Tuesday, February 13, 2007

ՀԱՍՏԱՎԻԶՆ ՈՒ ՏՂԱՍ

Կոմիտաս պողոտայում կայ "Ճստիկ-Պստիկ" անունով մանկական հագուստի խանութ։

Կինս՝ տղայիս գրկած, ուզեցել է մտնել այդ խանութը։ Սառցակալած փողոցներում նոյնիսկ միայնակ քայլելը դժուար է, էլ ինչ մնացած մի երեխայ էլ գրկումդ։

1-1.5 մետր է հեռու եղել խանութի մուտքից, որ մէկ էլ մի Տոյոտա Պռադօ (Toyota Prado) փողոցից արագ մտել է մայթ ու մայթով քշելով պահել մանկական հագուստի խանութի մուտքի մօտ` պարզ է, վտանգելով անցորդների, ընդորում նաեւ կնոջս ու տղայիս կեանքը։

Մարդիկ իրար են նայել, նայել են մեքենային։ Ի՞նչ անել, ի՞նչ չանել։

Մեքենայից իջել է մի հաստավիզ ու լայնաբազուկ մարդ։

Ոչ ոք ոչ մի բան չի ասել։

Կինս էլ բան չասելով, շարունակել է քայլել ու մտել է խանութ։ Հետեւից այդ մարդը, որը պարզուել է՝ խանութի յաճախորդներից է ու եկել է գնումներ կատարելու։

Ու խանութ մտած-չմտած մարդը կնոջս ասում է.-
- Բա երեխային էսպէ՞ս դուրս կը բերեն։ Ինչու՞ ես քիչ շոր հագցրել։ Կը մրսի։ Բա՞ ձեռնոցը։
- Ձեռնոցը հագը չի պահում։
- Եաա՜, էդ էլ էլաւ պատասխան։

Կինս ապշած նայել է մարդուն։ Ի՞նչ ասի։

Փորձենք լուծել հանելուկը։
Հաստավիզը մի կողմից խախտում է կանոնը՝ վտանգելով մարդկանց կեանքը եւ միւս կողմից՝ մտահոգուած է մի անծանօթ երեխայի մրսել-չմրսելով, ընդորում ոչ միայն մտահոգուած է, այլ տիրոջ նման իրեն իրաւունք է վերապահում հարցաքննել երեխայի մօրը։

Մի կողմից մտածում եմ պիտի տխրեմ, որ մարդիկ կան, որ խախտում են օրէնքը ու միւս կողմից մտածում եմ պիտի ուրախանամ, որ մարդիկ կան, որ մտահոգւում են երեխաների կեանքով (թէեւ ի հարկէ այս դէպքում մարդը ճիշտ չի եղել)։

Մի կողմից մտածում եմ գնամ գտնեմ (ինչպէ՞ս) այդ հաստավզին ու ասեմ "ախր ով ես դու, որ քեզ իրաւունք ես վերապահում այդպէս խօսել ուրիշների կանանց հետ", ու միւս կողմից մտածում եմ, որ եթէ դեռ հաստավիզ-լայնաբազուկները հետաքրքրւում են անծանօթ երեխաների մրսել-չմրսելով, նշանակում է մեր երկրում ամէն բան դեռ կորած չէ։

Յամենայնդէպս կարծում եմ բախտ եմ բերել, որ հաստավիզը կնոջս չի ասել "Տուր ամուսնուդ հեռախօսահամարը` զանգեմ տեսնեմ սա ի՞նչ վիճակ է"։

Լաւ մնացէք։

Friday, February 9, 2007

ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԻՒՆՆ ԱՄՆ-ՈՒՄ

Մի երկու օր առաջ կարդացի "Հասարակագիտական արդի տեսանկիւններ" գրքի "Ընկերվարական շարժումները" գլուխը, որտեղ հեղինակները վերլուծել են ԱՄՆ-ում ընկերվարութեան չզարգանալու պատճառները։ Գրքի հեղինակներն են Շերմանն ու Վուդը։

Համառօտ կերպով ասեմ, որ ըստ հեղինակների տեսակէտի՝ "Ընկերվարական" կուսակցութիւնը ԱՄՆ-ում յաջողութիւն չարձանագրեց հետեւեալ պատճառներով.-

1.- Աշխատաւոր դասակարգում առկայ էին ցեղային, ազգային, սեռային, աշխատանքի տեսակի ու եկամուտի չափի տարբերութիւններ։
2.- Մեծ չափերի աշխարհագրական տեղափոխութիւններ էին կատարւում ԱՄՆ-ում (ԱՄՆ-ի մի ծայրից միւսը)։
3.- Հողագործ բնակչութեան թիւը արագ պակսեց ու աշխատաւոր դասակարգը դանդաղ կազմուեց։
4.- Կենսամակարդակը բարձրացաւ։
5.- Ոչ ընկերվարական ուժերը իշխանութիւն հաստատեցին աշխատաւորական արհմիութիւնների վրայ։
6.- Ռուսական յեղափոխութիւնը բացասաբար ազդեց ժողովրդի վրայ եւ թուլացրեց "Ընկերվարական" կուսակցութեանը։
7.- Տարածուեցին հակաընկերվարական առասպէլներ, որոնք բխում էին ԱՄՆ-ի դրամատիրական համակարգի անհատապաշտական եւ բարեկեցութեան գաղափարներից։
8.- Աշխատաւորների պահանջների մի մասը ներառուեց "Ժողովրդավար (Democrat)" կուսակցութեան ծրագրում։
9.- Ընկերվարութիւնը վտանգ նկատելով՝ ԱՄՆ-ի պետական այրերը սկսեցին խոչընդոտել "Ընկերվարական" կուսակցութեան գործունէութիւնը։

Ինչու՞ գրեցի այս ամբողջը։

Որովհետեւ ասում են՝ "Ամենալաւ սովորելը՝ սովորեցնելու մէջ է" եւ "Կրկնութիւնը մայրն է գիտութեան"։ Այստեղ, ի հարկէ, նպատակը մէկին մի բան սովորեցնելը չէ, այլ սովորածը գրելով ու կրկնելով՝ չմոռանալը։

Բարեւներով՝

Wednesday, February 7, 2007

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ

Եթէ այս յօդուածում http://www.hetq.am/arm/economy/0702-asargsyan.html տեղ գտած տեղեկութիւնը ճիշտ է (որի հաւաստիութիւնն ստուգելն ամերիկացիների համար ջուր խմելու նման բան է), ապա հետաքրքիր է իմանալ միջպետական հանդիպումների ժամանակ, եթէ ամերիկացիները մեր իշխանութիւններին հերցնեն "Դուք, որ այնպիսի պատգամաւորներ ունէք, որ մեր երկրում 3,5 միլիոն դոլարանոց բնակարան են գնում, էլ ի՞նչ էք մեր երկրում բարեգործ ման գալիս ու մեզ խնդրում ձեզ ռազմական օգնութիւն տալ ու ներառել հազարամեակի մարտահրաւէրների շրջագծում", մեր իշխանութիւններն ի՞նչ կը պատասխանեն։

Tuesday, February 6, 2007

ՄԵՐՈՆՑ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ ՔՈՐՔՈՒՄ

Անցեալ Շաբաթ գիշերուայ (լոյս Կիրակի առաւօտ) ժամը 2։40-2։50 կը լինէր։ Քնած էի, երբ մէկ էլ բջջային հեռախօսս սկսեց զանգել։ Մտածեցի հաւանաբար մէկն էլի սխալ համար է հաւաքել։ Պատահել էր նախկինում, երբ այդ ժամի զանգում են։ Ասում եմ` "Այո", հեռախօսի միւս կողմից մի աղջիկ անուշ ձայնով հարցնում է "Տաքսի էք պատուիրե՞լ" կամ "Տաքսին տեղում է, մօտեցէք"։ Ի՞նչ պիտի ասեմ։

