Sunday, June 8, 2008

ՔԱՅԼԵԼՆ ՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

1.- Ես ընդհանրապէս շատ եմ քայլում։ Դա ինձ համար նոր սովորութիւն չէ, փոքր տարիքից այդպէս եմ սովոր ու մինչեւ հիմա էլ պահում այդ սովորութիւնը։ Սակայն վերջին մօտ մէկ տարուայ ընթացքում, երբ դարձել եմ արհեստավարժ չաշխատող՝ փորձում եմ կանոնաւոր կերպով ժամանակ յատկացնել քայլելուն։

Անցեալ Ուրբաթ օրը, օրինակ, քայլել եմ երկու ժամ քսան րոպէ։

Սկսել եմ Կոմիտաս-Փափազեան խաչմերուկից մէկ կանգառ վերեւից, Կոմիտասով իջել Մերգելեան ինստիտուտ, այնտեղից Բարեկամութիւն մետրօ, ապա Կիեւեան փողոցով մինչեւ Կիեւեան կամուրջ, անցել եմ Կամուրջով ու պտտել աջ, մտել Աջափնեակ թաղամաս, քայլել զբօսայգում, հասնելով Հրազդանի ձոր ու բարձրանալով վերեւ հասել մանկական խաղահրապարակ, էլի առաջ գնացել եւ հասնելով զբօսայգու վերջաւորութեանը վերադարձել նոյն ճանապարհով մինչեւ Կիեւեան կամուրջ, ապա Կիեւեան պողոտայ ու հասել Կիեւեան-Օրբելի եռուղուն, մտել Օրբելի փողոց, հասել Բաղրամեան պողոտայ, իջել Բաղրամեանով, հասել Դեմիրճեան փողոց (Ազգային Ժողովին կից) եւ Դեմիրճեանով քայլել մինչեւ Սարեան փողոց, Սարեանից Արամի փողոց ու քայլելն աւարտել Մաշտոցի պողոտայ Արամի փողոց հատման հատուածում։

Ենթադրում եմ, որ 20-25 կիլոմետր քայլած կը լիենմ, եթէ ոչ աւելի…

Երեւանին ծանօթները կը հաստատեն, որ սա չափազանց շատ տարածութիւն է։

Ինչու՞ այս մասին գրեցի։ Շարժելու համար նստակեաց կեանք վարողների նախանձը։ Մարդկանց եմ ճանաչում, որոնք հնարաւորութիւն ունենալու պարագային իրենց տան հիւրասենեակից մինչեւ քնելասենեակ կը գնան մեքենայով։

Իսկ ով կասի, որ սա պարապ մարդու գործ է, կը պատասխանեմ, որ խոստովանէք, որ նոյնիսկ ամենապարապ մարդը, դժուար պատրաստ լինի քայլել երկու ժամ քսան րոպէ։ Աւելացնեմ, որ այդ ընթացքում երբէք չեմ նստել կամ հանգստացել, պարզապէս մի քսան րոպէ կանգնել եմ, ակամայ մասնակից լինելով մի ահաւոր դէպքի։

Մէկ անգամ գրել եմ, հիմա կրկնում եմ, չգիտեմ Երեւանում միայն ես եմ մասնակից լինում կամ միայն ինձ են պատահում հետաքրքիր ու յիշարժան դէպքեր, թէ բոլորին, բայց այն, որ ինձ անընդհատ այդպիսի դէպքեր են պատահում կամ ես անընդհատ մասնակից եմ լինում այդպիսի բաների, ակնհայտ է։

Ահաւասիկ այդպիսի դէպքերից մէկի մասին։

2.- Աջափնեակից վերադառնալով քայլում էի Կիեւեան կամուրջի աջ մասով, երբ նկատեցի, որ ձախ մասում մի տղայ անցել է կամրջի ցանկապատը ու ուզում է իրեն վայր նետել, այլ խօսքով ինքնասպանութիւն գործել։ Շեշտում եմ՝ տղան անցել էր ցանկապատը։

Երկու տղամարդ էլ ցանկապատի այս կողմում (բնականաբար այս կողմում) տղայից մի կէս մետր տարածութեան վրայ, խօսում էին տղայի հետ, պարզ է համոզելով, որ հրաժարուի մտադրութիւնից։

Ի միջի այլոց տեղեկացնեմ, որ Կիեւեան կամուրջը Երեւանում յայտնի է որպէս ինքնասպանութիւն գործելու համար յարմար վայր։ Բարձրութիւնից վայր նետուելով ինքնասպանութիւն կատարել նախընտրողների մեծ մասը, գերադասութիւնը տալիս են Կիեւեան կամուրջին։ Թէ ինչու՞, չգիտեմ։ Ասենք օրինակ, Դաւիթաշէնի կամուրջն էլ այդ գործի համար անյարմար վայր չէ, բայց կարծես սա էլ Կիեւեան կամուրջն է սեփականաշնորհել ու նրա մենաշնորհն է։

Ի՞նչ անել, ի՞նչ չանել, մտածում եմ ու առաջին բանը, որ խելքիս հասաւ ոստիկանութիւն զանգահարելն է։ Բջջայինով զանգեցի 102։ Զանգ գնաց՝ վերցնող չկար։ Անջատեցի, կրկին զանգեցի՝ զանգ գնաց՝ վերցնող չկար։ Այս անգամ ինքն անջատուեց։ Փորձեցի երրորդ անգամ՝ վերցրին։ Բացատրեցի իրավիճակը, պատասխանեցին, որ “Կուրսի* ենք ու արդէն մարդ ենք ուղարկել”։

