Tuesday, October 25, 2011

"ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՍՓԻՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՆԵՐՈՒԺԸ"

Սա էլ "ՀԵՏՔ"-ում Հոկտեմբերի 20-ին հրատարակուած յօդուածս ամբողջութեամբ.-

Յաճախ եմ առիթ ունենում վերանկախացումից յետոյ Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայ ընկերներիս հետ քննարկելու Հայաստանի, եւ որպէս ծնունդով իրանահայեր, նաեւ Իրանի հայ համայնքի ու Սփիւռքի խնդիրները։

Եւ խօսակցութիւնը ինչի մասին էլ լինի կամայ-ակամայ յաճախ այն հասնում է գաղթին, արտագաղթին ու ներգաղթին։ Այսինչը գնաց Ամերիկա, այնինչը Հայաստան է եկել, միւսը մտածում է ինչ անել՝ մնալ թէ գնալ։

Թէեւ վիճակագրական տուեալներ չունեմ (կամ աւելի ճիշտ փնտրել ու չեմ գտել) բայց կարծում եմ անվիճելի է, որ վերանկախացումից յետոյ արտերկրի հայ համայնքների համեմատութեամբ աւելի շատ իրանահայեր են Հայաստանում կայք հաստատել, քան այլ համայնքների անդամներ։

Եւ այս բազմաթիւ իրանահայերի մէջ (եւ չեմ կասկածում Սփիւռքի այլ համայնքներից Հայաստանում հաստատուած հայերի մէջ) քիչ չեն ուսուցիչները, համայնքային կեանքում պատասխանատւութիւն ունեցած անձինք, կառավարիչները (manager), մանկավարժները, արուեստի գործիչները եւ այլք։

"Սփիւռքի ներուժը պիտի օգտագործել"։ Լսում ենք այս նախադասութիւնն ու ընկերական շրջանակում ինքներս մեզ հարց տալիս՝ Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայերի ներուժի քանի՞ տոկոսն է օգտագործում Հայաստանը։ Ի՞նչ է լինում եւ ինչի՞ն է ծառայում այս մարդկանց գիտելիքը, փորձառութիւնը, կարողութիւնները։

Հարցը այլ կերպ ձեւակերպեմ։ Հայաստան ներգաղթած սփիւռքահայերը ինչո՞վ են օգտակար լինում հայրենիքին։ Պատասխան՝ նիւթապէս, եթէ ի հարկէ իրենց հետ բերում են որոշակի գումար ասենք բնակարան գնելու կամ մի ինչ որ աշխատանք (buisness) սկսելու համար եւ քանակապէս, այսինքն աւելացնելով Հայաստանի բնակչութեան թիւը։ Ուրի՞շ։

Ազգային կեանքով ապրող ու մտահոգ այս մարդկանցից շատերի մօտ նկատում եմ հիասթափութեան հասնող փնտրտուք։ “Արդե՞օք մեր համայնքներում աւելի շատ օգտակար չէինք հայութեան,” հարց են տալիս նրանք իրենք իրենց։ Եւ այդ փնտրտուքի մէջ, երբ մանաւանդ անընդհատ խօսւում է Սփիւռքի վերակազմակերպման մասին, այդ հարցադրումը աւելի է շեշտ ստանում։

Նայում եմ պետական համակարգին՝ Կրթութեան ու գիտութեան նախարարութիւնից սկսած մինչեւ Սփիւռքի նախարարութիւն, Մշակոյթի նախարարութիւն, Գիւղատնտեսութեան նախարարութիւն, միւս նախարարութիւնները, Ազգային Ժողով, Քաղաքապետարան, նոյնիսկ տեղական ինքնակառավարման մարմիններ եւ չեմ գտնում Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայեր, որոնք ներգրաւուած են այդ համակարգերում։

Կրկնում եմ խօսքս այն մարդկանց մասին է, ովքեր կարող են տուեալ ոլորտներում օգտակար լինել, սակայն ցաւօք ներգրաւուած չեն (եթէ կան, ապա մատահաշիւ)։ Ի հարկէ չհաշուած այն մեծահարուստ գործարարները, որոնք նշանակւում են այս կամ այն պաշտօնեայի խորհրդական առանց ընտանեօք Հայաստանում կայք հաստատած լինելու կամ առնուազն Սփիւռքի համայնքային կեանքում ներդրում ունեցած լինելու պայմաններում։ Հաւանաբար այդ մեծահարուստ գործարարների բարեգործութիւնները լրացնում են այդ բացերը։

