Tuesday, May 7, 2024

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

 

Ֆէյսբուքը հեռացրել է 2024 թ. Ապրիլի 23-ի Ջահերով երթից առաջ ունեցած իմ ելոյթը։
 
Կեցցէ՛ խօսքի ազատութիւնը
Կեցցէ՛ ժողովրդավարութիւնը
Կեցցէ՛ հանդուրժողականութիւնը
Կեցցէ՛ մարդու իրաւունքները

Wednesday, May 1, 2024

ԱՓԵՂՑՓԵՂԱԲԱՆՈՒԹԻՒՆ

 Յաճախ մտածել եմ, որ մարդիկ ինչու՞ են խօսում մի բանի մասին, որից տեղեակ չեն։ Ինչու՞ են անկապ ու անհիմն բաներ ասում, մանաւանդ այն ոլորտների մասին, որոնցից ընդհանրապէս տեղեակ չեն։ Ինչու՞ են յիմար-յիմար դուրս տալիս։ Աւելի՛ն, ո՛չ միայն խօսում են, այլ ամենավերջին «ճշմարտութիւնը» գիտեն ու չեն զլանում ասել։ Էլ շինարարութեան մասին, էլ մեքենաների մասին, քաղաքականութեան, երկրի կառավարման, ապահովագրութեան, համակարգիչների, տիեզերքի, ովկիանոսների, այս կամ այն մարդու անձնական կեանքի.... բոլոր ոլորտների մասին։  

Եւ պատահում է, որ մի օր, երբեմն փնտրտուքի հետեւանքով, երբեմն ամենայն պատահականութեամբ, մի գիրք կամ ուսումնասիրութիւն է ընկնում ձեռքդ, որտեղ հեղինակը լաւապէս շարադրել է քեզ հետաքրքրող հարցն ու այդ հարցի պատասխանը։ Դա ինձ պատահեց մի քանի օր առաջ։  Ձեռքս ընկաւ Հարրի Ֆրանկֆորտի «On Bullshit»-ը։ Ամերիկացի փիլիսոփայ Ֆրանկֆորտը 1985 թուականին այդ թեմայով դասախօսութիւն է կարդացել, որը յետոյ, Փրինսթոն համալսարանի պնդմամբ վերածել է գրքի։ Այն, որպէս գիրք, առաջին անգամ հրատարակուել է 2005 թ.։

Մտածեցի Bullshit-ը հայերէնով ի՞նչ թարգմանել։

«Անհեթեթաբանութիւն», «Դատարկաբանութիւն», «Զաւզակախօսութիւն».... Կանգ առայ «Ափեղցփեղ»-ի  վրայ։ Թերեւս աւելի լաւ թարգմանութիւն լինի, չեմ պնդում։

Նկատի պէտք է ունենալ, որ Ֆրանկֆորտը դասախօսութիւնը կարդացել է 1985 թուականին, երբ համացանցը նոր էր ստեղծուել եւ համացանցային ընկերային ցանցեր չկային։ Պատկերացրէք ինչ է վիճակը հիմա, երբ տարատեսակ ցանցերը՝ Ֆէյսբուք, Ինստագրամ, Տիկ Տոկ եւ այլն, ցանկացած մարդու թոյլ են տալիս ցանկացած հարցի մասին յայտնել իր տեսակէտը եւ իհարկէ, քիչ չեն, աւելի՛ն, շատ շատ են ափեղցփեղաբանները եւ ափեղցփեղախօսութիւնները։

 Մանաւանդ, որ այդ ամբողջը համեմւում է «խօսքի ազատութեան», «ժողովրդավարութեան» ու գեղեցիկ փաթեթաւորուած նմանատիպ տարազներով։

Լաւ մնացէք։



Sunday, January 2, 2022

ՉԱՐԵՆՑ ԵՒ ԱՐՄԷՆՈՒՀԻ

 


Անցնող երկու օրերի ընթացքում կարդացի Յովիկ Չարխչեանի «Չարենց եւ Արմէնուհի» աշխատութիւնը։

Առաջին անգամն էր, որ Չարխչեանից գիրք էի կարդում։

Հետաքրքիր էր նիւթը, գրողի լեզուն, բառապաշարն ու ոճը։ Այն նկարագրում է մարդկային ճակատագրեր, ապրումներ, դժուարութիւններ ու դժբախտութիւններ։ 222 էջ է։