Անցայ Կամուրջի մէկ կողմից միւսը։ Արդէն մի եօթ-ութ հոգի հաւաքուել էին ու խօսում էին տղայի հետ ու ի վերջոյ տղային համոզելով, կատարեցին խիստ վտանգաւոր գործ (թերեւս այլ ելք էլ չկար)՝ բռնեցին նրա ձեռքերից ու մարմնից ու ցանկապատի միւս կողմից տղային յետ քաշեցին այս կողմ՝ նրան վերադարձնելով Երրորդ Աշխարհ։

Տղան յուշաթափ ընկաւ մայթին։

Հաւաքուածների մէջ նկատեցի “Ժառանգութիւն” կուսակցութեան անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արմէն Մարտիրոսեանին։

Կիեւեան կամրջում խցանում էր առաջացել։ Մեքենաները պահում, նայում էին ու շարժւում շատ դանդաղ։ Որոշ վարորդներ էլ մեքենաները պահում, իջնում էին, բաւականին մարդ էր հաւաքուել։ Ոստիկանութիւն դեռ չկար։ Մէկը մեքենայից ջուր բերեց ու լցրեց տղայի երեսին, ուշքի եկաւ։ Անունը Վարդան էր, քսան տարեկան։

Մի տարիքով մարդ անընդհատ ասում էր, “Տղայ ջան, Վարդան ջան, դու պրոբլեմ** չունես, տես ինչքան տղամարդ ա հաւաքուել շուրջդ, մենք մէջքիդ ենք, չմտածես”։ Մի յիսուն անգամ այս նախադասութիւնը կրկնեց։ Որոշներն էլ հաստատում էին։ Ես էլ մտածում էի այդքան տղամարդը հինգ րոպէ յետոյ կը գնայ իր գործին, տղային թողնելով իր հարցերով, ուրեմն ինչու՞ է իզուր խոստում տալիս։ Ոչ ոք չգիտի ի՞նչն է տղային մղել այդպիսի քայլի, որպէսզի հնարաւոր լինի օգնութիւն ցոյց տալ։ Յամենայնդէպս կարծում եմ այդ պահին ասելը, չասելուց աւելի լաւ էր։։

Նկատեցի, որ յայտնուել եմ այդ մարդու կողքին, որը պարզուեց շատախօս է։ Մարդը բարձր ձայնով ասաց, “Ուզում էր իրեն քցել, դուխը*** չէր հերիքում”։ Մտածեցի, այս մարդու ձայնը չհասնի տղայի ականջին, այդ մարդու ինադու****, տղան տեղից բաձրանայ ու իրեն ցած քցի, ապացուցելու համար, որ ինքը դուխ ունի, դուխով տղայա։

Ոստիկանութիւնը, ինչպէս տեսաերիզներում, հասաւ վերջում։ Ուզում էին տղային նստեցնել իրենց մեքենայի մէջ։ Տղան չէր գնում։ Հաւանաբար վախենում էր։ Վերջը խօսեցին, համոզեցին, նստեցրին, տարան։ Ներկաներից ոչ մէը չիմացաւ ի՞նչն էր տղայի դրդապատճառը, մերժուա՞ծ սէրը, անգործութիւնը՞, նիւթակա՞ն դժուարութիւնները, մօր կորուստը՞, անբուժելի հիւանդութիւնը՞, թէ այլ բան, չպարզուեց։

Վայրկեաններ յետոյ տեղում ոչ ոք չէր մնացել։

Մարդկանց ջանքերով բարեբախտաբար հնարաւոր եղաւ մի հայ երիտասարդի փրկել ստոյգ մահից։ Տայ Աստուած, որ լուծուեն նրա դժուարութիւնները եւ ոստիկանութիւնը կամ համապատասխան մարմինները ցուցաբերեն անհրաժեշտ օգնութիւն։

Քանի որ խօսքը ինքնասպանութեան մասին է, ասեմ, որ հոգեբանական եւ հասարակագիտական ուսումնասիրութիւններն ապացուցել են, որ .-

1.- Ինքնասպանութիւնը, չափազանց յանդուգն գործ է, այնքան յանդուգն, որ մեղմ ասած, ամէն մարդու բան չէ։
2.- Ինքնասպանութիւն կատարել փորձողների մեծամասնութիւնը, գիտակցաբար կամ ենթագիտակցաբար, չի ուզում դա իրականանայ, այլ ընդամէնն ուզում է իր շրջապատը կամ հասարակութիւնը իրեն ուշադրութիւն դարձնեն։ Դրա համար էլ ինքնասպանութիւն գործողներից շատ աւելի մեծ թիւ վերջին պահին փրկւում է, քան մահանում։

Պինդ մնացէք, որովհետեւ կեանքում դժուարութիւնները կը գան ու կերթան, կամ էլ կը գան ու չեն երթայ, բայց, մեր մէջ մնայ, առանց դժուարութեան կեանքն ու՞մ է պէտք։

Ազգի ղեկավարներն էլ թող իջնեն իրենց ջիփերից, քայլեն փողոցներով, օգտուեն հանրային փոխադրամիջոցներից, շփուեն ժողովրդի հետ ու տեսնեն ինչ է կատարւում։

* Կուրսի ենք։ Տեղեակ ենք, ընթացքի մէջ ենք։
** Պրոբլեմ։ Հարց, խնդիր։
*** Դուխը։ Քաջութիւնը, համարձակութիւնը։
**** Ինադու։

No comments: