր` "Մարդ պէտք է երկու կին ունենայ. մէկը՝ սիրելու համար, միւսը` կոճակ կարելու""։ (էջ 219)

"Նրա կամակորութիւնից յոգնած՝ Ֆերմինա Դազան խնդրեց, որ իր ծննդեան առթիւ մի արտասովոր նուէր անի իրեն, որ գոնէ այդ օրն ինքը ստանձնի տնային հոգսերը։ Նա հաճոյքով համաձայնեց եւ արշալոյսին, իրօք, սկսեց զբաղուել տնային տնտեսութեամբ։ Սքանչելի նախաճաշ մատուցեց, բայց մոռացել էր, որ կինը խաշած ձու չի ուտում եւ կաթով սուրճ չի խմում... Առաջին վայրկեանից հասկացաւ, որ բացարձակապէս չգիտէ, թէ ինչը ուր է գտնւում, մանաւանդ՝ խոհանոցում... Ժամը տասին ճաշի վերաբերեալ դեռ ոչինչ չէր որոշուած, որովհետեւ տան մաքրութիւնը աւարտուած չէր, ննջասենեակը չէր յարդարուած, լողարանը չէր շփուած, մոռացել էր դնել զուգարանի թուղթը, սաւանները, մոռացել էր կառապանին ուղարկել երեխաների հետեւից եւ շփոթեց սպասաւորների պարտականութիւնները. խոհարարին կարգադրեց անկողինները յարդարել, իսկ սպասուհիներին ուղարկեց ճաշ եփելու"։ (էջ 220)

"Ֆլորենտինօ Արիզան գիտէր, որ իր երկրի հարուստները կարճատեւ հիւանդութիւններով չեն վարակւում։ Նրանք կամ անսպասելի մահանում են եւ անպայման` որեւէ մեծ տօնի նախօրէին, որպէսզի սգոյ պատճառով հնարաւոր չլինի տօնել, կամ էլ աստիճանաբար խամրում են երկարատեւ ու զազրելի հիւանդութիւններից, որոնց ամենամանրակրկիտ մանրամասները շուտով բոլորի սեփականութիւնն են դառնում"։ (էջ 230)

"Բայց երբ խոստովանեց, որ այդ օրը խոստովանահօր մօտ է եղել, քիչ մնաց կատաղութիւնից խելագարուէր։ Ակադեմիայում ուսանելու օրերից ի վեր նա համոզուած էր, որ եկեղեցու բոլոր սպասաւորները` կին թէ տղամարդ, զուրկ են հոգեւոր ձիրքերից ... Համոզուած էր, որ նախքան ամուսինը կը հասցնէր խոստովանութիւնն աւարտել, իր պատիւը արդէն ասէկոսէի առարկայ դարձած կը լինի"։ (էջ 248)

"Ես գրեթէ հարիւր տարեկան եմ եւ ականատեսն եմ եղել ամէն ինչի՝ անգամ երկնքում աստղերի դասաւորութեան փոփոխութեանը, սակայն այս երկրում ոչ մի բան չի փոխուել,- ասում էր նա։ -Այստեղ երեք ամիսը մէկ նոր սահմանադրութիւն, նոր օրէնքներ են ստեղծւում ու նոր պատերազմներ հրահրւում, սակայն մենք դեռ գաղութատիրութեան դարաշրջանում ենք մնացել"։ (էջ 264)

"Անհաւատարիմ, բայց ոչ դաւաճան"։ (էջ 268)

"Ոչ մի բան մարդուն այնքան բնորոշ չէ, որքան մեռնելու ձեւը..." (էջ 274)

Sunday, April 8, 2007

ՓՈՂԻ ՈՒԺԸ ԿԱՄ ԸՆԿԵՐՈՋՍ ՀԱՅՐԱԿԱՆ ՏԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ (2)

Ընկերոջս հայրական տունն էլ գրանցուել էր երկրի մշակութային ժառանգութեանց ցուցակում։
Եւ ընկերս էլ, ինչպէս Նոր Ջուղայաբնակ շատ ու շատ հայեր, գնում-գալիս էր "Մշակութային ժառանգութեանց պահպանման կազմակերպութեան" գրասենեակը՝ յոյս ունենալով, որ ի վերջոյ կը կարողանայ համոզել պատասխանատուներին, որ իր հայրական տունը մշակութային ժառանգութիւն չէ։ Սակայն ի զուր։ Խօսքը իհարկէ ոչ թէ համոզելու մասին է՝ պատմաճարտարապետական փաստարկներ բերելով, այլ պարզապէս հասկացնելով, որ ստում են։