Գրքի մասին մի քանի հարց կար, որոնց մասին կուզէի գրել, բայց բաւարարուեմ մէկով։

Գիրքը Չարենցի եւ Արմէնուհու սիրավէպի մասին է, եթէ կարելի է այդպէս ասել։ Արմէնուհի Տիգրանեանը՝ Վարդգէս Ահարոնեանի կինն է եղել։ Երգահան Արմէն Տիգրանեանի քոյրը։ Չարենցը սիրահարւում է Արմէնուհուն, այսինքն ամուսնացած կնոջ։ Եւ այնքան է սիրահետում նրան, որ ի վերջոյ հասնում է յաջողութեան։ Գրքում ոչ մի քննադատական կամ դատապարտումի խօսք չկայ Չարենցի նկատմամբ։ Նոյնը Արմէնուհու։ Բայց բազմաթիւ քննադատական եւ նախատինքի խօսքեր կան Վարդգէսի նկատմամբ, ով փորձում էր «վրէժ» լուծել Չարենցից։

Հարց է առաջանում՝ բարոյական է արդեօ՞ք ամուսնացած կնոջ սիրահետելը, ինչքան էլ որ մարդը բանաստեղծ է, գրող, մտաւորական կամ այլ բան։

Իմ կարծիքով հեղինակը գրքում ցուցաբերել է կողմնակալ մօտեցում, որը հէնց առաջին էջերից երեւում է։ Հեղինակի Չարենցասիրութիւնը պատճառ է դարձել, որ նա անաչառ չլինի։

Ինչքան էլ սէրն ազնիւ բան է, սակայն սահմաններ կան, որն անցնել չի կարելի։

Այդուհանդերձ գիրքն ինձ հաճոյք պատճառեց՝ գրողի բառապաշարի, շարադրանքի եւ ձեւակերպումների պատճառով եւ մղեց մտածելու։

Առաջարկում եմ կարդալ։

Լաւ մնացէք։

 

Thursday, June 11, 2020

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ՄԵՆԱԿ ՉԵՍ, ՄԵՆԱԿ ՉԵՍ...

Դու մենակ չես, մենակ չես, մենակ չես...

Քո նման էլի մարդիկ կան՝ Փաշինեան, ինչպէս վարպետդ՝ Լևոն Տէր-Պետրոսեանը, ովքեր Դաշնակցութեան անունը լսելիս ոչ թէ վախենում, այլ բառի բուն իմաստով սարսռում են։

Դուք մենակ չէք, մենակ չէք, մենակ չէք...

Saturday, April 4, 2020

ՈՒՐԻՇՆԵՐԻ ՓՈՂԵՐԸ ՀԱՇՈՒՈՂՆԵՐԸ


Ձեր շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր առաւօտից գիշեր և գիշերուանից առաւօտ և անշուշտ ամբողջ մի կեանք հաշւում են ուրիշների փողերը՝ այսինչը ինչքա՞ն եկամուտ ունի, ինչքա՞ն աշխատավարձ է ստանում, ստացե՞լ է, թէ՞ ոչ, ինչքա՞ն է տան վարձ տալիս, իսկ տան տէրը այդ տունը ի՞նչ գնով է գնել և այն ժամանակ, որ այդ տունը գնել է՝ դոլարը քանի՞ դրամ արժէր և նրա մեքենան ամիսը քանի՞ լիտր բեզին է վառում և բենզինը որտեղի՞ց է գնում, իսկ բենզին վաճառողը քանի՞ երեխայ ունի, նրա մեծ տղայի կնոջ մօրաքրոջ կատուն ամիսը ինչքա՞ն ծախս ունի, իսկ նա կատուն որտեղի՞ց է գնել և ու՞մ մօտ է բժշկի տանում, իսկ բժիշկը ի՞նչ գնի մակառոն է սիրում և այդ մակառոնը որտեղի՞ց է գնում, իսկ մակառոն վաճառողը ինչքան՞ն փող ունի դրամատանը, և այդ գումարի ինչքա՞նն է աւանդ դրել և ի՞նչ տոկոսով և ... Լսում եմ ու պարզապէս նողկանք ապրում։ 

Մարդու կեանքի առաքելութիւնը ուրիշների փողերը հաշուելը լինի ու մարդկանց գործերին հետևելը...

 Լաւ մնացէք։

Friday, July 6, 2018

ՄՕՐԱՔՈՅՐԸ ՓԱՐԻԶԻՑ


Մի քանի օր առաջ Բոհեմ թատրոնում դիտեցի Նարեկ Դուրեանի Մօրաքոյրը Փարիզից թատերգութիւնը։ 

Թէև իմ կարծիքով սփիւռքահայերի նկատմամբ քննադատութիւնը շատ էր, յատկապէս ամենավերջում, բայց ընդհանուր առմամբ բեմադրութիւնը լաւ էր, հետաքրքիր, վեր էր հանում հայ իրականութեան մէջ առկայ խնդիրներ՝ համեմուած քննադատութիւններով և կատակերգութեամբ։

Ինձ պարգևեց զուարճալի պահեր և խորհելու թեմաներ։

Խորհուրդ կը տամ դիտել։
 

Լաւ մնացէք։