Մեր փողոցում մի մարդ կայ։ Երբ տնից դուրս գաս՝ իրեն կը տեսնես։ Գրեթէ միշտ փողոցում է։ Մեքենան է մաքրում։ Եղանակը կապ չունի։ Արեւ լինի, թէ ձիւն կամ անձրեւ՝ մաքրում է, երբեմն օրը երկու-երեք անգամ։ Մեքենայ շատ է սիրում։ Մի քանի անգամ հետը զրոյցի եմ բռնուել։ Աւելի ճիշտ՝ ինքն է ինձ հետ զրոյցի բռնուել։
- Մեքենադ ո՞ր տարուայ է։
- Մեքենադ չես փոխու՞մ։
- Ֆառերը (ճրագները) մգացել են, տուր մաքրելու։
- Շիթը տուր ներկեն, ճաքճքել է։
Եւ նման բաներ։ Խօսակցութեան նիւթը մեքենան է։ Աշխատանքն ի՞նչ է՝ չգիտեմ, չեմ հարցրել, բայց կարծում եմ չի աշխատում, որովհետեւ գրեթէ յաճախ փողոցում է։ Ի դէպ, առնուազն նման երեք մարդ կայ մեր փողոցում։ Իսկ, որպէսզի չմտածէք այդ երեւոյթը իւրայատուկ է մեր փողոցին՝ ասեմ, որ Երեւանի որ փողոցն ու բակը մտնէք՝ այդպիսի գոնէ մի երկու մարդ կը գտնէք։
Վերջերս փորձում եմ ինձ հետաքրքրող հարցերին մեր փողոցի այդ մադրու տեսանկիւնից նայել։ Օրինակ, ԱԺ ընտրութիւններ են եւ իմ կարծիքով ընտրութիւններին մասնակցող քաղաքական ուժերը անպայման պիտի պլատֆորմ ունենան, ծրագիր ունենան եւ դրանք ժողովրդին ներկայացնեն։ Ուրեմն պիտի աշխատեն այդ պլատֆորմն ու ծրագիրը գրելու վրայ, որպէսզի մարդիկ կարդան ու կողմնորոշուեն։
Մարդը մեքենան է մաքրում, ոչ պլատֆորմ է գրում, ոչ էլ կարդում։ Թէեւ չեմ հարցրել, բայց մի քանի անգամուայ խօսակցութեանս տպաւորութիւնն այն է, որ հազիւ դպրոցն է աւարտել, եթէ իհարկէ աւարտել է։
Մտածում եմ՝ քաղաքական ուժերը պիտի անվտանգութեան, առողջապահութեան, գիւղատնտեսութեան, ներքին ու արտաքին քաղաքականութեան, կրթութեան, սփիւռքի հետ փոխյարաբերութիւնների ռազմավարութեան եւ հազար ու մի այլ բանի համար ծրագիր ունենան։ Ինչպէ՞ս են պատկերացնում երկրի ապագան։ Ժողովուրդը դա պիտի իմանայ։ Մեզ այդպէս են ասել։
Մարդը մեքենան է մաքրում։ Եթէ խնդրեմ՝ համարս լաւ մեքենայ կը գտնի։ Ճիշտ է ասում՝ մեքենաս հնացել է, արդէն 14 տարուայ է։ Բայց ինչ անեմ՝ իմ տնտեսութիւնը, հակառակ երկրի տնտեսութեան, օրէցօր յետ է գնում։
Ընտրութիւններին, որպէս չափահաս մարդ՝ ես մէկ քուէ ունեմ։ Մեր փողոցի այն մարդն էլ, որպէս չափահաս մարդ, մէկ քուէ։ Փաստօրէն ես որոշում եմ իր ճակատագիրը։ Ինքն էլ՝ իմը։
Մի երկու օր առաջ մտածեցի մեր փողոցի այն մարդու հետ զրոյցի բռնուել, տեսնեմ ընտրութիւնների մասին ինչ է մտածում։ Բարեւեցի։ Կարծում եմ աւելորդ է ասել՝ սկսեցինք խօսել մեքենայից։ Յետոյ ասացի՝ երկրի վիճակը լաւ չի։ Պատասխանեց՝ հա, գիտեմ, այսինչը կը փրկի։ Հարցրեցի՝ վստա՞հ ես։ Պատասխանեց՝ այո, այո, վստահ եմ, այն տարի ես այնինչին քուէ տուեցի՝ չընտրուեց, ափսոս, ընտրուէր՝ կը փրկէր։ Դրանից յետոյ՝ այնինչին, բայց աւերեց։ Այս մէկը կը փրկի, դու էլ զգոյշ եղիր քեզ չխաբեն։ Ասացի, բայց դու ես ասում այնինչին քուէ տուեցիր, աւերեց, ուրեմն խաբեց։ Պատասխանեց՝ հա, ստախօսի ...(գրելու չէ)....... մէկը դուրս եկաւ, բայց այս մէկը նրա նման չտես չի։ Հարցրեցի՝ դու նրա ծրագրերից տեղեա՞կ ես (վատ զգացի պլատֆորմ բառը գործածել)։ Ասաց՝ դրանք սուտ բաներ են, մարդս մարդ լինի, որ ասում եմ զգոյշ եղիր քեզ չխաբեն։
Ցտեսութիւն ասացի եւ մտքերի մէջ ընկած շարժուեցի դէպի տուն։ Մէկ մտածում եմ՝ գնալ, քաղաքական ուժերի պլատֆորմերն ու ծրագրերը կարդալ։ Մէկ էլ մտածում եմ՝ բայց ինչու՞ կարդալ, եթէ տրամաբանութիւնը՝ մարդս մարդ լինի-ն է։ Կարդա՞լ, թէ՞ չկարդալ։ Մա՞րդ են, թէ՞ մարդ չեն։ Ինչպէ՞ս իմանամ՝ ով է մարդ, ով մարդ չի։ Երանի չհարցնէի՝ աւելի խճճուեցի...