Եւ ահա մի օր նրանց տան դուռն են թակում Սպահանի քաղաքապետարանի ներկայացուցիչները եւ բացատրում, որ նկատի ունենալով քաղաքում մեքենաների շատանալն ու թաղամասում (Նոր Ջուղա) խցանումների առաջացումը, քաղաքապետարանը որոշել է Խաղանի պողոտայում մեքենաների մեծ կանգառ կառուցել։ Ուստի քաղաքապետարանը գնում է այդ տարածքի բնակարանները, որպէսզի դրանց վայրում կանգառ կառուցի։

Իսկ ու՞ր մնաց երկրի մշակութային ժառանգութիւնը։

Պարզ է քաղաքապետարանը բնակարանները գնել է շուկայականից ցածր արժէքով նկատի ունենալով, որ այն հանրային օգտագործման վայր պիտի դառնայ։

Այստեղ տուժեց ընկերոջս ընտանիքը (եւ միւս ընտանիքները)։

Տուժեցին նաեւ Իրանի "Մշակութային ժառանգութեանց պահպանման կազմակերպութեան" Սպահանի պատասխանատուները, որովհետեւ չկարողացան այդ տների քանդման թոյլտւութիւնը տալու դիմաց հարստանալ, աւելի պարզ ասած՝ կաշառք վերցնել։

Լաւ մնացէք։

Thursday, April 5, 2007

ՓՈՂԻ ՈՒԺԸ ԿԱՄ ԻՄ ՀԱՅՐԱԿԱՆ ՏԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ (1)

Ընկերներիցս մէկը (Ս.Թ.) Իրանական Նոր տարուայ արձակուրդները Հայաստանում անցկացնելու նպատակով եկել է Հայաստան։ Նա ինձ պատմեց իր հօր տան պատմութիւնը, որը պատահել է նրան վերջին ամիսների ընթացքում եւ որը ուղղակի նման է իմ հայրական ու Նոր Ջուղայում (Իրանի Սպահան քաղաք) ապրող բազմաթիւ այլ հայերի տան պատմութեանը։

Գրում եմ նախ իմ հայրական տան պատմութեան մասին։
Մեր տունը Նոր Ջուղայի հին տներից էր՝ 317 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Մուտքից ներս մտնելիս տունը երկյարկանի էր։ Յետոյ բակն էր՝ խաղողի եւ այլ ծառերով։ Բակից յետոյ նորից սենեակներ։

Պատմութեան մէջ մի քիչ յետ գնալով ասեմ, որ երբ հայերը հաստատւում են Նոր Ջուղայում` տուն ու տեղ են դնում մեծ տարածութեամբ այգիների մէջ։ Յետոյ ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով այդ այգիները բաժանում են փոքր մասերի։ Յետոյ էլի փոքր մասերի ու արդէն հիմա Նոր Ջուղայում հին մեծ տուն ասելով հասկանում ենք մի քանի հարիւր մետրանոց տներ, որոնց թիւը օրէցօր պակսում է։ Այդ տները քանդում են ու դրանց տեղ կառուցում մեծաւ մասամբ բազմայարկ նոր շէնքեր։

Հայրս որոշեց մեր տունը վաճառել եւ գնել նոր բնակարան։ Սակայն առաջին իսկ պահին պարզուեց, որ մեր տունը՝ ինչպէս շատ ու շատ հայերի տները, գտնւում է "Մշակութային ժառանգութեանց պահպանման կազմակերպութեան" ցուցակում։

Առ ի տեղեկութիւն գրեմ, որ Իրանում գոյութիւն ունի վերոյիշեալ անունով պետական կազմակերպութիւն, որն իբրդէ զբաղուած է երկրի մշակութային ժառանգութեանց պահպանման "սրբազան" աշխատանքնով։ Այդ կազմակերպութիւնը գրանցում է այն կառոյցները (տուն, կամուրջ եւ այլն) , որոնք մշակութային արժէք ունեն եւ չի թոյլատրում դրանք քանդել։

Նմանատիպ տները շատ դժուար է վաճառել, որովհետեւ ո՞վ է պատրաստ գնել մի տուն, որը չի թոյլատրւում քանդել։ Պարզ է, որ շինարարական գործարարութեան առումով շահաւէտն այն է, որ գնես հողը եւ հողի վրայ կառուցես բազմայարկ շէնք ու վաճառես յարկաբաժինները։ Սակայն եթէ չե՞ն թոյլատրում այն քանդել։

Հինգ տարի շարունակ՝ 1990-1994 թուականների ընթացքում, հայրս անընդհատ, իսկ ես երբեմն, այդ կազմակերպութեան ճանապարհին էինք։ Ուզում էինք ստանալ տեղեկանք այն մասին, որ մեր տունը մաս չի կազմում երկրի մշակութային ժառանգութեանը։ Բայց ի զուր։ Այդ ընթացքում էլ անընդհատ գնորդ էր գալիս, մէկը չէր հաւանում, մէկն էլ որ հաւանում էր՝ չէր գնում, որովհետեւ տունը մշակութային ժառանգութիւն էր։