Վերցրի բջջայինս ու լսում եմ Յովնաթանի ձայնը՝ Քորքից։ Ժողովը միաձայնութեամբ (ինչպէս ինքն էր ասում 100 տոկոսով) ընդունել է Հրանտ Դինքի սպանութեան կապակցութեամբ բանաձեւ։ Ուրախ են ու առաջինն ինձ են տեղեկացնում։ Ուրախացայ բնականաբար։ Շնորհաւորեցի։ Երկար խօսեցինք։

Նրանք, ովքեր ծանօթ են բանաձեւի բովանդակութեանը` կը հաստատեն, որ այն բաւականին ծանր է ու դրա ընդունումը Խորհրդի ժողովի կողմից` իրաւամբ պիտի համարել մեր երիտասարդականի յաջողութիւնը։ Նման ժողովների մասնակցելու փորձ ունեցողները կը վկայեն, որ այդ տեսակ բանաձեւ հաստատել տալը` այնքան էլ հեշտ գործ չէ։

Յիշեցնեմ, որ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան Համաշխարհային Խորհրդի ժողովը տեղի ունեցաւ Փետրուարի 1-3-ին՝ Քորքում (Իռլանդիա)։ Մեր երիտասարդականը մասնակցում էր երկու հոգով՝ Յովնաթանը՝ Գերմանիայից եւ Ովսաննան՝ Անգլիայից։ Ը.Ե.Մ.Մ.-ի մասին յաւելեալ տեղեկութիւններ ձեռք բերելու համար կարող էք այցելել www.iusy.org կայքէջը։

Այս ժողովին դժբախտաբար չկարողացանք Հայաստանից մէկին ուղարկել, որովհետեւ Իռլանդիան Հայաստանում դեսպանութիւն չունի։ Մուտքի արտօնագիր պիտի վերցնել Մոսկուայից, իսկ այնտեղից էլ այդքան դիւրին չէ։

Մեր պատուիրակութեան վարձքը կատար՝

Monday, February 5, 2007

Հ1-Ի ՆՈՐ ՀԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հ.Հ. Նախագահի կողմից Ալեքսան Յարութիւնեանի վերանշանակումը Հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի կազմում վեց տարի ժամկէտով (http://www.yerkir.am/arm/index.php?sub=news_arm&id=28948) եւ նրա "վերընտրութիւնը" որպէս խորհրդի նախագահ, լուրջ մտահոգութեան առարկայ է։

Իմ կարծիքով (ու ոչ միայն իմ) Հ1-ն այսօր չի կատարում իր առաքելութիւնը։ Այն Հայաստանի առաջատար հեռուստաընկերութիւններից չէ։

Բերեմ մէկ օրինակ։
Հ1-ով ցրւում էր "Տանգոյի սիրահարները" հարաւամերիկեան սերիալը (ի դէպ այն սփռուել է երկու անգամ)։ Սերիալի հերոսը դպրոցի ուսուցիչ է, որը երիտասարդ ժամանակ սիրել է մի աղջկայ, որի հետ չի ամուսնացել, որն այժմ ամուսնացած է եւ ունի մէկ աղջիկ ու մէկ էլ տարիներ անց կրկին սիրային կապ է հաստատւում ուսուցչի ու նախկին ընկերուհու, այժմ արդէն սիրեկանի միջեւ։

Ուսուցիչն այդ ընթացքում սիրահարւում է իր աշակերտուհիներից մէկի վրայ ու այդտեղ էլ հաստատւում է սիրային (ու սեռային) կապ։