Հարցը արժանի է քննարկման երկու առումով։ Առաջին, որ իրօք կարելի է օգտագործել բանատեղեակ մարդկանց գիտելիքն ու փորձառութիւնը պետական համակարգում եւ երկրորդ՝ Հայաստան-Սփիւռք փոխ-գործակցութեան տեսանկիւնից։

Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայերի կազմակերպումն ու նրանց ներուժի ճիշտ օգտագործումը կարող է օրինակներից մէկը լինել Հայաստան-Սփիւռք փոխգործակցութեան, որն իր հերթին ի շարս այլ բաների, կարող է նպաստել աւելի կազմակերպուած ներգաղթ իրականացնելու գործին։

Խօսքը բացարձակապէս այս կամ այն նախարարութեան կողմից սփիւռքահայերի հետ մէկ-երկու հանդիպում կազմակերպելու եւ նրանց տեսակէտներն ու ցաւերը լսելու մասին չէ։ Խօսքը պետական համակարգում նրանց ներգրաւուածութեան մասին է։

Ո՞վ կամ ո՞ր մարմինն է հետաքրքրուած կամ պատասխանատու Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայերի ճակատագրով ու նրանց ներուժի օգտագործմամբ։

Thursday, October 20, 2011

"ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՍՓԻՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՆԵՐՈՒԺԸ"

"ՀԵՏՔ"-ում այսօր հրատարակուած "Հայրենադարձ սփիւռքահայերի ներուժը" վերնագրով յօդուածս կարող էք կարդալ այստեղ։

Լաւ մնացէք։

Friday, October 7, 2011

FACEBOOK

Մնա՞լ Facebook-ի մէջ թէ՞ դուրս գալ Facebook-ից։

Այս հարցի մասին մտածում եմ արդէն որոշ ժամանակ։

Այն որ Facebook-ը լայն հնարաւորութիւններ է ընձեռում տեղեկանալու ընկերներիդ, ծանօթներիդ, ինչպէս նաեւ շրջապատիդ եւ աշխարհի մասին, անվիճելի է։

Բայց այն որ Facebook-ում, քո կամքից անկախ, դրւում են քո լուսանկարները կամ գրւում են տեղեկութիւններ քո մասին, որոնք տարբեր պատճառներով, օրինակ որովհետեւ  վերաբերում են քո անձնական կեանքին, ու պէտք չէ յայտնուեն կամ դու չես ուզում որ յայտնուեն Facebook-ում, դա էլ անվիճելի է։

Բերեմ մի երկու օրինակ։

Արտերկրից Հայաստան ժամանած մի քանի երիտասարդների հետ հանդիպում ունէի։ Հանդիպման ընթացքում երիտասարդներից մէկը իր բջջային հեռախօսով նկարեց մեզ։ Հանդիպումն աւարտուեց։ Տուն գնացի։ Միացրի համակարգիչս ու բացեցի Facebook-ը։ Ի՞նչ տեսնեմ։ Հանդիպման նկարը տեղադրուած է Facebook-ում։ Հանդիպման աւարտից մինչեւ իմ տուն հասնելն ու Facebook մտնելը տեւել էր մէկ ժամից աւելի պակաս։

Ուրախացայ, որովհետեւ տեսայ թէ արդի միջոցները ինչ հնարաւորութիւններ են ընձեռում հանրութեան հետ արագ կապ հաստատելու տեսանկիւնից։

Մտահոգուեցի, որովհետեւ ենթադրենք ես համաձայն չէի, որ այդ հանդիպման իմ նկարը տեղադրուէր Facebook-ում։ Բայց այն արդէն տեղադրուած է։

Ընկերներով գնում էք քաղաքից դուրս հանգստանալու։ Նստում էք մի ծառի տակ։ Ուտում, խմում էք։ 10 րոպէ ձեր աչքերդ փակում էք՝ քնելու։ Նկարդ յայտնւում է Facebook-ում։ Եւ աշխարհը տեղեկանում է, որ դու այնինչ ծառի տակ քնել ես։ Բայց ո՞վ ձեզ հարցրեց, որ այդ նկարը տեղադրեմ Facebook-ում թէ ոչ։ Ու՞մ կամ քնիսի՞ օձիքը բռնել։

Facebook-ը լա՞ւ բան է թէ՞ վատ բան։
Մնա՞լ Facebook-ի մէջ թէ՞ դուրս գալ։

Մտածում եմ։

Լաւ մնացէք։

Monday, October 3, 2011