Վերջը, ինչպէս մեր վիճակում գտնուող այլ հայերի ջախջախիչ մեծամասնութիւնը, յոգնած այդ ճանապարհը գնալ-գալուց ու օգուտ չստանալուց, որոշեցինք տունը վաճառել` ինչքան էլ այն գնեն։ Տունը վաճառեցինք իրական արժէքից անհամեմատ աւելի արժան գնով (ինչպէս մեր նման շատ ու շատ հայեր)։

Այն գնեց մի պարսիկ մեծահարուստ։ Մի քանի ամիս անց մեր արդէն վաճառուած տունը հաւասարուեց հողին։ Մէկ տարի անց նրա տեղում շէնք էր կառուցուած։

Ինչպէ՞ս պատահեց սա։ Կաշառք ու ծանօթութիւն։ Հայերի տներով հարստանալու քաղաքականութիւն։ Խօսքը մէկ-երկու պարագայի մասին չէ, այլ բազմաթիւ։
Հարցը յստակ է։ Ինչպէ՞ս բացատրել Նոր Ջուղայում գոյութիւն ունեցող երկրի մշակութային իբրդէ ժառանգութիւնների կանգուն մնալը՝ մինչեւ այն ժամանակ, երբ հայերի ձեռքում են ու նրանց մէկը միւսի յետեւից քանդուելը՝ ընդամէնը մի քանի ամսուայ ընթացքում, երբ արդէն վաճառւած են պարսիկներին։

Այդպիսով փող էին աշխատում մեծահարուստներն ու կաշառակեր պաշտօնեաները։

Լաւ մնացէք։

Wednesday, April 4, 2007

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆ՝ ՆԱԽԱՆՁՈՒԹԵԱՆ ԱՌԻԹ

Երեկ Հայաստանի Արտաքին Գորոց նախարար՝ Վարդան Օսկանեանը Երեւանում հիւրընկալել էր Ռուսաստանի Դաշնութեան Արտաքին Գործոց նախարար՝ Սէրգէյ Լաւրովին։

Նրանց հանդիպումից յետոյ տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ Օսկանեանը ի զարմանս ներկաների ելոյթ ունեցաւ ռուսերէնով։ Եւ յետոյ էլ որպէսզի փաստի, որ իր ելոյթը անգիր չի արել, այլ իրօք սովորել ու ելոյթ ունենալու մակարդակի տիրապետում է ռուսերէնին, թղթակիցների ռուսերէնով հնչած հարցերին պատասխանեց ռուսերէն։

Օսկանեանը 52 տարեկան է եւ այս տարիքում որոշել է սովորել ռուսերէն ու սովորել է։
Օսկանեանն իմ կարծիքով այն եզակի նախարարներից է, որը լաւապէս տիրապետում է իր ոլորտին եւ այն տպաւորութիւնն ունեմ, որ նա իրօք զբաղուած է՝ անընդհատ ճամբորդութիւններ, հանդիպումներ, բանակցութիւններ եւ ... մի նոր լեզու սովորել։ Նա տիրապետում է անգլերէնին, ֆրանսերէնին, արաբերէնին եւ հայերէնին։ Իսկ այժմ էլ ռուսերէն։

Այդ առումով "կեցցէ" պիտի ասել նրան։

Ես, անկեղծ ասած, նախանձեցի նրան։ Յոյսով եմ այդ բարի նախանձը իմ վրայ դրական կազդի։

Լաւ մնացէք։

Tuesday, April 3, 2007

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ "ՆԻՒ ԵՈՐԿԻ ԱՒԱԶԱԿԱԽՄԲԵՐԸ"

1.- Երեկ գիշեր ժամը 10։20-ի սահմաններում Աշտարակ-Գիւմրի մայրուղում զինեալ յարձակման է ենթարկուել Գիւմրիի քաղաքապետ Վարդան Ղուկասեանը։ Տեղում սպանուել են նրա ուղեկիցներից երեք հոգի։ Քաղաքապետն ու մէկ ուրիշը ծանր վիրաւորուած տեղափոխուել են հիւանդանոց։

2.- Փետրուարի 15-ին Երեւանի գիշերային ակումբներից մէկում (Relax), զինեալ բախում էր տեղի ունեցել, որի հետեւանքով տեղում սպանուել էին երկու հոգի։

Այս շարքը կարելի է շարունակել։

Ներկայ Հայաստանի իրավիճակի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար խորհուրդ կը տամ դիտել Մարտին Սկորսիզիի (Martin Scorsese) "Նիւ Եորկի աւազակախմբերը" տեսաերիզը (Gangs of New York), 2002 թուականի արտադրութիւն, խաղարկութեամբ` Լէոնարդօ Դի Կապրիոյի, Կամերոն Դիազի, Դանիէլ Դէյ Լուիզի եւ այլք։