Ուսուցիչը սիրային (ու սեռային) կապի մէջ է մտնում նաեւ դպրոցի տնօրէնուհու հետ։

Մինչեւ այստեղ երեք սիրային-սեռային կապ միաժամանակ։

Շարունակե՞մ։

Սա սփռում է Հ1-ը։ Ճաշից յետոները 5-6-ին (այսինքն ճիշտ այն պահին, երբ երեխաները տանն են եւ արթուն են) եւ առաւօտներն էլ կրկնում է։

Կարիք կայ յիշեցնելու, որ հայութեան մօտ ուսուցչութիւնը սրբութիւն է համարւում։ Ուսուցիչը բանիմաց, գիտակից, զոհաբերող, ազգային արժէքներին հաւատարիմ, բարոյական մարդն է։ Չգիտեմ պատահել է Հ1-ի ղեկավարութիւնը մէկ անգամ ինքն իրեն հարցնի՝ ի՞նչ է նշանակում "Թարգմանչաց" տօն, այն որտեղի՞ց է եկել, քանի՞ տարուայ (կը ներէք դարուայ) պատմութիւն ունի։

Ի՞նչ է կատարւում այժմ։
Փորձում են փոխել արժէքները։ Նոր սերունդը պիտի իմանայ, որ ուսուցիչը ոչ թէ սուրբ է, այլ ընդամէնը սիրեկանների երամ պահող մի արարած։

Սա ընդամէնը Հ1-ի մէկ ծրագիրն է։
Խօսե՞մ այլ ծրագրերի մասին (այդ դէպքում պիտի գիրք գրեմ)։
Ու սրանք ցրւում են հեռուստաընկերութեան նախկին ու ներկայ նախագահի ժամանակաշրջանում։

Ինչու՞ այս քննադատութիւնը Հ1-ի նկատմամբ։ Որովհետեւ Հ1-ը լինելով հանրային-պետական հեռուստաընկերութիւն` ժողովրդինն է, մասնաւոր չէ, որ մէկն առնի ու ասի՝ "սա իմ հեռուստաընկերութիւնն է, ինչ ուզեմ կանեմ' (թէեւ այդ դէպքում էլ պարտաւոր է պահպանել հասարակութեան բարոյական չափանիշները)։ Հ1-ի բիւդջէն, որպէս հանրային հեռուստաընկերութիւն, գոյանում է հիմնականում քաղաքացիների հարկերից։ Հ1-ը դիտում են Հայաստանի բոլոր մարզերում։ Հ1-ը դիտում են Սփիւռքում։ Հ1-ը արտացոլում է պետութեան դիրքորոշումները։

Մնացէք պայքարունակ՝

Յ.Գ. Ի դէպ աւելացնեմ, որ ով ուզում է այդ պաշտօնն զբաղեցնել պիտի դիմում ներկայացնի ու Հայաստանի երեք միլիոն բնակչութիւնից Ալեքսան Յարութիւնեանը միակն է եղել, որ յայտ է ներկայացրել։

Saturday, February 3, 2007

ՍԱՐԳԻՍ-ԻՑ Ս

Այսօր Փետրուարի 3-ն է՝ Սբ. Սարգսի՝ այսինքն երիտասարդութեան ու սիրոյ հովանաւորի տօնը։ Այդ առիթով գրում եմ մի յուշ կապուած անուանս հետ։

Ինչպէս ընդունուած է հայ ընտանիքներում Սարգիս անունով երեխաներին Սաքօ են կանչում։ Յետոյ երբ Սաքօ-ն մեծանում է՝ տան մէջ ու ընկերական շրջապատում մնում է նոյն Սաքօ-ն, իսկ դուրսն արդէն Սարգիս։

Հայաստանում հաստատուելուցս որոշ ժամանակ անց, երբ արդէն մի քանի ընկերների հետ մտերմացել էի, մի օր ընկերներիցս մէկն ինձ կանչեց՝ Սաք։ Սկզբում զարմացայ, բայց բան չասացի։ Ուշադրութիւն դարձրի եւ նկատեցի, որ Սարգիս անունով մտերիմներին ոչ թէ Սաքօ, այլ Սաք են կանչում։ Նորութիւն էր։ Քիչ-քիչ դրան վարժուեցի։

Մի երկու տարի անց նոյնիսկ հարեւանիս տղան, որի հետ ընդամէնը բարեւ-Աստծոյ բարեւ ունէի, ինձ Սաք էր կանչում ու պարզ է, որ դա անմիջականութեան, հարազատութեան նշան էր։

Մի օր էլ տանը հիւրեր ունէինք, երբ մէկ էլ կինս դարձաւ ինձ ու կանչեց՝ Սա։ Այս մէկն արդէն ապշեցուցիչ էր։ Սարգիս, Սաքօ, Սաք, հիմա էլ Սա։ Բնականաբար այդ պահին բան չասացի, բայց յետոյ երբ հարցրի, որ Սա ինչ է նշանակում պատասխանեց, որ այդպէս էլ են ասում, չգիտէի՞ր։ Շատ ժամանակ չանցաւ, որ տեսայ ընկերներիցս ոմանք էլ ինձ Սա են կանչում։ Այս արդէն հաւանաբար չափազանց մտերմութեան ու հարազատութեան նշան էր։

Երբեմն մտածում եմ, եթէ այսպէս շարունակուի ինչ կը լինի։ Հաւանաբար շուտով Սարգիս-ից կը մնայ միայն Ս-ն, որն էլ կարտայայտի անսահման մտերմութիւն։ Պիտի պատրաստուեմ, որ շատ չզարմանամ։

Բարեւներով՝

Յ.Գ.։ Ամրան մի երեկոյ տանն էի, երբ լսեցի հարեւանուհուս ձայնը, որը չորրորդ յարկից կանչում էր բակում խաղացող իր տղային՝ ¨Սաքուլիկ, Սաքուլիկ, վերեւ բարձրացիր¨։ Պարզ է, որ Սաքուլիկ-ը շատ փոքր Սարգիս-ն է, աւելի ճիշտը այն Սարգիս-ը, որը դեռ այնքան չի մեծացել, որին Սաքօ կանչեն։ Բարեբախտաբար ինձ այդպէս երբէք չեն կանչել։

Friday, February 2, 2007

ՄԵՐՈՆՔ ՔՈՐՔՈՒՄ

Այսօրուանից Իռլանդիայի Քորք (Cork) քաղաքում սկսել է Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան Համաշխարհային Խորհրդի ժողովը։

Մեր երիտասարդականը երկու հոգանոց պատուիրակութեամբ մասնակցում է այս ժողովին՝ Ովսաննան՝ Անգլիայից ու Յովնաթանը՝ Գերմանիայից։

Ը.Ե.Մ.Մ.-ին անդամակցում են 143 երիտասարդական միութիւններ՝ աշխարհի 100 երկրներից։

Վերջին՝ 2004 թուականին գումարուած Համաշխարհային Խորհրդի ժողովում, որը տեղի ունեցաւ Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում, ընդունուեց Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչող բանաձեւ։ Այդ ժողովին մենք մասնակցում էինք մէկ հոգով՝ Դամիանը՝ Արգենտինայից։

Իռլանդիայի ժողովը քննարկելու է Միութեան յառաջիկայ տարեշրջանի քաղաքական ուղեգիծը՝ "Տեղաշարժուող մարդիկ" ընդհանուր բնաբանով։ Ժողովը տեւելու է երեք օր։

Ը.Ե.Մ.Մ.-ի մասին հետաքրքրուողները կարող են այցելել այս կայքէջը՝ www.iusy.org , իսկ Քորքի մասին հետաքրքրուողներն էլ այս կայքէջը՝ http://www.world66.com/lib/map/handle?loc=europeireland

Յաջողութիւն մեր պատուիրակութեանը։