Այնտեղ ամէն ինչ ասուած է։

Լաւ մնացէք։

Monday, April 2, 2007

ՍԷՐԸ ԽՈԼԵՐԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ (2)

""Պատկերացնում ես, թէ ինչ կզգար մայրդ, եթէ իմանար, որ քեզ Ուրբինօ դէ լէ Քալի պէս մէկն է սիրահետում։" "Երեւի գերեզմանում շուռ գար",- չոր պատասխանեց նա"։ (էջ 121)

"...Մինչեւ լուսաբաց շարունակեց ոգեկոչել ամուսնու սքանչելի յատկութիւններն, ու անհաւատարմութեան մէջ չմեղադրեց նրան, բացի` մենակ մեռնելուց, որ փոքրիշատէ մեղմանում էր այն համոզմամբ, որ այժմ, առաւել քան երբեւէ ամուսինն իրեն էր պատկանում, երբ մի դիւժին մեծ մեխերով ամրացուած դագաղի մէջ` երկու մետր խորութեամբ ամուր կնքուած էր հողի տակ"։ (Էջ 147) "Ես երջանիկ եմ, որովհետեւ միայն այժմ հաստատ գիտեմ, թէ ուր է նա, երբ տանը չի լինում"։ (էջ 147)

"Դա Ֆլորենտինօ Արիզայի առաջին անկողնային սէրն էր։ Սակայն մշտական կապի վերածուելու փոխարէն, ինչպէս մայրն էր երազում, երկուսն էլ այն օգտագործեցին անառակ կեանքի անցնելու"։ (էջ 149)

""Եթէ ուզում ես վաճառել, պէտք է լեզուներ իմանաս։",-ասում էր հեգնական ծիծաղով"։ Սակայն երբ ուզում ես որեւէ բան գնել, ուրիշները պէտք է աշխատեն քեզ հասկանալ""։ (էջ 161)

"Սակայն, երբ, այդքան նոր տպաւորութիւններով, ճամբորդութիւնից յոգնած ու յղիութիւնից քնաթաթաւ, վերադառնալով նրան ամենից առաջ հարց տուին, թէ ինչ կարծիքի էր Եւրոպայի հրաշալիքների մասին, նա կարիբեան բարբառի չորս բառով ամփոփեց իր երջանկութեան բազմաթիւ ամիսները. "Մի երեւելի բան չէր""։ (էջ 161)

"Ինչ-որ մէկից լսել էր, որ Էնրիկօ Կարուզոն ձայնով ծաղկամաններ է փշրում, եւ դրանից յետոյ տարիներ շարունակ աշխատում էր նոյնն անել, անգամ ձայնը փորձելով լուսամուտների ապակիների վրայ"։ (էջ 162)

"Հարստութեան մէջ մեղադրուելիս ոչ ոք նրա պէս դիպուկ չէր կարող բնորոշել իրեն։ "Ես հարուստ չեմ,- ասում էր։ - Ես փող ունեցող աղքատ մարդ եմ, որն ամենեւին էլ նոյն բանը չէ""։ (էջ 163)

"Ամէն դէպքում՝ տարիներ անց միայն Ֆլորենտինօ Արիզան պարզեց իրենց նմանութիւնը, երբ հայելու առաջ մազերն էր սանրում, եւ այն ժամանակ միայն հասկացաւ, որ տղամարդն իր ծերանալն իմանում է նրանից, որ սկսում է հօրը նմանուել"։ (էջ 167)

Sunday, April 1, 2007

Ե.Ը.Ե.Կ.-Ը ԸՆԴՈՒՆԵՑ ԲԱՆԱՁԵՒ

Մի 10 րոպէ առաջ Արտակը Վարշաւայից տեղեկացրեց, որ Եւրահամայնքի Ընկերվարական Երիտասարդների կազմակերպութեան 8-րդ համագումարը ընդունել է Հրանտի Դինքի սպանութիւնը եւ Թուրքիայում փոքրամասնութիւնների իրաւունքների ոտնահարումը դատապարտող բանաձեւ եւ կոչ արել Թուրքիային ընդունել հայոց ցեղասպանութեան իրողութիւնը եւ հատուցում տալ հայութեան։

Բանաձեւը համագումարին ներկայացուել է մեր երիտասարդականի կողմից։ Համագումարին մասնակցում ենք մէկ հոգով՝ Արտակը՝ Հայաստանից։

Մանրամասնութիւնները կը գրեմ ընկերոջ վերադարձից յետոյ։

Այդ կապակցութեամբ շնորհաւորում եմ մեր երիտասարդականի ընկերներին։

Արտակ վարձքդ կատար։